Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ-ի հետ դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկներից հրաժարվելու հետևանքով հայ արտահանողները նոր ռիսկերի են բախվում. JAMnews

Մարտ 23,2023 11:20

JAMnews. Հայաստանն ու Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել են փոխադարձ հաշվարկները դոլարով և եվրոյով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Վճարման համար արժույթի ընտրությունը ներկայիս միջավայրում մեծ խնդիր է դարձել առևտրային գործընկերների համար։ Բանն այն է, որ ռուսական ռուբլին ներկայումս չափազանց անկայուն է դոլարի և եվրոյի նկատմամբ՝ երկարաժամկետ պայմանագրեր կնքելու համար։ Հայկական դրամը հաշվարկների համար նախընտրելի է, սակայն երկկողմ առևտրում դրա օգտագործման ներուժը սահմանափակ է։

Միաժամանակ, դոլարով և եվրոյով փոխադարձ հաշվարկներից հրաժարվելու պատճառով հայ արտահանողները բախվում են նոր ռիսկերի, որոնք դժվար կլինի հաղթահարել։

Տնտեսագետ Արմեն Քթոյանի կարծիքը ընդհանուր իրավիճակի, առաջացած ռիսկերի և դրանց հաղթահարման մասին

«Ռուսաստանի հետ առևտրում դոլարով կամ եվրոյով հաշվարկներից հրաժարվելը ​​կարող է և չազդել Հայաստանի տնտեսության վրա։ Ամեն ինչ կախված է մեր արտահանողների ճկունությունից:

Հայկական ձեռնարկություններն իրենց ծախսերը կատարում են ոչ ռուբլով։ Ռուսաստանի հետ ռուբլով հաշվարկների անցնելիս անհրաժեշտ է ստացված եկամուտները վերածել դրամի կամ դոլարի, որպեսզի հետագա հաշվարկները կատարվեն մատակարարների և աշխատակիցների հետ։ Իսկ շուկայական իրավիճակի ցանկացած փոփոխություն այս ժամանակահատվածում, օրինակ՝ եթե ռուբլին արժեզրկվի դրամի նկատմամբ կամ հակառակը, ստեղծում է որոշակի ռիսկեր, որոնցից դժվար կլինի խուսափել։ Հաշվարկային կորուստների պատճառով դա կարող է վնասներ պատճառել հենց ընկերություններին:

Սակայն ճկունությունը կարող է փոխել իրավիճակն ու հավասարակշռել այդ ռիսկերը: Օրինակ՝ եթե ձեռնարկությունը որոշակի գործունեություն է իրականացնում դոլարով, համապատասխանաբար ստանալով եկամուտ այդ արժույթով, ապա այն կարող է հավասարակշռել արժույթի տատանումների հետ կապված ռիսկերը՝ իր ծախսերը նույնպես կատարելով դոլարով: Այդ դեպքում, անկախ դոլարի փոխարժեքից, պոտենցիալ կորուստներն արդեն բալանսավորված կլինեն պոտենցիալ շահույթով։

Դա հայելային գործողություն է, որի դեպքում կարևոր չէ, թե դոլարի տատանողականությունը քանի տոկոս է կազմում։ Նույնը վերաբերում է ցանկացած արժույթի, այդ թվում՝ ռուբլուն:

Բայց ամբողջ խնդիրն այն է, որ Ռուսաստանի հետ աշխատող ձեռնարկատերերը չունեն հայելային գործողություններ, որտեղ նրանք կկարողանային հավասարակշռել հնարավոր կորուստը կամ արժեքի բարձրացումը: Օրինակ՝ եթե նրանք Ռուսաստանից բաղադրամասեր ստանային, Հայաստանում ապրանք արտադրեին և վաճառեին նույն Ռուսաստանին, ապա կկարողանային այդ կորուստները հավասարակշռել մատակարարների հետ փոխադարձ հաշվարկների շնորհիվ, որոնք պետք է կատարվեն ռուբլով։

Բայց երբ ձեռնարկությունն իր գործունեությունը ծավալում է դրամով, բաղադրամասեր է ստանում, օրինակ, Չինաստանից և հաշվարկներ կատարում դոլարով, իսկ իր արտադրանքը ռուբլով վաճառում է Ռուսաստանին, նման ռիսկերը կառավարելը շատ դժվար կլինի։

Այս իրավիճակում փոխարժեքի փոփոխությունը մեծապես կազդի եկամուտների վրա, քանի որ չինացիների հետ հաշվարկ անելու համար անհրաժեշտ կլինի իրականացնել եռակի գործողություն՝ ռուբլին վերածել դրամի, իսկ դրամը՝ դոլարի։

Եթե ​​դուք գործ ունեք արժույթի հետ, որը հակված է կտրուկ տատանումների, դա որոշակի տեսակի ռիսկեր է ստեղծում: Դուք կարող եք և՛ կորցնել շատ բան, և՛ շահել: Ուստի ձեռնարկատերերը ռիսկ չեն անում երկարաժամկետ պայմանագրեր կնքել, քանի որ ոչ ոք չգիտի, թե ինչ տեղի կունենա ռուսական ռուբլու հետ հինգ տարի անց»։

Փոխարինել կարելի է, բայց նպատակահարմար չէ

«Չնայած այդ ռիսկերին, դժվար թե մեր ձեռնարկությունները հրաժարվեն ռուսական շուկայից։ Դա կարող է միայն խթանել որոնումները ռուսական ընկերությունների, որոնցից հնարավոր կլինի գնել հումք, ինչպես նաև ընկերությունների, որոնք պատրաստ են գնել այդ հումքից պատրաստված արտադրանք։ Օրինակ՝ եթե դուք արտադրում եք կահույք, ապա կարող եք փայտ գնել Ռուսաստանում և պատրաստի արտադրանքը նույնպես վաճառել Ռուսաստանում: Այսպիսով, բոլոր հաշվարկները կկատարվեն ռուբլով, ռուբլու փոխարժեքի տատանումները ոչ մի կերպ չեն ազդի եկամուտների վրա։

Բայց դա էլ հեշտ չէ։ Ռուսաստանն ինքը նման ներուժ չունի, գոնե կարճաժամկետ հեռանկարում չի կարող ունենալ այդ ներուժը։ Պետք է հաշվի առնել նաև այն փաստը, որ կան շուկաներ, որոնք պարզապես համադրելի չեն։

Տեսականորեն հնարավոր է ջանասեր ու երկարաժամկետ աշխատանքի արդյունքում ռուսական շուկան փոխարինել մեկ ուրիշով, բայց դա դժվար թե նպատակահարմար լինի։ Նույնիսկ մեծ ցանկության դեպքում տեխնիկապես շատ դժվար է։ Սա կնշանակի լրացուցիչ ծախսեր, առաջին հերթին՝ մեր սպառողների համար»։

Արմինե ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031