Մշակվել է մի նախագիծ, որով փորձ է արվել սահմանել թե՛ քաղաքացիների համար անհատական խթաններ՝ սովորելու համար պետության համար գերակա ուղղություններով և մասնագիտություններով, թե՛ ստեղծել մի շրջանակ, որը նպաստելու է հայաստանյան բուհերի միջազգային վարկանիշավորման համակարգերում դիրքերի բարելավմանը: Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
Մասնավորապես, նախագծով բուհերի և համապատասխան մասնագիտությունների ընտրության համար հիմք են հանդիսացել միջազգային վարկանիշային աղյուսակներում դիրքավորված լինելու հանգամանքը և համալսարանի հետազոտության որակն ըստ ցուցանիշների, մասնավորապես՝ ֆակուլտետների նշումով վերջին 5 տարիների ընթացքում համալսարանի կողմից տպագրված հոդվածում ակադեմիական մեջբերումների ընդհանուր թիվը:
«Այս պահին փաստացի ցանկում ընդգրկվել է 5 բուհ՝ ԵՊՀ-ն, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական սլավոնական համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը և Ֆրանսիական համալսարանը, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով: Չենք դիտարկել ինֆորմատիկա և ՏՏ ոլորտի մասնագիտությունները՝ հաշվի առնելով այս ուղղություններով դիմորդների և դիմելիության մեծ թիվը»,- ասաց նախարարը:
Նախագծով սահմանված բուհերի համապատասխան մասնագիտություններով 2023-2024 ուստարվա համար նախատեսված են պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ կամ անվճար կոչված շուրջ 200 ընդունելության տեղեր:
Կարդացեք նաև
Անդրեասյանի խոսքով, վերջին տարիներին այս ուղղություններով ընդունվողների 70 տոկոսը արական սեռի քաղաքացիներ են եղել, այս որոշումը կարող է վերաբերել շուրջ 140 քաղաքացու, որոնք կարող են հավակնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման:
Կառավարությունը միաձայն ընդունեց ԲՏՃՄ (բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը, պայմանները և բուհերի ու մասնագիտությունների ցանկը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ