Արդեն առիթ եմ ունեցել նշելու, որ խորհրդարանական ընդդիմությունը գտնվում է չափազանց խոցելի իրավիճակում: Պատճառն այն է, որ այդ երկու խմբակցությունների ոչ ֆորմալ ղեկավարներ են համարվում Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը: Իշխանությանն ուղղված ցանկացած հարցով քննադատությանը ՔՊ-ականները պատասխանում են «բա Քոչարյանը», «Բա Սերժ Սարգսյանը» փաստարկներով: Դա միանգամայն բավարար է ընդդիմադիրների ասածը հասարակության աչքերում վարկաբեկելու համար: Որովհետեւ բացասական էմոցիաները նշված երկու գործիչների հանդեպ դեռեւս պահպանվում են: (Ճիշտ է՝ հինգ տարվա ընթացքում փոքր ինչ մաշվել են): Այդ մոտեցումը միանգամից խաչ է քաշում ցանկացած հարցի բովանդակային քննարկման վրա, որովհետեւ հնարավորություն է տալիս մեծամասնությանը՝ բանավեճը տանել երեսուն տարվա պատմության ոլորտ, ոչ թե քննարկել այսօրվա խնդիրները:
Օրինակ, երբ խոսք է գնում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, ՔՊ-ականները թեման շեղում են այն խնդրի վրա, թե ինչ էր ժամանակին բանակցում Քոչարյանը: Ենթադրենք՝ շատ վատ բան էր բանակցում, արդյո՞ք դա օրակարգից հանում է ինքնորոշման իրավունքի հարցը: Չէ՞ որ խոսքը տասը կամ քսան տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին չէ: Այսօրվա խնդիրն այլ կերպ է դրված՝ Հայաստանը պե՞տք է պետականորեն եւ, մասնավորապես, դիվանագիտական ասպարեզում պաշտպանի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը: Թե՞ դա այլեւս արդիական չէ:
Մեկ այլ օրինակ է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ բանավեճը: Արդյո՞ք քննարկման առարկան այն է, թե որքանո՞վ էր անկախ Սահմանադրական դատարանը Քոչարյանի կամ Սարգսյանի օրոք: Ես, օրինակ, խնդիրն այլ տեղ եմ տեսնում: Ինչպես Հրայր Թովմասյանը քաղաքականացված էր «ՀՀԿ-ական ուղղությամբ», այնպես էլ Սեդա Սաֆարյանը քաղաքականացված է «հակաքոչարյանական» թեմայով: Իսկ դատավորը քաղաքական գերապատվություններ, կարծում եմ, չպիտի ունենա:
Բայց, կրկնեմ, քանի որ հետադարձ հայացքն առայժմ աշխատող գործիք է, խորհրդարանական մեծամասնությունն այդ հնարքը հաջողությամբ շարունակում է կիրառել:
Կարդացեք նաև
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
ՀՅԴ-Փաշինյան Դաշինք՝
https://haytougchamlian.home.blog/2023/03/22/հյդ-փաշինյան-դաշինք/