Լրահոս
Օրվա լրահոսը

Համոզվեցինք, որ աշխարհում միայնակ ենք

Մարտ 23,2023 14:00

Հայոց Մեծ եղեռնի ողջ ընթացքում պարզորոշ երեւաց, որ աշխարհում մենք լրիվ միայնակ ենք: 1915թ.-ից սկսած իրագործվում էր հայերի արյունալի եղեռնը եւ այդ նման ողբերգական իրավիճակում ոչ մի երկիր իրականում մեզ լրջորեն չպաշտպանեց, բացառությամբ որոշների, որոնք տեսնելով իրականացվող սպանդը, զուտ բարոյական ու մարդասիրական հանգամանքներից ելնելով՝ ուղղակիորեն եւ ոչ ուղղակիորեն Թուրքիային ընդամենը հորդորում էին, որպեսզի դադարեցնի այդ չլսված արյունահեղությունն ու վերջ տալ այդ ջարդերին, իսկ երիտթուրքերը թքած ունեին այդ հորդորների վրա եւ շարունակում էին իրենց «սրբազան» գործը: Բնավ չցանկանալով շեղվել բուն թեմայից, ասեմ, որ բազմիցս եմ բարձրաձայնել ու այժմ էլ չեմ կարող գոնե մեկ նախադասությամբ չասել, որ այդ ջարդերի ընթացքում, մեր հեզ՝ գառան նման պահելաձեւի պատճառով էր նաեւ, որ միլիոնուկես զոհեր տվեցինք, քանզի այդքան տարիների ընթացքում դժվար չէր՝ հնարավոր էր այդքան գառ մորթելը (չհաշված ծերերին, հիվանդներին ու երեխաներին) …

Անցել է մոտ մեկ դար եւ ինձ համար լրիվ անհասկանալի է, թե այդ ժամանակահատվածում մեր ժողովուրդը որոշակի վերլուծություններ արեց, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այդ Մեծ եղեռնը, ինչո՞ւ հայ ժողովուրդը չփորձեց որեւէ կերպ դիմակայել դրան ու ի՞նչը հետ պահեց նրան, ինչո՞ւ այդքան հեշտորեն հանձնվեց, ո՞րն էր գլխավոր պատճառը, որ այդքան մեծ քանակով մորթ եղավ եւ վերջապես, գոնե փորձեցի՞ն ու կարողացա՞ն ճանաչել թուրքի իրական տեսակը: Ինձ մոտ միշտ էլ այնպիսի տպավորություն է եղել, որ հայերը շատ արագ մոռացան այդ Եղեռնի մասին, քանզի տարին մեկ անգամ՝ ապրիլի 24-ին ծաղիկներով Ծիծեռնակաբերդ այցելելը՝ դեռեւս ցավի ու հիշողության մասին չի խոսում, իսկ հայ ժողովրդի ներսում՝ նրանց հոգիներում, այլ անհանգստություն չեմ տեսել: Էլ չեմ ասում, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման բարձրաձայնման եւ այլ երկրների կողմից դրա ճանաչման անհրաժեշտության մասին, բացի այն բարձրաձայն հորջորջելուց, այլ լուրջ բաներ չեմ լսել ու տեսել: Ասենք, մեկուկես միլիոն հայի հանիրավի մորթելուց հետո, չեմ տեսել, որ այս ժողովրդի մեջ գոնե վրեժի տարր շողշողա, վրեժի նախապատրաստման գործընթաց ձեռնարկվի, որն էլ պարզորոշ խոսում է լոկ այն մասին, որ գնալով՝ օր օրի, այդ եղեռնագործությունը համարյա մոռացվել է: Անգամ ավելին, ժողովրդի մեծամասնության մոտ մշտապես թուրքերի հետ բարեկամություն անելու ցանկության աճ եմ նկատել ու նկատում: Կարճ ասած, Հայոց մեծ եղեռնից քաղած դասեր ընդհանրապես չկան, դրանք համարյա զրոյական են եւ կարելի է ասել, որ դրանք համարյա լրիվ մոռացված են, որը հենց այն գլխավոր կռվանն է, որն Ադրբեջանին մղեց համարձակորեն սանձազերծելու 2020թ. 44-օրյա պատերազմը, որը ոչ այլ կերպ անվանել, քան Հայոց երկրորդ եղեռն, ուղղակի անհնարին է:

Այսօր՝ առավել եւս իմ տպավորությունն այնպիսին է, որ այդ եղեռնագործությունները՝ այդ թվում, շատ զարմանալիորեն նաեւ 2020թ. իրականացվածը, հայ ժողովրդի կողմից (չհաշված՝ նրա որոշակի խավերի), համարյա լիովին մոռացված է, որն էլ այն պարարտ հողն է, որը պաշտոնական Հայաստանին թույլ է տալիս ոչ միայն իր մտքով անցկացնել, այլ նաեւ ուղիղ կերպով ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախն էլ նրա կազմում, որի համար Հայաստանի իշխանությունը չնչին վախ անգամ չի ապրում, կարծես այդ քայլը՝ միմիայն հօգուտ Հայաստանի է արվում:

Իզուր չի ասված, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը … Փաստորեն, իշխանությունը պարզ քայլի է դիմում: Քանի որ ժողովրդի մեծամասնությանն ընդհանրապես չի հետաքրքրում Արցախի հարցը, իսկ Հայաստանի իշխանությունն իր գլուխը բազմաթիվ պրոբլեմներից ազատելու համար, օգտվելով այդ իրավիճակից (չէ՞ որ մեր ժողովրդի ցանկացած ներկայացուցիչ նաեւ վարչապետ է) եւ հաշվի առնելով այն, որ մեր ժողովրդի համար՝ Արցախի կարգավիճակի հարցի որպիսիությունը միեւնույն է, ինչպես նաեւ որոշակի արտաքին ուժերի ճնշման տակ, ուզում է իր կոկորդից առհավետ հանել ոչ միայն «Արցախ» կոչվող ոսկորը, այլեւ «Արցախ» կոչվող գաղափարն ընդհանրապես, որպեսզի կարողանա հանգիստ վայելել իր իշխանությունը: Չէ՞ որ իշխանությունն էլ հաջողության պես մի բան է՝ վիճակախաղով տրված բարիք եւ եթե այն ճիշտ չվայելես, հետո գլխիդ ես տալու, որն ուշացած է լինելու: Բա, զահլա կա՞, որ այդ հեշտ ճանապարհը թողած, գլուխդ դնես տարաբնույթ գլխացավանքների տակ, թքած, թե հայրենիքդ կկորցնես … Իշխանությունն ու վայելքները կոնկրետ բաներ են, իսկ հայրենիքն ի՞նչ է որ, ընդամենը վերացական գաղափար … Ճիշտ է ասված. «նաղդը թողած, ինչի՞ ընկնել նիսյայի ետեւից»:

Բնական է, որ այս հիմքի վրա գոյատեւող ու շարունակվող ժողովուրդը պետք է անհոգ լիներ եւ սխալ պատկերացներ իր առաջնային անելիքները, որի հետեւանքով էլ եղավ 44-օրյա դաժան պատերազմը, որը բազում մատղաշ կյանքեր խլեց, որի արդյունքում ունեցանք հազարավոր վիրավորներ, անհետ կորածներ ու մինչեւ այժմ Ադրբեջանում տառապող գերիներ: Ընդամենը պետք էր մի քիչ սիրել հայրենիքը ու մի փոքր զգոն լինել, չլափել պետության միջոցները եւ որոշակի ներդրումներ անել անվտանգության համակարգի արդիականացման ու հզորացման, բանակի սպառազինման վրա ու այդ պարագայում չէինք ունենա այդպիսի 44-օրյա պատերազմ՝ իր նման հետեւանքներով, կամ այդ պատերազմում կունենայինք լիովին այլ պատկեր … Էլ չեմ ասում, որ տարիներ շարունակ ամեն ինչ մոռացած՝ ընկած միմիայն փող դիզելու ետեւից, ընդհանրապես մի կողմ էր թողնված մեր արտաքին դիվանագիտությունը, որում, սակայն, փայլեց եւ այսօր էլ փայլում է Ադրբեջանի արտաքին դիվանագիտությունը, որի հետեւանքով եւ 44-օրյա պատերազմի ընթացքում, եւ այսօր էլ աշխարհում մնացել ենք միայնակ, թույլ, անպաշտպան, մեղք, կռացած, Ադրբեջանի փըխկ-ից վախեցած՝ սարսափող վիճակում գտնվող Հայաստան եւ անգամ՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու պարագայում, Հայաստանի փրկության շանսերը լիովին մթագնած են ու չգիտենք էլ, թե մեզ ինչ է սպասվում …

Ցավոք, այդպես էլ չկարողացանք առաջնայինն ու երկրորդականն իրարից տարբերել ու հայտնվեցինք այս աղետալի վիճակում …

Թուրքը երիցս ճիշտ է ասել. երանի հայի հետին խելքը իմը լիներ, որը, սակայն, այս պարագայում մեզ փրկություն չէր բերելու, քանզի հետինն արդեն շատ է ուշացել:

Ձմռանը՝ երբեք բնական ճանապարհով ծիրան չի աճում:

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ

ՀՀ Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
22.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031