Aravot.am-ի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 27-ին «LiveNews» կայքի յութուբյան էջում հրապարակված «Ինչ է կատարվում Արցախում և իրականում ինչ փաստաթուղթ է ստորագրվելու» խորագրով հարցազրույցի ժամանակ Նաիրի Հոխիկյանի հարցազրույցի որոշ հատվածներում իրավապահները բռնություն գործադրելու հրապարակային կոչ պարունակող հայտարարություններ են արձանագրել: Նախապատրաստված փաստաթղթերը ուղարկվել են քննության:
Նաիրի Հոխիկյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իր հարցազրույցում ինքը բռնության կոչեր չի հնչեցրել ու առհասարակ զերծ է մնում նման կոչերից: Մեր դիտարկմանը, թե չե՞ք կարծում, որ ձեր զրույցից այս հատվածը՝«Ի վերջո, հենց մի ադրբեջանցի հայտնվեց էնտեղ, շատ հստակ ասում եմ՝ սպանություն է տեղի ունենալու, որեւէ ադրբեջանցի, որ մոտենա իմ, ձեր մեքենային գլուխը կուտենք» կարող էր դիտարկվել բռնության կոչ, Նաիրի Հոխիկյանը այսպես արձագանքեց. «Եթե Ձեր մատնանշած հատվածն է, բռնության կոչ էր ու՞մ նկատմամբ, թշնամո՞ւ նկատմամբ, թշնամուն միշտ պետք է ոչնչացնել: Եթե ՀՀ իրավապահ մարմինները ադրբեջանցիների՝ Արցախի նկատմամբ ցեղասպանություն իրականացնելու ցանկություն ունեցող ադրբեջանցիների շահերի պաշտպանն են, ապա իրենք էլ են թշնամի, ինչ ասեմ: Տեսնեմ՝ իրականում այդ ճակատագրական սխալը կանե՞ն իմ նկատմամբ նմանատիպ հիմար մեղադրանքներ ընդունելով: Նորից լսեցի իմ հարցազրույցը, այնտեղ ոչ մի բռնության կոչ չկա: Իսկ եթե ձեր նշած հատվածի հիման վրա լինի, ուրեմն հստակ քաղաքական պատվեր է, կոնկրետ նպատակներով: Բայց հիմա կխուսափեմ ինչ-որ բան ասել, քանի դեռ պաշտոնապես չեմ ծանուցվել»: