Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքով մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամ»․ Արցախի ՄԻՊ

Մարտ 23,2023 14:28

Արցախի հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այս օրերին Արգենտինայում է՝ մասնակցելու մարդու իրավունքների համաշխարհային երրորդ համաժողովին, որի շրջանակում հնարավորություն է ունեցել ներկայացնելու Արցախի իրավիճակը, Արցախի ժողովրդի հանդեպ Ադրբեջանի ամենօրյա էթնիկ զտման ու ցեղասպանության քաղաքականությունը, գոյաբանական բոլոր սպառնալիքները, իրավունքների եւ ազատությունների խախտումները։

«Գուցե այդ խողովակն օգտակար լինի՝ բարձրացնելու համար միջազգային իրազեկվածությունը եւ ստանալու միջազգային հարթակներում գործող կազմակերպությունների, անհատների աջակցությունը»,-Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 100 օրվա առիթով հրավիրված առցանց մամուլի ասուլիսի ժամանակ այսօր հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։

Նա տեղեկացրեց, որ շրջափակման ընթացքում կազմած զեկույցներն ուղարկել է միջազգային կառույցներին եւ այն դիվանագետներին, որոնք կարող են օգտագործել դրանք՝ ներկայացնելու համար իրավիճակը․ «Հարյուր օրվա տվյալներով՝ մարդու անհատական իրավունքների վերաբերյալ յոթ, եւ հավաքական իրավունքների խախտումների չորս տվյալներ են գրանցվել։ Անհատական իրավունքներից առանձնացնեմ ազատ տեղաշարժի իրավունքի խախտումը։ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու փակմամբ Ադրբեջանը լրջագույն խնդիրներ առաջացրեց մեր բնակիչների համար։ Ադրբեջանը տարբեր տվյալներ է փորձում հրամցնել միջազգային հանրությանը՝ ցույց տալու համար, թե իբր ճանապարհն արգելափակված չէ, մինչդեռ զեկույցի տվյալները հակառակն են ասում․ Լաչինի միջանցքն արգելափակված է «բնապահպանների» կողմից։ Եթե մինչեւ շրջափակումն օրական այդ ճանապարհով երթեւեկում էր մոտ 2450 մարդ, ապա շրջափակման ընթացքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ՌԴ խաղաղապահների օգնությամբ երկկողմանի տեղափոխվել է 1376 մարդ։ Այսինքն, մարդկանց երկկողմանի տեղաշարժի դեպքերը նվազել են շուրջ 178 անգամ»։

Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ մոտ 43 անգամ նվազել է մեքենաների երկկողմանի մուտքը․ «Շրջափակման ընթացքում կասեցվել է արտահանումը։ Ավելի քան 20 000 տոննա ապրանք չի արտահանվել Արցախից։ Ընդհանուր մոտ 3900 անձինք, այդ թվում 570 երեխա, չեն կարողացել տուն վերադառնալ։ Շրջափակումն անդառնալի հետեւանքներ է ունենում մարդկանց ֆիզիկական-հոգեկան առողջության վրա։ Պլանավորված վիրահատությունները դադարեցվել են, դեղորայքը սպառվել է, պլանային բուժումներն ընդհատվել են։ Միայն ծայրահեղ ծանր դեպքերի ժամանակ է, որ Կարմիր խաչի բանակցությունների արդյունքում հիվանդներին հնարավոր է լինում տեղափոխել ՀՀ»։

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031