Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ասաց՝ այն, որ նոր զոհ ունենք, նշանակում է, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական նկրտումները. «Մանավանդ այս օրերին իրենց տոնն են տոնում ու ուզում են վատ բան անեն հայերի նկատմամբ»:
Անդրադառնալով ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի հարցով ՍԴ դիմելու ԱԺ որոշման նախագծին, «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ ՔՊ-ն Սաֆարյանին շատ ծանր դրության մեջ դրեց, իրականում ճիշտ կլիներ, որ ՍԴ-ն ինքը որոշում կայացներ:
Թե ինչու ընդդիմադիրները չեն մասնակցում ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Որովհետեւ, երբ հարցադրումներ են հնչում, Փաշինյանը ոչ մի պատասխան չի տալիս: Նույնիսկ պետական գաղտնիք է հրապարակում, մեր պետությանը վնասող հայտարարություններ անում: Իհարկե, սա չի նշանակում, որ միշտ այս վարքագիծը պետք է լինի: Իրենք պետք է դաս առնեն, որ կառավարության հետ հարցուպատասխանը, ըստ էության հարցերի պատասխան տալն է, այլ ոչ թե հիստերիկանալ, ապատեղեկատվություն հրապարակել, ամեն ինչ բարդել նախկինների վրա, քանի որ ԱԺ ղեկավարությունն էլ իրենցն է, չարաշահում են ժամանակը, ձայնից զրկելու կամ ձայն տալու կանոնները: Իրենք փորձում են հանրության մեջ ահաբեկչական միջավայր ստեղծել, որեւէ պատասխանատու վարքագիծ չտեսանք մենք: Դուք էլ եք ականատես լինում սկսած ոչ վայել պահվածքից, վերջացրած անվտանգությանը սպառնացող հայտարարություն անելով: Ի՞նչ անենք, շարունակենք այդ շանսը իրենց տա՞լ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ