Ադրբեջանը շարունակում է թիրախավորել նաև խաղաղ բնակչությանը: Արդեն ավելի քան 100 օր շրջափակված Արցախի ու զուգահեռ տեղի ունեցող գործընթացների մասին զրուցել ենք ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ: Պատգամավորը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ, ի տարբերություն շրջափակման սկզբնական շրջանի, այժմ Արցախում այլ են պատկերացումները:
Անդրադառնալով զուգահեռ ընթացող բանակցություններին, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի շուրջ, նաև այն պաշտոնական հայտարարություններին, թե էթնիկ զտման ու ցեղասպանության վտանգ կա, Մ. Հակոբյանը շեշտեց. «Երբ իշխանության՝ ՀՀ-ում վարչապետի, Արցախում էլ նախագահի շուրթերից հնչում են էթնիկ զտում, ցեղասպանություն բառերը, սա ուղիղ հայտարարություն է այն մասին, որ իրենք առաջին հերթին տապալել են Սահմանադրությունը, որովհետև Սահմանադրությամբ լիազորված են թույլ չտալու, կանխելու այդ ամենը: Եթե խոսում են նման վտանգների մասին, բայց չեն կարողանում դրանց, այսպես ասած, դեմն առնել, հետևաբար տապալում են Սահմանադրությունը և չեն կարող լիազորված լինել պետությունը ներկայացնելու տեսանկյունից: Այլ հարց է՝ անմտության, գիտելիքի պակասի պատճառո՞վ, թե՞ միտումնավոր է այս ամենի մասին խոսվում: Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, ապա հիմա, կարծում եմ, ավելի շոշափելի հանգամանքներ կան: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որն այդ քննարկումներին զուգահեռ շրջափակել է և հումանիտար աղետի շեմին է հասցրել Արցախի Հանրապետությունը: Խոսվում է խաղաղության մասին մի պետության հետ, որը չխորշեց քաղաքացու անվտանգությունը պահող ոստիկանին գնդակահարել հենց այդ օրակարգի քննարկման շրջանակներում»:
Մեր զրուցակցի խոսքով, այս ամենից կարելի է միայն մեկ հետևություն անել: «Կարելի է ասել, որ սրանք կեղծ, մոլորեցնող օրակարգեր են, որոնք առաջ են տանում հենց Հայաստանի իշխանությունները, և դրան չեն հակազդում Արցախի իշխանությունները: Եվ եթե չեն հակազդում, ուրեմն իրենք ևս այդ օրակարգի մեջ են: Սրանք կեղծ օրակարգեր են, որոնցով թմրեցնում են ժողովրդին, այդպիսով թմրեցնում են նաև ինքնապաշտպանական բնազդը, որպեսզի մի օր արթնանան ու տեսնեն, որ իրենք այլևս իրենց բնակարաններում չեն կարող ապրել: Խաղաղության համար պետք է պայքարել, չի կարելի ագրեսիվ, ահաբեկիչ թշնամու հետ նստել և ինչ-որ բանավոր կամ անգամ գրավոր պայմանավորվածության գալ: Մենք գրավոր պայմանավորվածությունների արդյունքը ևս տեսել ենք: Մոտ երկուսուկես տարի առաջ կնքված եռակողմ հայտարարության որևէ կետ այսօր չի գործում:
Ու, ըստ էության, շրջափակելով Արցախն ու փակելով Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանն ինքն է չեղարկել այդ եռակողմ հայտարարությունը: Ադրբեջանի նման պետության համար որևէ պայմանավորվածություն նշանակություն չունի: Իսկ խաղաղությունը նաև պետք է հաստատել, ոչ թե խնդրել ու մուրալ:Նման ագրեսիվ քաղաքականություն վարող պետությունները մուրացողին սպանում են, ինչը և անում է Ադրբեջանը թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի Հանրապետությունների նկատմամբ: Հետևաբար, մենք գործ ունենք կեղծ օրակարգերի հետ, որոնցով հանգիստ, առանց աղմուկի, Հայաստանի իշխանությունների ձեռամբ, Արցախի իշխանությունների լռությամբ հայ ժողովրդին իսկապես ցեղասպանության են տանում»,-հավելեց պատգամավորը:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում