Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Մարդն աշխարհի համար բարձրագույն արժեք է, մարդը, բայց թվում է, թե՝ ոչ Արցախում ապրող մարդը». Գուրգեն Ներսիսյան

Մարտ 23,2023 14:16

«102 օր է` Արցախի ժողովուրդը գերության մեջ է: Փակ է Արցախը ՀՀ-ի կապող միակ ճանապարհը և արտաքին աշխարհի հետ հաղորդակցման միակ ճանապարհը: Դա լոկ ճանապարհ չէ, այն ունի բազմակի նշանակություն, քանզի դրանից են ծնվում մարդու կյանքն ու անվտանգությունը, նվազագույն կենսաապահովման պայմանները և ազատության տարրական զգացումը»,- Արցախի շրջափակման 100-րդ օրվա կապակցությամբ հայկական ու միջազգային լրատվամիջոցների համար կազմակերպված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նշեց՝ այժմ խոսում է պարզագույն իրավունքների մասին, որոնք ունեն դարերի ծագում ու պատմություն և փաստեց. «Բայց մենք դրա համար տառապանք ենք կրում: Սա տեղի է ունենում 21-րդ դարում, երբ աշխարհում փորձ է արվում ազատականացնել սահմանները, երբ բոլոր պետությունները ձեռնարկում են միջոցներ իրենց քաղաքացիների համար աշխարհը տեսնելու և հարաբերվելու համար, և մարդու կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու համար հասանելի են դարձնում բոլոր բուժհաստատությունները՝ անկախ դրանց գտնվելու վայրից: Սա, իհարկե, նորմալ է, քանի որ մարդն աշխարհի համար բարձրագույն արժեք է, մարդը, բայց թվում է, թե ոչ Արցախում ապրող մարդը: Հանկարծ տպավորություն չստեղծվի՝ ինչ-որ բան ենք պահանջում, մենք առհասարակ այս իրողությունների հետ ապրում ենք տևական տարիներ, և երբևէ աշխարհից չենք աղերսել, չենք պահանջել ավելին: Ընդամենը փորձել ենք բավարարվել մեր տարրական մարդկային իրավունքներով, հույսով՝ մի օր աշխարհի համար Արցախում ապրող մարդը բացառություն չի լինի»:

Ըստ ԱՀ պետնախարարի՝ ճանապարհի փակումը Ադրբեջանի կողմից իրականացվող համակարգային գործողությունների մի տարրն է: Նա պարզաբանեց. «Իրականում Ադրբեջանը հետապնդում է մի քանի նպատակ՝ տնտեսական շրջափակում և Արցախի կենսագործունեության բնական պայմանների վերացում: Դա տեղի է ունենում էներգամատակարարման և գազամատակարարման պարբերաբար դադարեցումների խափանումների, ներքին ու արտաքին կապի, հեռավար կապի խոչընդոտներով, Արցախ ներկրվող ապրանքների մատակարարման դադարեցմամբ, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտմամբ: Երկրորդր՝ ֆիզիկական և հոգեբանական ուժի կիրառումն է և ուժի կիրառման սպառնալիքի ցուցադրումը: Երրորդը՝ արցախցիներին հոգեբանական ահաբեկման ենթարկելն է, վախի ու սարսափի մթնոլորտ ստեղծելը, անիշխանության և անորոշության վիճակ ստեղծելը»:

Գուրգեն Ներսիսյանն ահազանգեց՝ Արցախը Ադրբեջանին պետք է առանց հայերի՝ առավելագույնը քիչ թվով հայերով: Դրա համար փորձում են ձեռնարկել բոլոր միջոցները Արցախը հայաթափելու նպատակով:

ԱՀ պետնախարարն ասաց, որ վնաս է կրել գյուղատնտեսությունը, կրթական, ֆինանսական համակարգը և այլ ոլորտներ. «Միայն տեղական հարկային եկամուտները կրճատվել են մոտ 70 տոկոսով, առկա է գործազրկության մեծ ցուցանիշ, վնաս է հասցվել ՀՆԱ-ին: Միայն Արցախում գործող տնտեսվարող սուբյեկտների 20 տոկոսը դադարեցրել է գործունեությունը, մյուսները մի կերպ պետական աջակցությամբ փորձում են իրենց գործունեությունը պահպանել»:

Դիմելով միջազգային հանրությանը՝ Գուրգեն Ներսիսյանն ասաց. «Ձեր աչքի առաջ գրեթե շուրջօրյա տեղի են ունենում մարդու պարզագույն իրավունքների ոտնահարման բացահայտ փորձեր, բայց միջազգային հանրությունը շարունակում է լուռ մնալ: Դրա համար էլ Ադրբեջանն ավելի է ուժեղացնում իր ագրեսիվ քաղաքականությունը: Երեք ամիս շարունակ ոչ միայն առարկայացված չի քննադատությունը միջազգային հանրության կողմից, այլև ցուցաբերված անգործությունից և պասիվությունից օգտվելով՝ նույնիսկ ավելի սաստկացած իր գործողությունները կատարելով՝ Ադրբեջանը սպանեց ԱՀ ոստիկանության ծառայողներին, ու այդ ամենից հետո մնաց անատիժ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031