Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի մայր թատրոնը չընդհատվող շնչառություն ունի

Մարտ 23,2023 12:30

Այս օրերին, երբ դեռ շարունակվում է Արցախի շրջափակումը, Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի ստեղծագործական կազմը Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ պատրաստում է նոր` վրացի գրող Կ. Բուաչիձեի «Բակում կատաղած շուն կա» (բեմադրությունը` Արցախի ժողովրդավարական արտիստ Քաջիկ Հարությունյանի) կատակերգության բեմադրությունը։ Նույն օրը թատրոնի 90-ամյա ճանապարհի մասին պատմող պատկերագրքի շնորհանդեսն է կայանալու։ 90-ամյա թատրոնը, իմ գնահատմամբ, խիստ կարեւոր դեր է կատարում սերունդների հայեցի դաստիարակության մեջ։ Թատրոն, որն ապրում է իր բուն շենքի պատերից դուրս` ժամանակի փորձություններն ուսերին։ Ժամանակ, որ ոչ մի դժվարություն չի խնայում Արցախում ապրող մարդկանց համար։ Ստեղծագործական անձնակազմ, որ կամքի ուժով կասեցնում է անարեւ խոհերը եւ նոր վարագույրներ բացում։

Դեռ հետպատերազմյան շրջանում, երբ սկսեցին աշխուժանալ Արցախի թատերական կրքերը, գլխավոր «մեղավորը» ռեժիսոր Վահան Խաչատրյանն էր իր միանգամայն տարբերվող ու ինքնատիպ Ռ. Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացման բեմադրությամբ, որը նաեւ Երեւանում հանձնեցին հանդիսատեսի դատին։ Կարծիքներ էի լսում` այս ծանր շրջանում ինչո՞ւ են այսօրինակ ողբերգական գործ բեմադրում Ստեփանակերտում։ Պատասխանս մեկն էր` մենք չպետք է մոռանանք ինքներս մեզ։ Եվ վերջին շրջանում, դարձյալ Վահան Խաչատրյանի բեմադրությամբ «Անմահների դիրքը» (ըստ Է. Զորիկյանի պիեսի) ներկայացումը եկավ փաստելու իմ պատասխան-բանաձեւի ճշմարտացիությունը։

Հակամշակութային խմորումները, ինչպես տեսնում ենք, կրկին խոշոր ծավալ են ձեռք բերել, իսկ սերիալային թափոնարվեստը գնալով հային արվեստի դիմագծից զրկողի է նմանվում։ Բայց թատրոնը, որը կենդանի օրգանիզմ է եւ մարդուն ուղղորդում է մտածելու, ճիշտն ու սխալը տարբերակելու, միանգամայն այսօր պետք է լինի հանդիսատեսի հետ, հանդիսատեսի կողքին։ Նույնն էլ հակառակը։ Բայց խնդիրները շատ են, մասնավորապես ֆինանսական միջոցների սղության պատճառով որակյալ եւ բարձրարժեք ներկայացումներ հանդիսատեսի դատին հանձնել հաճախ չի ստացվում։

Այսօր, ոչինչ չքողարկելով, պետք է արձանագրել, Ստեփանակերտի պետդրամթատրոնը խաղացանկային ծանրություն չունի։ Պատճառներն ակնհայտ են, դրանք թվելու անհրաժեշտություն չկա։ Բայց ազնվորեն կարելի է ասել, որ թատրոնում բեմադրվում են արժեքավոր ներկայացումներ, որոնք արժանի են բեմ բարձրանալու նաեւ Արցախից ու Հայաստանից դուրս։

Վստահեցնում եմ` Արցախի մայր թատրոնը չընդհատվող շնչառություն ունի։ Այս թատրոնն առաջնագծի թատրոն է, իսկ առաջնագծում ասելիքը միշտ ուրիշ է լինում ու կարեւոր։

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031