Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե ուղեղը չի ցավում, ինչո՞ւ է ցավում գլուխը

Մարտ 23,2023 09:30

Գլխացավն իսկական գլխացավանք է շատերի համար․ այն շատ հաճախ բացառություններ չի ճանաչում՝ անհանգստացնելով անգամ լիովեն առողջ մարդկանց։ Գլխացավերը շատ տարբեր են լինում՝ ինչպես ցավային ուժգնության տեսանկյունից, այնպես էլ տևողության։ Եվ երբ ցավում է գլուխը, կարող է թվալ, թե ցավում են գլխուղեղի հյուսվածքները, սակայն դա այդպես չէ։

Տարօրինակ օրգան է գլխուղեղը․ այն զգում է ողջ մարմնի ցավերը, սակայն չունի սեփական ցավային ընկալիչները։

Գլխացավեր կարող են առաջացնել հարքթային խոռոչների այտուցն ու բորբոքումը կամ գլխի վնասվածքները, սակայն մեծամասամբ գլխացավերն արտացոլում են մարմնի մեկ այլ հատվածի ցավերն ու խնդիրները, օրինակ՝ արյան մեջ շաքարի ցածր մակարդակը։ Ինչպես ասում է նյարդաբան Չարլզ Քլարկը, դա նման է ողնաշարի ճողվածքին, որը ցավեր է առաջացնում ոտքերի շրջանում։

Նրա խոսքով՝ գլխացավերի մեծամասնության դեպքում պատճառը պետք է փնտրել գլխից դուրս, օրինակ՝ ուսերի կամ պարանոցի շրջանում, որտեղ առկա խնդիրները ցավեր են առաջացնում գլխուղեղի շուրջը գտնվող մկաններում ու նյարդերում։ Վերցնենք լարվածության գլխացավերը, որոնք, ԱՀԿ տվյալներով, առաջնային գլխացավերի առավել տարածված տեսակն են։ Քլարկի խոսքով՝ լարվածության գլխացավերը հաճախ դրսևորվում են գլխի վերին ու ճակատային հատվածներում՝ առաջանալով դեմքի, ուսերի, պարանոցի ու գլխամաշկի մկանների լարվածության պատճառով և կարող են կապված լինել սթրեսի հետ։

Գլխուղեղի շուրջը գտնվող նյարդերի և մկանների ցավը կարող է առաջանալ արյունատար անոթների լայնացման, մկանային լարվածության կամ սթրեսի պատճառով։ Ակտիվացումից հետո այդ նյարդերն ազդակներ են հղում գլխուղեղին և կարող է տպավորություն ստեղծվել, թե ցավը գալիս է գլխուղեղի խորքից։

Միգրենը գլխացավի ևս մեկ տեսակն է, կամ ավելի ճիշտ՝ գլխացավն այդ նյարդաբանական խանգարման ախտանշաններից մեկն է։ Միգրենը գլխի տարբեր հատվածներում տարբեր կերպ է դրսևորվում՝ առաջացնելով խորը ցավ, մակերեսային ցավ, ցավ գլխի հետևի, աջ կամ ձախ մասում կամ աչքի շրջանում։ Միգրենը տարբերվում է իր ծանրության աստիճանով։ Միգրենի դեպքում գլխացավն ավելի ինտենսիվ ու երկարատև է։ Այդ խանգարումը հաճախ է կապվում մարդու գենետիկ նախատրամադրվածության հետ։

Միգրենի զարգացման հիմնական պատճառները դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չեն, և տեսություններից մեկի համաձայն՝ միգրենի զարգացումը սկսվում է գերակտիվ նյարդային բջիջների կողմից հղվող ազդակներով, որոնք ակտիվացնում են եռվորյակ նյարդը, որի պատճառով էլ սրվում է գլխի ու դեմքի զգայնությունը։ Մարմինը սկսում է քիմիական նյութեր արտադրել, ինչի արդյունքում գլխուղեղի թաղանթի արյունատար անոթներն ուռչում են։ Այնուհետև նեյրոհաղորդիչներն առաջացնում են բորբոքում ու ցավ։

Բորբոքված արյունատար անոթների ու գրգռված նյարդերի փունջը «հրդեհ է, որը դուրս է գալիս վերահսկողությունից»՝ ասում է բժիշկ Քլարկը։ Ահա թե ինչու է հարկավոր բուժումը սկսել հնարավորինս շուտ՝ հրդեհի տարածումը կանխելու համար։

Ինչպես նշում է Քլարկը, գլխացավ առաջացնող մեխանիզմները դեռևս լիովին ուսումնասիրված չեն։ Սակայն լավ նորությունն այն է, որ գլխացավը հիմնականում լավ է ենթարկվում բուժման․ առանց դեղատոմսի վաճառվող դեղամիջոցների, ավելի ծանր դեպքերի համար դեղատոմսով առաջարկվող տարբերակների, կենսակերպի փոփոխությունների շնորհիվ հնարավոր է դառնում հաղթահարել այդ խնդիրը։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Գլխավոր լուսանկարը՝ Anna Smirnova/Stocksy

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031