Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

ՄԻՊ-ի դիմումը՝ ուժային կառույցներում կուսակցական լինել-չլինելու մասին կրկին հետաձգվել է

Մարտ 23,2023 13:30

Հայաստանը երեք ամիս է՝ չունի Մարդու իրավունքների պաշտպան:

Բնականաբար, նրա նախկինում ՍԴ ուղարկված դիմումների հետ անհասկանալի երեւույթներ են կատարվում:

2023թ. մարտի 10-ին ՀՀ Սահմանադրական դատարանն աշխատակարգային իր հերթական որոշումը տեղադրեց պաշտոնական կայքում. «Ելնելով լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու անհրաժեշտությունից՝ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, «Արհեստակցական միությունների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի դատաքննությունը հետաձգել եւ դատաքննությունը նշանակել 2023 թվականի ապրիլի 4-ին` ժամը 11.00-ին»: Այսինքն, ապրիլի 4-ին վերջապես անչափ կարեւոր հարց կքննվի:

Նշեմ, որ խոսքը ուժային կառույցներում կուսակցական լինել-չլինելու մասին է, դրանով պայմանավորված սահմանափակումների:

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն. «Ոստիկանության ծառայողն իրավունք չունի` լինել որեւէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում` կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաեւ իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել»:

«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» ՀՀ օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն. «Լինել որեւէ կուսակցության, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական եւ նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում` կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ»: Զինվորական ծառայության մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառվող սահմանափակումները ըստ վիճարկվող 3-րդ կետի սա էր. «Զինծառայողն իրավունք չունի ստեղծելու կուսակցություններ կամ կրոնական միավորումներ, անդամակցելու որեւէ կուսակցության կամ արհեստակցական միության, իսկ կրոնական միավորման անդամ հանդիսանալու դեպքում զինվորական ծառայության ընթացքում եւ ծառայակիցների շրջանում իրականացնելու քարոզչական գործունեություն»: Իսկ «Արհեստակցական միությունների մասին» վիճարկվող հոդվածի համաձայն էլ. «Արհեստակցական կազմակերպության մասնակից (անդամ) չեն կարող լինել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության, դատախազության մարմինների ծառայողները, ինչպես նաեւ դատավորները եւ Սահմանադրական դատարանի անդամները»:

Երբ մարտի 10-ին որոշում էր ընդունում ՍԴ-ն, բնականաբար, այդ կապակցությամբ ուժը կորցրած ճանաչեց 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՍԴԱՈ-202 աշխատակարգային որոշումը՝ դատաքննության ժամկետի մասով:

ՄԻՊ սկզբնաղբյուր-դիմումը գտնելու նպատակով բացեցի այս անգամ 2022թ. դեկտեմբերի 13-ի ՍԴ աշխատակարգային որոշումը:

Դարձյալ նույն որոշումն էր «Ելնելով լրացուցիչ նյութերի ուսումնասիրության անհրաժեշտությունից»-ը, Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ այդ գործի դատաքննությունը հետաձգել, գործի քննության ժամկետը երկարաձգել եւ դատաքննությունը նշանակել 2023 թվականի մարտի 14-ին` ժամը 11.00-ին: Ու ստացվեց, որ մարտի 10-ին կայացվեց մի որոշում, երբ նախորդ որոշմամբ որպես ժամկետ նշանակվել էր մարտի 14-ը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031