Լրահոս
Օրվա լրահոսը

Ազդակներ տրվում են, գործիքները կան, բայց օգտվող չկա

Մարտ 23,2023 12:00

Սկիզբը՝ այստեղ:

Անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները կենտրոնացել բացառապես «խաղաղության օրակարգի» սպասարկման վրա

44-օրյա պատերազմից հետո ամենատարածված խոսույթը հայաստանյան քննարկումներում միջազգային հանրությունից դժգոհելն է, որ համարժեք չեն արձագանքել, գնահատել իրավիճակը, մասնավորապես` Ադրբեջանի իշխանությունների գործողություններին բավարար չափով չեն քննադատել:

Իրականում, սակայն, Հայաստանի իշխանությունների համար բոլոր նպաստավոր ազդակները քաղաքակիրթ աշխարհից եղել են, այսօր էլ կան, եւ դրանք բավարար հիմքեր են, որպեսզի ՀՀ իշխանությունները «խաղաղության օրակարգին» հավատարիմ մնալով հասնեն Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, եւ Արցախի ինքնորոշման իրավունքի մասին լռություն չպահպանելով` Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ որոշակի ճնշումներ գործադրեն:

Վերջին դրական ազդակը ստացվեց Եվրախորհրդարանից, որտեղ ԵՄ-Հայաստան եւ ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ բանաձեւեր ընդունվեցին: Արցախի ԱԳՆ-ն ողջունեց բանաձեւերում Ադրբեջանի իշխանություններին ուղղված կոչերը՝ 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համապատասխան ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես նաեւ կատարել ՄԱԿ-ի Միջազգային դատարանի 2023 թ. փետրվարի 22-ի որոշմամբ սահմանված իրենց պարտավորությունները: «Կարեւոր ենք համարում, որ Եվրախորհրդարանն իր բանաձեւերում հստակ ընդունել է, որ ավելի քան երեք տասնամյակ տեւող եւ տասնյակ հազարավոր զոհերի, հսկայական ավերածությունների ու հազարավոր մարդկանց բռնի տեղահանման հանգեցրած ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը մնում է չլուծված: Մասնավորապես, Եվրախորհրդարանի անդամներն արդարացի եւ հիմնավորված մտահոգություն են հայտնել այն փաստով, որ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո ընդունված 2020թ. նոյեմբերի 9-ի զինադադարի մասին հայտարարության դրույթներն ամբողջությամբ չեն կատարվել. պարբերաբար բռնկվում են մահաբեր ռազմական բախումներ, բազմիցս խախտվել է հրադադարի ռեժիմը, ինչը հանգեցրել է հարյուրավոր զոհերի եւ ադրբեջանական զորքերի կողմից նոր՝ այդ թվում Հայաստանի Հանրապետության տարածքների օկուպացիայի, իսկ 2022թ. դեկտեմբերի 12-ից արգելափակվել է երթեւեկությունը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ Լաչինի միջանցքով, ինչը բացասաբար է անդրադառնում Արցախ պարենի եւ առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման վրա», ասվում էր Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունում:

Այնուհետեւ Արցախի ԱԳՆ-ն նշում էր. «Կիսում ենք եվրախորհրդարանականների դիրքորոշումն առ այն, որ ռազմական ճանապարհով, ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառմամբ հնարավոր չէ հասնել կայուն եւ տեւական խաղաղության, այլ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրությամբ եւ 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման երեք սկզբունքներին, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. հիմնարար սկզբունքներին համապատասխան»: Արցախի ԱԳՆ-ն նաեւ համոզմունք էր հայտնում, որ` «Եվրախորհրդարանի բանաձեւերը, այդ թվում՝ ադրբեջանական պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ առաջարկությունները, կարեւոր ներդրում կլինեն ընդհանուր ջանքերում՝ ուղղված շրջափակման դադարեցմանը եւ Արցախում էթնիկ զտումներ ու ցեղասպանություն իրականացնելու Ադրբեջանի հանցավոր ծրագրերի կասեցմանը»:

Հայաստանի ներկայիս իշխանությունները պարբերաբար բարձրաձայնում են Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի պատասխանատվության մասին, եւ իհարկե, այդ դժգոհությունը արդարացված է: Սակայն, նրանք մյուս կողմից, ըստ արժանվույն չեն գնահատում, եւ համարժեքորեն չեն գործում, երբ քաղաքակիրթ աշխարհից ստանում են նպաստավոր ուղերձներ:

Վերհիշենք, թե մասնավորապես Եվրախորհրդարանը քանի անգամ անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի թեմային, ընդ որում, մերժելով պաշտոնական Բաքվի ջանքերը: Անցյալ տարի հունիսի 8-ին Եվրախորհրդարանն ընդունեց բանաձեւ, որում մեկ անգամ եւս ամրագրվեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարգավորված չէ: Այս բանաձեւում, նախեւառաջ, ընդգծվել էր, որ 44-օրյա պատերազմը Ադրբեջանն է նախաձեռնել, որը Հարավային Կովկասում հանգեցրել է քաղաքական, ռազմավարական եւ օպերատիվ իրավիճակի ստատուս քվոյի արմատական փոփոխության՝ հազարավոր զոհերի, տասնյակ հազարավոր տեղահանվածների առկայությամբ: Այս բանաձեւում Եվրախորհրդարանը հղում էր կատարել անցյալ տարի փետրվարի 17-ին ընդունած մեկ այլ բանաձեւին, որը կոչվում էր՝ «Եվրախորհրդարանի բանաձեւը ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացման մասին», եւ այդ բանաձեւում հստակ նշվել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է մնալ միակ միջազգայնորեն ճանաչված ձեւաչափը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւ որ կարգավորումը պետք է իրականացվի երեք հիմնարար սկզբունքների հիման վրա՝ տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք, ուժի չկիրառում:

Եվրախորհրդարանն ընդգծել էր նաեւ ազատազրկված անձանց, ռազմագերիների ամբողջական փոխանակման, ազատման անհրաժեշտությունը, ինչպես նաեւ քաղաքացիական անձանց անվտանգ ու ազատ տեղաշարժի ապահովումը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաեւ վերահաստատել էր 2021թ. մայիսի 19-ին ընդունած բանաձեւը «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերջին հակամարտության հետեւանքով ռազմագերիների» հարցով, որով պահանջել էր բոլոր պահվող ռազմագերիներին եւ ազատազրկված անձանց վերադարձը:

Ի դեպ, հունիսի 8-ի բանաձեւում, երբ անդրադարձել էր անցյալ տարի մարտի 8-ին Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խողովակաշարի վնասման փաստին, Եվրախորհրդարանը Լեռնային Ղարաբաղն անվանել էր՝ «վիճելի տարածք» (disputed territory)։

Ավելի վաղ՝ 2021թ. մայիսի 19-ին Եվրախորհրդարանն անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին` ռազմագերիների վերաբերյալ բանաձեւի ընդունմամբ, իսկ «Լեռնային Ղարաբաղում պատմամշակութային ժառանգության ոչնչացման» մասին բանաձեւն էլ ընդունվել էր 2022թ. մարտի 10-ին: Այս բանաձեւում ամրագրվել էր, որ հայատյացությանը, պատմական ռեւիզիոնիզմը եւ հայերի նկատմամբ ատելությանը համակարգային, Ադրբեջանի պետական մակարդակով քաղաքականությունն է։ Իսկ այս արձանագրումը խիստ կարեւոր եւ արդյունավետ գործիք կարող է դառնալ ալիեւյան ռեժիմի՝ Արցախի հայկականության հետքը վերացնելու քաղաքականությունը կանխելու ուղղությամբ։

Բացի այդ, բանաձեւի ընդունմամբ արձանագրվել էր պաշտոնական Բաքվի հայատյաց քարոզչությունը՝ որպես պետական քաղաքականություն, ընդ որում` 2020թ. նոյեմբերին ընդունված հրադադարի մասին եռակողմ հռչակագրի ընդունումից հետո:

Այսինքն, Եվրախորհրդարանը պաշտոնական Բաքվին մեղադրել է ծավալապաշտական ու ռազմատենչ քաղաքականություն վարելու մեջ, շեշտել է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշված չէ եւ այն պետք է հստակեցվի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում, ինչը ենթադրում է, որ բանակցային գործընթացը պետք է շարունակվի՝ հենց այդ հարցով:

Անցյալ տարվա հոկտեմբերին Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը քվեարկությամբ որոշեց առաջարկել՝ «Մշակույթի նոր եվրոպական օրակարգի իրականացում եւ Միջազգային մշակութային հարաբերությունների ԵՄ ռազմավարությունը» զեկույցի նախագծում լրացնել հոդված, որում տեղ գտան հայանպաստ ձեւակերպումներ: Եվրախորհրդարանը դատապարտեց «Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու եւ ժխտելու՝ Ադրբեջանի շարունակական քաղաքականությունը, որը խախտում է միջազգային իրավունքը, ինչպես նաեւ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վերսկսման որոշումը, որն էլ ավելի է վտանգի ենթարկում հայկական մշակութային ժառանգությունը»: Այնուհետեւ, «Կոչ է արվում ԵՄ-ին՝ ակտիվորեն ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու ռազմական գործողությունները եւ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում վտանգի տակ գտնվող մշակութային ժառանգությունը պաշտպանելու ջանքերին, մասնավորապես, մշակելով մեխանիզմ՝ նպաստելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելությանը»:

Իսկ անցյալ տարի նոյեմբերի 30-ին Եվրախորհրդարանը խստորեն դատապարտեց Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա 2022թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիան, եւ կրկին ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը: Եվրախորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ընդունվել էր` «ԵՄ ընդհանուր արտաքին եւ անվտանգության քաղաքականության իրականացումը-2022թ. հաշվետվության» նախագիծը:

Այսպես, կետերից մեկում նշում էր. «Խստորեն դատապարտում է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա ազդեցություն ունեցած 2022թ. սեպտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից իրականացված վերջին ռազմական ագրեսիան, որը հրադադարի խախտում է եւ լուրջ հետեւանքներ է առաջացնում խաղաղ գործընթացի նկատմամբ. անհանգստացած է նաեւ ենթադրյալ ռազմական հանցագործությունների եւ անմարդկային վերաբերմունքի առնչությամբ, որոնք իրականացվել են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ. վերահաստատում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին հարգվի եւ ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվ ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում. ուստի կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ դուրս գալ Հայաստանի տարածքի բոլոր հատվածներից եւ ազատ արձակել իրենց հսկողության տակ գտնվող ռազմագերիներին. հիշեցնում է, որ միայն դիվանագիտական միջոցները արդար եւ տեւական խթան կհաղորդեն հակամարտությանը, որն օգուտ կբերի Հայաստանի եւ Ադրբեջանի բնակչությանը»:

Բացի այդ, Եվրախորհրդարանը համոզմունք էր հայտնել, որ՝ «ռազմական ճանապարհով հնարավոր չէ հասնել կայուն խաղաղության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, եւ անհրաժեշտ է համապարփակ քաղաքական կարգավորում՝ միջազգային իրավունքին համապատասխան, ներառյալ՝ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտը, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման Հիմնարար սկզբունքները»:

Ուշագրավ էին հաշվետվության նախագծի եւս երկու կետեր, որոնցից մեկով Եվրախորհրդարանը կոչ էր արել՝ «ամբողջությամբ իրականացնել Հայաստանի հետ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը եւ ընդգծում է ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները շարունակելու անհրաժեշտությունը»: Սակայն հաջորդ կետով պնդել էր` «Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունների ցանկացած խորացման պայման է մնում, որ այդ երկիրը կայուն առաջընթաց կապահովի մարդու իրավունքների, օրենքի գերակայության, ժողովրդավարության եւ հիմնարար ազատությունների հարցերում»: Այսինքն, ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունների խորացման հեռանկարում հստակ շեշտվում է Ադրբեջանում մի շարք սկզբունքների, արժեքների լիակատար ապահովումը, որոնց բացակայության դեպքում ԵՄ-Ադրբեջան փոխգործակցության որեւէ զարգացում չի կարող արձանագրվել: Վերոնշյալ նախագծում մեկ անգամ եւս շեշտվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի դերը, ինչպես նաեւ այդ ձեւաչափի կողմից ամրագրված կարգավորման՝ տարածքային ամբողջականության, ինքնորոշման եւ ուժի չկիրառման Հիմնարար սկզբունքները:

Հայաստանի ներկայիս իշխանությունները, հայաստանյան ընդդիմությունը, կարծես, առանձնապես չեն կարեւորում հայկական կողմի համար այս նպաստավոր ձեւակերպումներն ու արձանագրումները: Մինչդեռ Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւերը կարեւոր ազդակներ են, որոնցից պետք է օգտվել, դրանք լուրջ հիմք են Հայաստանի, Արցախի շահերը պաշտպանելու ճանապարհին: Բոլոր նախադրյալները կան, որպեսզի հայկական շահերն ամրապնդվեն: Իհարկե, հարկավոր է հսկայական նպատակասլաց աշխատանք իրականացնել: Պարզապես, մեղմ ասած, անհասկանալի է, թե ինչու են Հայաստանի իշխանությունները կենտրոնացել բացառապես «խաղաղության օրակարգի» սպասարկման վրա, որի արդյունքում Ադրբեջանի դիրքերն են միայն ամրանում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031