Հայ-ռուսական հարաբերությունների առանձնահատկություններից մեկն այն է, որ դրանից շահում են գործնականում բոլորը, բացի Հայաստանից: Այդ շահառուների թվում է նաև Նիկոլ Փաշինյանը, որը, ինչպես և Ռուսաստանը, Հայաստանի պետական շահերի հաշվին բավարարում է սեփական իշխանության պահպանման շահերը:
Ժամանակ առ ժամանակ երկու կողմերից միմյանց նկատմամբ հնչող կսմիթները, փոխադարձ մեղադրանքները, ՀՀ իշխանությունների հակառուսականությունն ու ռուսների հակահայկականությունը ծխածածկույթի պես քողարկում են այն ներքին համերաշխությունը, որով Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը հետևողականորեն հանձնում են հայկական կենսական շահերը՝ ի դեմս Արցախի, յուրաքանչյուրը՝ իր դրդապատճառներով: Ուկրաինական պատերազմում մխրճված Ռուսաստանի համար կենսական նշանակություն ունի թուրքական աշխարհի աջակցությունը կամ գոնե չեզոքությունը:
Այդ նպատակով, փաստորեն, Ռուսաստանը, հանուն իր շահերի, պատրաստ է Թուրքիային և Ադրբեջանին զիջել գործնականում ամեն ինչ, այդ թվում՝ վերջնականապես համաձայնել Արցախն Ադրբեջանին հանձնելու Փաշինյան-Ալիև տանդեմի կողմից առաջարկված տարբերակին: Բայց այդ գործարքն իրականացնելու համար Պուտինը Երևանում պետք է ունենար իշխանություն, որը ոչ միայն չի դիմադրի Արցախի ադրբեջանացմանը, այլև իր կողմից կանի ամեն ինչ՝ դա հնարավորինս վերջնական դարձնելու համար (առավել ևս, որ ՀՀ գործող իշխանությունները և արևմտամետ որոշ շրջանակներ հաշտվել են այդ մտքի հետ, հրաժարվել են Արցախից և չեն պատրաստվում պայքար մղել Արցախի, 120.000 արցախցիների համար):
Տեսականորեն անհնարին թվացող այդպիսի իշխանություն վերջապես Հայաստանում գտնվել է՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի: Անցած հինգ տարիներին վերջինս ցույց է տվել, որ իր գործողություններում ունի ընդամենը մեկ կարմիր գիծ, և դա սեփական իշխանությունն է, որի պահպանման համար պատրաստ է գործարքի գնալ ցանկացածի հետ:
Կարդացեք նաև
Եվ հիմա ստեղծվել է իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման գինն Արցախի հանձնումն է Ադրբեջանին: Դա միևնույն ժամանակ՝ ներկայիս աշխարհաքաղաքական պայմաններում, խիստ ձեռնտու է նաև աշխարհաքաղաքական տարբեր կենտրոններին, այդ թվում՝ Ռուսաստանին: Թե Արցախի դիմաց ի՞նչ ու ե՞րբ Ռուսաստանը կստանա Ադրբեջանից ու Թուրքիայից, ցույց կտա ժամանակը:
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այսօրվա համարում։