Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ եթե ընդդիմության պատգամավորներն ուզում են ծանոթանալ Խաղաղության պայմանագրի հայկական կողմի առաջարկներին, կարող են դիմել ԱԳՆ-ին կամ գալ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին. «Մեր իշխանությունը որեւէ խոչընդոտ չի ստեղծել ընդդիմության համար՝ ծանոթանալու բանակցային պրոցեսին: Մենք առաջարկել ենք, ընդդիմությունը փախել է»:
Հարցին՝ հաշվի առնելով նաեւ Փաշինյանի հայտարարությունը, որ ինչ առաջարկ անում ենք Ադրբեջանին, ջնջած հետ է ուղարկում, երեկ էլ ունեինք Երասխի սահմանին զոհ, կարո՞ղ ենք ասել, որ խաղաղության գործընթացում փակուղային իրավիճակ է ստեղծվել՝ Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց. «Բարդ իրավիճակում ենք գտնվում, մեր տարածաշրջանը բավականին բարդ իրողությունների առաջ է կանգնել, առհասարակ աշխարհաքաղաքական շատ լուրջ զարգացումներ կան եւ եթե մենք շարժվենք այն ճանապարհով, որ մի առաջարկը մերժվեց, ուրեմն սա փակուղի է, մենք երբեք առաջ չենք շարժվի եւ խաղաղության այս գործընթացը կձախողենք: Այո, կան դժվարություններ, բայց մենք պետք է օրնիբուն աշխատենք՝ փորձելով մոտարկել մեր մոտեցումները, նաեւ ստանալով մեր միջազգային գործընկերների աջակցությունը»:
Հարցին՝ մենք հիմա ո՞ր կողմի առաջարկներով ենք առաջ շարժվում՝ ռուսակա՞ն կողմի, թե՞ ամերիկյան կողմի՝ ՔՊ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը պատասխանեց. «Մենք, ըստ էության, ինքներս մեր առաջարկներով ենք առաջ շարժվում՝ երկկողմ` առանց միջնորդների. Ադրբեջանը ներկայացնում է իր առաջարկները, մենք մերը եւ բանակցությունների այս պրոցեսը միտված է նրան, որ փորձենք մոտեցնել իրար այդ մոտեցումները»:
Կարդացեք նաև
Արթուր Հովհաննիսյանն ասաց, որ այն առաջարկները, որոնք ներկայացնում է հայկական կողմը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին ներկայացվում են եւ բացատրվում՝ ի ցույց դնելով Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ