Լրահոս
Օրվա լրահոսը

ՌԴ ԱԳ նախարարը փաստացի կոչ արեց հայկական կողմին՝ դադարեցնել «դրսում» մեղավորներ փնտրելը. Արմեն Մարտիրոսյան․ «Հրապարակ»

Մարտ 23,2023 10:49

Մոսկվայում օրերս կայացան ՀՀ եւ ՌԴ արտաքին գործերի նախարարների հանդիպումը եւ դրան հետեւող ավանդական համատեղ ասուլիսը։

Դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված Սերգեյ Լավրովի անդրադարձը 2020 թ. հայ-ադրբեջանական պատերազմին՝ հանրային միջոցառմանը նախորդած «դռների հետեւում» քննարկումների ընդհանուր տպավորությա՞մբ, թե՞ հայ լրագրողի «ելույթով»։

Ճանաչելով նախարար Լավրովին դեռեւս ՄԱԿ-ում համատեղ աշխատանքի տարիներից՝ կարող եմ կռահել, որ նրա հորդորը հազիվ թե ուղղված լիներ պատմաբաններին՝ ուսումնասիրելու, թե «ինչպես եղավ այդ ամենը»։ Ասելով՝ «բոլորը գիտեն, որ հրադադարի հասնելու հնարավորություն կար ավելի շուտ, քան այն ի վերջո եղավ»՝ ՌԴ ԱԳ նախարարը փաստացի կոչ արեց հայկական կողմին՝ դադարեցնել «դրսում» մեղավորներ փնտրելը։
Դրա փոխարեն նա առաջարկեց իր հայ գործընկերոջը՝ զբաղվել բուն  դիվանագիտությամբ եւ շահագրգիռ կողմերի հետ ձգտել «շահերի հաշվեկշռի» ապահովման։ Այստեղ է, որ հայկական կողմը չկարողացավ կամ չցանկացավ հստակ ձեւակերպել իր նպատակները։ Ակնհայտ է, որ այսօր մեր բանակցողները հայտնվել են իրենց տված խոստումների, ստանձնած պարտավորությունների, վախերի եւ իրարամերժ իղձերի թակարդում։ Մինչդեռ նպատակակետի բացակայության պարագայում անիմաստ է դառնում թե՛ քարտեզ, թե՛ կողմնացույց։

Նման իրավիճակի մասին են վկայում ՀՀ բանակցողների իրարամերժ քայլերը։  Այսպես, թեեւ ՀՀ վարչապետը Մոսկվայում Վ. Պուտինի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման նպատակով ընդունում է մոսկովյան, այլ ոչ բրյուսելյան տարբերակը, հետագայում պարզվեց, որ, դրան զուգահեռ, Հայաստանը ԵՄ-ի հետ բանակցում էր հայ-ադրբեջանական սահմանին երկու տարով եվրոպական դիտորդների տեղակայման հարցը։  Եվ սա՝ այն դեպքում, որ այսօր անգամ շարքային  քաղաքացիներն են մտահոգ ռուս-արեւմտյան հարաբերությունների շարունակական վատթարացմամբ եւ Հայաստանի վրա դրա բացասական ազդեցությամբ։ Պատահական չէր, որ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Ս. Լավրովն Արեւմուտքի վարած քաղաքականությունը Հարավային Կովկասում որակեց «դիվանագիտական ռեյդերություն», անուղղակիորեն անդրադարձավ այդ «արշավանքում» Հայաստանի ներդրմանը եւ հղում կատարեց 2020թ. նոյեմբերի հայտարարությանը՝ ակնարկելով դրույթների իրականացման ընթացքում կողմերի «պարկեշտությունը»։ Եթե մտաբերենք վերջերս ՌԴ եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հնչեցրած ձեւակերպումները եւ գնահատականները հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ներկա վիճակի վերաբերյալ, հասկանալի է դառնում, թե ինչով էր պայմանավորված Ս. Լավրովի անցումը քաղաքական տիրույթից բարոյական տիրույթ։

Իսկ անդրադառնալով ՀՀ-ՌԴ բազմակողմ համագործակցությանը՝ նա հույս հայտնեց, որ  Երեւանը կմիանա ՀՀ-ում կազմակերպության դիտորդներ տեղակայելու մասին ՀԱՊԿ-ի որոշմանը։ Կհաջողվի՞ արդյոք հայկական կողմին՝ նորից խուսափել նման որոշումից՝ կպարզվի մոտ ապագայում։ Եթե, փոփոխելով համաձայնեցված փաստաթղթի մեկ-երկու ստորակետ կամ բառ, ստիպված լինենք ընդունել այն, ապա ուշագրավ կլինի տեսնել Բրյուսելի արձագանքը։
Եթե նման սցենար իրականացվեր մինչեւ Վ. Պուտինի՝ 2007թ. մյունխենյան հիշարժան ելույթը, կարող էինք խոսել «փոխլրացման» կամ գոնե «բազմավեկտոր» արտաքին քաղաքականության մասին։ Ցավոք, ներկա պայմաններում երկու բացահայտ հակառակորդ ճամբարների դիտորդների տեղակայումը ՀՀ-ում, ավելի հավանական է, որ կվերածվի արկածախնդրության, քան կնպաստի կայունությանը եւ խաղաղությանը։

Արմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031