Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, և ուղղակի մտքեր են. Գրիգոր Մինասյան

Մարտ 23,2023 14:47

Կետ առ կետ կարող եմ արձանագրել, որ Դատավորների միության հայտարարությունն անհիմն է, և ուղղակի մտքեր են, որոնց պատշաճ ընթացակարգերով հնարավորություն չկա արձագանքելու: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը:

Նրա խոսքով, եթե դատավորը խախտում է անում, կարգապահական վարույթ է հարուցվում, այնուհետև ԲԴԽ-ն՝ սահմանադրական լիազորությունների շրջանակում պատասխանատվության է ենթարկում դատավորին:

Լրագրողի դիտարկմանն ի պատասխան, թե ԲԴԽ-ն ընտրողաբար է մոտենում դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Մինասյանն ասաց. «Ծանրաբեռնվածությունը մեր որոշ գործընկերներ, ոչ մասնագետներ լավ չեն պատկերացնում ինչ է: Մենք նայում ենք, եթե նույն դատավորը նույն ծանրաբեռնվածության շրջանակներում, օրինակ՝ 9 գործ շատ պատշաճ ժամկետում հասցնում ու քննում է, բայց մեկ գործով ձգձգում է, և կոնկրետ իրավունք է ոտնահարվում, այստեղ հարց է առաջանում՝ ծանրաբեռնվածության շրջանակներում ինչու է այս կամ այն գործը քննվում, իսկ մեկը թողնվում դարակներում: Այդ ծանրաբեռնվածությունը մատի փաթաթան սարքել պետք չի: Կոնկրետ գործերով, պատշաճ իրականացվում է»:

Երբ լրագրողը հիշեցրեց շրջանառվող կարծիքը, թե լինելով Կարեն Անդրեասյանի մտերիմ ընկերներ, միասին ունենալով անձնական ու ընդհանուր գույքային, ֆինանսական շահեր, ձեռնամուխ են եղել դատավորների լիազորությունները դադարեցնելուն՝ Մինասյանն ասաց. «Մեր քաղաքացիները 30 տարի դատական համակարգից դժգոհ են եղել: Մեր արդարադատության ոլորտն այն մակարդակի չէ, որով մենք կարող ենք ուրախանալ կամ հպարտանալ: Այն բոլոր ռեֆորմները՝ թե՛ օրենսդրական, թե՛ վեթինգի մեթոդոլոգիան կիրառում ենք միայն այն դեպքում, եթե կա դժգոհ քաղաքացի, խախտված մարդու իրավունք կամ Դատական օրենսգրքով սահմանված հոդվածների խախտում, դրա հիման վրա ենք առաջ տանում մեր գործերը: Ունենք ՄԻԵԴ-ի որոշումներ, որտեղ կոնկրետ գրված է դատավորի անուն-ազգանուն, որ այդ դատավորը խախտում է արել և բացարձակ հայտնի չէ, թե այդ դատավորը քաղաքական ինչ դիրքորոշում ունի»:

Թե անձամբ ինքը ի՞նչ կարծիք ունի դատավոր Մնացական Մարտիրոսյանի մասին, որպես գործադիր մարմնի ներկայացուցիչ՝ Արդարադատության նախարարը խուսափեց բացահայտել, միայն ասաց, որր իրավական համայնքում որպես մասնագետ նա շատ հարգված է:

Անդրադառնալով գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին ՄԻՊ թեկնածու առաջադրելու ՔՊ-ի որոշմանը՝ Գրիգոր Մինասյանն ասաց. «Տիկին Մանասյանը բարձր մասնագիտական գիտելիքներ ունեցող անձնավորություն է, երևի դժվար գտնվի որևէ իրավաբան, որը չի առնչվել և չգիտի՝ ինչ բարձր մակարդակի իրավաբան է: Երկար տևեց ՄԻՊ-ի թեկնածուի առաջադրումը, որովհետև մի մարդու կողմից չի որոշում կայացվում, դա ժողովրդավարական գործընթացով է անցնում, քննարկվում է: Կա օրենքով սահմանված ժամկետը, որը չի խախտվել: Այդ բարդ փնտրտուքները ապացուցում են, թե ինչքան են պրոցեսներն առողջ»:

Հարցին, թե ինչպե՞ս է այժմ դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Մանասյանը ՄԻՊ դառնալուց հետո պաշտպանելու մեկի իրավունքները, որը, օրինակ, կասի, թե ՀՀ գլխավոր դատախազի կողմից են խախտվել իր իրավունքները, անձնական կապերը չե՞ն խանգարի` նախարարը պատասխանեց, թե այդ կապերն այս դեպքում չեն խանգարի. «Նախ` Մանասյանը մի քանի ամիս է, ինչ աշխատում է որպես դատախազի տեղակալ և համակարգել է միջազգային համագործակցության բլոկը։ Եվ հետո, եթե մարդը նորմալ աշխատում է և պրոֆեսիոնալ է, երբեք իր լիազորությունների շրջանակից դուրս չի գա»։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031