Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Ղահրամանյան. Քրիստինե Գրիգորյանը շատ լավ էլ ենթարկվել է ընդդիմության ճնշումներին. «Հրապարակ»

Մարտ 23,2023 10:25

Մինչ քաղաքական-հասարակական շրջանակներում քննադատում են իշխանության ՄԻՊ թեկնածուին, որը գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն է, արձանագրելով, որ ուժային կառույցում աշխատած պաշտոնյան չի կարող անկախ եւ անաչառ լինել՝ մարդկանց  իրավունքները հատկապես գործադիր իշխանության եւ իրավապահների ոտնձգություններից պաշտպանելու հարցում, իշխող կուսակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը պնդում է, որ, ճիշտ հակառակը՝ իրենք էլ մտավախություններ ունեն, որ ընդդիմությունը կճնշի ապագա օմբուդսմենին, եւ դրանով պայմանավորված՝ պաշտպանը կաշկանդված կգործի։ Ներկայացնում ենք ՔՊ-ական պատգամավորի հետ մեր զրույցը։

Նախօրեին ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանի հետ հանդիպումից հետո որոշ ՔՊականներ տպավորված էին, ձեզ վրա ի՞նչ տպավորություն է թողել թեկնածուն, եւ արդյո՞ք այնքան կադրային սով է, որ ձեր ընտրությունը կանգ առավ գլխավոր դատախազի տեղակալի թեկնածության վրա։

– Իմ վրա էլ դրական տպավորություններ է թողել, ինչ վերաբերում է կադրային խնդրին, ապա վստահեցնում եմ՝ շատ թեկնածուներ կային, բայց կարծում եմ՝ կանգ ենք առել լավագույն թեկնածուի վրա։

Հատկապես ո՞ր հատկանիշներն են ձեզ դուր եկել։

– Ինձ ամենաշատը դուր է եկել իր ռացիոնալ մտածելակերպը, ես վստահ եմ, որ ստանձնելով նոր  պաշտոնը՝ չի ենթարկվի քաղաքական հոսանքներին, էմոցիոնալ չի լինի, սթափ կդատի ամեն ինչ, ընդհանուր առմամբ՝ բավականին լավ տպավորություն ունեմ։

Որ ասում եք՝ ընդդիմությունը կարող է ճնշել ՄԻՊին, Դուք նման բան երբեւէ տեսե՞լ եք Հայաստանում։

– Օրինակ, Քրիստինե Գրիգորյանը շատ լավ էլ ենթարկվել է ընդդիմության ճնշումներին։

Նկատի ունեք ա՞յն, որ հրապարակային հորդորներ էին հնչում, որ ակնհայտ բաների մասին խոսի, իսկ ինքը չէր խոսում։

– Խոսքը ոչ թե ֆիզիկական կամ այլ ճնշումների մասին է, այլ՝ հրապարակային։

Իսկ հնարավո՞ր է՝ այդ «ճնշումների» պատճառով հեռացավ պաշտոնից։

– Ոչ։

ՄԻՊ թեկնածուից հետաքրքրվեցի՞ք՝ եթե ինքն էլ որեւէ գայթակղիչ պաշտոնի առաջարկ ստանա, հրաժարակա՞ն է տալու ՄԻ պաշտոնից, ինչպես Քրիստինե Գրիգորյանը, որի նշանակումն ուշանում է, թեեւ ինքն անձամբ է հայտարարել այդ մասին։

– Դուք ի՞նչ գիտեք, որ այդ առաջարկը գայթակղիչ է, թե ոչ։

Տրամաբանորեն՝ ամենահեղինակավոր՝ ՄԻՊի կարգավիճակից կարելի է հրաժարվել միայն գերգայթակղիչ պաշտոնի համար։

– Կարող է մարդն իրեն ավելի շատ տեսնում էր այն պաշտոնում, որտեղ հետագայում կպաշտոնավարի, բայց դա չի նշանակում, որ դա գայթակղիչ է։ Եվ հետո՝ պաշտոնի լավ ու վատը չի լինում, պաշտոնը կա՛մ կա, կա՛մ չկա, լավն այն է, որ դու քեզ տեսնում ես այդ պաշտոնում, քեզ արդարացնում ես, եթե քեզ չես տեսնում, դու դառնում ես խանգարող հանգամանք այնտեղ, որտեղ աշխատում ես։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031