Ադրբեջանի ղեկավարի մարտի 18-ի ելույթից կարելի է մեկ հիմնական ուղերձ դուրս բերել, նա բացահայտ բառացի ասաց, թե Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և համաձայնի Ադրբեջանի պայմաններով դելիմիտացիա իրականացնել, հակառակ դեպքում ոչ մի խաղաղության պայմանագիր չի լինելու։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը:
«Սա այլ կերպ, քան ագրեսիայի ակտ ՀՀ–ի նկատմամբ, և բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կոպիտ ոտնահարում, դժվար է որակել»,–ասաց Փաշինյանը` հիշեցնելով Պրահայում և Սոչիում ընդունված հայտարարությունները։ Մեկ այլ մեջբերում էլ Փաշինյանն արեց Սոչիում կնքված նմանատիպ մի հայտարարությունից, որով պայմանավորվել են զերծ մնալ ուժի կիրառումից:
Նրա խոսքով` այդ հայտարարություններից հետո, որն ուղիղ արձանագրում է այն հանգամանքի, որ խորհրդային հանրապետությունների սահմանները վերածվել են պետական սահմանների, Ադրբեջանը խոսում է պատմական քարտեզներով դելիմիտացիա անելու մասին, «որը բացարձակապես անընդունելի է, քանի որ հակասում է գրավոր պայմանավորվածություններին»։
Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պայմանավորվածությունները խախտելու Ադրբեջանի գործելակերպն է պատճառը, որ հայկական կողմը շարունակում է պնդել, որ թե՛ Հայաստան–Ադրբեջան խաղաղության պայմանագրի, թե՛ ԼՂ ժողովրդի անվտանգության հարցով Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման համար հուսալի միջազգային մեխանիզմներ են հարկավոր։
Կարդացեք նաև
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումներն Ադրբեջանի կողմից նան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների:
«Նման մի հրեշավոր սադրանք տեղի է ունեցել երեկ, երբ ադրբեջանական կողմը նպատակային, դիպուկահար կրակոցով սպանել է ՀՀ ԶՈՒ զինծառայող Արշակ Սարգսյանին:
Ցավակցություն հայտնելով զոհված զինծառայողի ծնողներին, հարազատներին, միջազգային հանրության ուշադրությունն եմ հրավիրում այն ակնհայտ փաստի վրա, որ Ադրբեջանը իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա: Սա ավելի է հիմնավորվում Ադրբեջանի պետական մակարդակով վարվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» անհեթեթ խոսույթով, որը Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգության բացահայտ ակտ է:
Իսկ ընդհանուր առմամբ, այս խոսույթը ևս մեկ անգամ ի ցույց է դնում, որ մեր կառավարությունը հենց սկզբից ճիշտ է ընթերցել Ադրբեջանի ուղերձները և այս շարունակական, Հայաստանի գոյության իրավունքը կասկածի տակ դնող քաղաքականությունն ու խոսույթն է ԼՂ հակամարտության չկարգավորման պատճառը»,-ասաց նա:
Փաշինյանի խոսքով, Ադրբեջանը հիմա էլ նոր մեղադրանք է մոգոնել ընդդեմ Հայաստանի, թե Հայաստանը մոնոէթնիկ երկիր է և Հայաստանում իբր ազգային փոքրամասնություններ չկան. «Նախ նման ձեւակերպումները ՀՀ ներքին գործերին կոպիտ միջամտություն է, և Հայաստանում ոչ միայն կան ազգային փոքրամասնություններ, այլև նրան մանդատներ ունեն ՀՀ ԱԺ-ում և դա երաշխավորված է Սահմանադրությամբ:
Եթե սա միջամտություն չէ երկրի ներքին գործերին, ուրեմն արձանագրենք, որ Ադրբեջանում ոչ միայն մամուլի, ընդդիմության, այլև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ հետապնդումները կրում են համակարգային բնույթ: Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների շահերը պաշտպանող լիդերների սպանությունների, բանտարկությունների մասին նյութերով հեղեղված է միջազգային մամուլը:
Ընդ որում` շատ դեպքերի մասին պատմում են ականատեսները, խոշտանգումների, հետապնդումների ենթարկված ակտիվիստները կամ սպանված ակտիվիստների ընտանիքների անդամները: Ադրբեջանը գուցե բարի կամք դրսեւորի և Միլի Մեջլիսում ազգային փոքրամասնությունների համար նախատեսված պատգամավորական քվոտաներ սահմանի ազգային փոքրամասնությունների համար եւ դա երաշխավորի Սահմանադրությամբ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ