ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը լուրջ մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող ռազմական օգնության կապակցությամբ: «Արմենպրես»–ի փոխանցմամբ՝ Մենենդեսն իր վրդովմունքն արտահայտել է հանձնաժողովում լսումների ժամանակ, որտեղ որպես պատասխանող կողմ հանդես էր գալիս ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:
«Վերջին տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը նվաճում Հայաստանի տարածքները, սննդի անվտանգության ճգնաժամ ստեղծում Լեռնային Ղարաբաղում շարունակվող շրջափակմամբ… Վերջին 5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը հրահրում պատերազմ, որի հետևանքով 6500 մարդ է զոհվել, Ղարաբաղի գրեթե 100 հազար հայ տեղահանվել է իրենց տներից: Ես մտահոգված եմ Ալիևի վարչակարգին օգնության տրամադրմամբ», – ասաց Մենենդեսը:
Նա արձանագրեց, որ պետքարտուղարությունը 700 հազար ԱՄՆ դոլար է խնդրել ադրբեջանցի զինվորականների միջազգային զինվորական կրթության և վերապատրաստման համար:
«Կարո՞ղ եք բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչու ենք մենք ցանկանում զինվորական կրթություն և վերապատրաստում տրամադրել ագրեսոր պետությանը, որը հարձակվում է իր հարևանի վրա և ոտնահարում (խմբ.` այդ երկրի) քաղաքացիների իրավունքները», – հարց ուղղեց Բլինքենին Մենենդեսը:
Կարդացեք նաև
«Դրա համար կան պրակտիկ պատճառներ, որոնցից մեկն է՝ ամրապնդել նրանց ուժերի, մեր ուժերի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործակցությունը. նրանք զբաղվում են խաղաղապահ գործունեությամբ: Նրանք Իրանի հետ ունեն երկար սահման, որը պաշտպանության կարիք ունի: Բայց նաև մենք կարծում ենք, որ իսկապես օգտակար է մեծացնել նրանց որոշ սպաների արևմտյան կրթությունը, գուցե՝ կողմնորոշումը», – ասաց Բլինքենը:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: