Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է ապահովի, ՌԴ-ն պետք է վերահսկի, այնպես, ինչպես գրված է եռակողմ հայտարարության մեջ. Արարատ Միրզոյան

Մարտ 22,2023 22:25

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պատասխանները Ազգային ժողովի պատգամավորների հարցերին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ

Հարց (Սարգիս Խանդանյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարարին։ Պարոն նախարար, վերջին օրերին և հատկապես թյուրքալեզու երկրների գագաթաժողովի ժամանակ Ադրբեջանի նախագահն ուղերձներ է հնչեցրել, որոնք ընկալվում են որպես Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սպառնալիքներ։ Միևնույն ժամանակ տեղյակ ենք, որ վերջերս Ադրբեջանը հերթական անգամ իր դիտարկումներն է ուղարկել Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։ Ես կուզեի Ձեր դիրքորոշումը հայտնեիք այս ամբողջ գործընթացի վերաբերյալ։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բարև ձեզ։ Շնորհակալություն, պարոն Խանդանյան, հարցի համար։ Իսկապես, երևույթը, որի մասին Դուք խոսում եք, նոր չէ։ Մի կողմից ընթանում է բանակցային գործընթաց, ինչպիսին, օրինակ, խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող գործընթացը, և մյուս կողմից մենք տեսնում ենք իրականության մեջ Ադրբեջանի և ավելի սրվող հռետորաբանությունը, և սպառնալիքները և, ինչպես ասում են, գետնի վրա, ագրեսիվ գործողությունները։ Դրան ականատես ենք եղել 2022թ. սեպտեմբերի 13-14-ին, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ ինքնիշխան տարածք, դրան ականատես ենք եղել դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի փակմամբ և արդեն, ըստ այդմ, Լեռնային Ղարաբաղի շրջափակմամբ: Եվ այս երևույթը, ցավոք սրտի, շարունակվում է: Ավելին, վերջին օրերին, վերջին շրջանում, ես կասեի, էլ ավելի են սրվել թե´ հայատյացության քարոզը, թե´ ուղղակի սպառնալիքները։ Հիշում եք, Ադրբեջանի նախագահը անգամ հայտարարեց, որ «խաղաղության պայմանագիր» չի լինելու, Հայաստանում իրենց 29 հազար քառակուսի կիլոմետրի վրա հանգիստ չեն ապրելու, եթե Ադրբեջանի պայմաններն ամբողջությամբ չընդունեն։ Այս ուլտիմատիվ կեցվածքը կա, այս հռետորաբանությունը կա, և միևնույն ժամանակ բանակցությունները խաղաղության պայմանագրի շուրջ շարունակվում են։ Մենք կրկին ստացել ենք ադրբեջանական առաջարկներ, աշխատում ենք դրանց վրա, և առաջիկայում բնականաբար կլինեն մեր արձագանքն ու մեր առաջարկները։ Անշուշտ, ավելորդ է անգամ ասել, որ նշածս հռետորաբանությունը և ագրեսիվ կեցվածքը ոչ միայն չեն նպաստում խաղաղության գործընթացին, այլև նոր խոչընդոտներ են ստեղծում այդ գործընթացի ճանապարհին, բայց մենք հաստատակամ ենք, մեր դիրքորոշումը չի փոխվել, մենք համառորեն և անկեղծորեն շարունակելու ենք բանակցել՝ նպատակ ունենալով տարածաշրջանում երկարատև և կայուն խաղաղություն հաստատել։

Արձագանք (Սարգիս Խանդանյան). Պարոն նախարար, խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին. ԱՄՆ պետքարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահը կրկին խոսել էր Հայաստանի սահմանին անցակետ դնելու մասին: Կարո՞ղ է Հայաստանը դիտարկել այս հարցը, ընդհանրապես ո՞րն է ՀՀ դիրքորոշումը:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Պարոն Խանդանյան, Հայաստանը համարում է, որ Լաչինի միջանցքի և նրա ռեժիմի շուրջ բանակցությունները վաղուց ավարտվել են, և կարգավորումները տեղ են գտել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ըստ որի Լաչինի միջանցքը մնում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության տակ և Ադրբեջանը երաշխավորում է այդ միջանցքով մարդկանց, բեռների և ընդհանրապես մեքենաների անխափան երթևեկությունը՝ երկու ուղղությամբ: Սա ամրագրված ռեժիմ է, ամրագրված պայմանավորվածություն, և մենք այստեղ պետք է արդեն կասկած հայտնենք ընդհանրապես հետագա բանակցությունների նպատակահարմարության վերաբերյալ: Այսինքն, ի՞նչ իմաստ ունի ձեռք բերել անընդհատ, օրինակ՝ այլ հարցերի շուրջ պայմանավորվածություններ, եթե դրանք որոշ ժամանակ հետո անպայմանորեն խախտվելու են Ադրբեջանի կողմից և Ադրբեջանը նույն այդ հարցի շուրջ հանդես է գալու նոր, ավելի կոշտ պահանջներով:

Ոչ, մենք չենք բանակցում Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ: Շնորհակալություն:

Հարց (Արուսյակ Ջուլհակյան). Հարցս ուղղված է ՀՀ ԱԳ նախարար պարոն Միրզոյանին: Մեծարգո նախարար, վերջին շրջանում մենք տարատեսակ մեկնաբանություններ ենք լսում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության՝ Հայաստանում տեղակայման վերաբերյալ: Ինձ հետաքրքիր է, թե մենք Եվրամիության մեր գործընկերների հետ, ինչպես նաև մեր միջազգային այլ գործընկերների հետ այս առումով ինչ քննարկումներ ունենք: Շնորհակալ եմ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Տիկին Ջուլհակյան, անկեղծ ասած փոքր-ինչ զարմացած եմ այն կապակցությամբ, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ ԵՄ առաքելությունը, որովհետև առաքելության մանդատը հստակ ամրագրված է համապատասխան որոշմամբ, որը հրապարակային է, և ցանկացած ոք, ով հետաքրքրվում է դրա նրբերանգներով, կարող է տեղեկանալ: Եթե ծագում են հավելյալ հարցեր, իսկապես, մենք ամբողջ պատրաստակամությամբ պատասխանում ենք այդ հարցերին: Բայց տարատեսակ մեկնաբանությունների տեղիք չկա. նախ առաքելությունը քաղաքացիական է և երկրորդ՝ մի կարևոր հանգամանք ուզում եմ անպայման ընդգծել. ՀՀ համար այս առաքելությունը ևս մեկ կարևոր գործիք է, որը պետք է ծառայեցվի ընդհանուր խաղաղության գործընթացին: Տեղյակ եմ, որ հնչում են նաև մեկնաբանություններ այն մասին, թե հայկական կողմը, այսպես ասած, թաքնվելով ԵՄ առաքելության թիկունքում ինչ-որ սադրանքներ է անում և այլն: Նախ, հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում, և երկրորդ, կրկին, ԵՄ առաքելությունը հայկական կողմի համար, Հայաստանի Հանրապետության համար միայն ու միայն մի գործիք է, որը պետք է հավելյալ նպաստ բերի, հավելյալ կերպով ամրապնդի խաղաղության գործընթացը, կայունությունը տարածաշրջանում, ինչպես նաև, օրինակ, իրականացնի օբյեկտիվ իրականության գնահատումը և փոխանցումը Եվրոպական միության գործընկերներին. սա ևս կարևոր նպատակ է:

Արձագանք (Արուսյակ Ջուլհակյան). Շնորհակալ եմ, պարոն Միրզոյան, պատասխանի համար: Արձագանքի տեսքով ևս մեկ հարց: Կառավարության վերջին նիստի ժամանակ ՀՀ վարչապետն ԱԳ նախարարությանը երկու հանձնարարական տվեց. առաջինը՝ ՄԱԿ շրջանակներում Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային մեխանիզմի գործարկման ուղղությամբ կատարել աշխատանքներ, և երկրորդ հանձնարարականը վերաբերում էր նոյեմբերի 9-ի հայտարարության 7-րդ կետով սահմանված Լեռնային Ղարաբաղից և հարակից շրջաններից տեղահանված հայերի վերադարձի առնչությամբ կրկին միջազգային մեխանիզմների գործարկմանը: Խնդրում եմ տեղեկացնել՝ այս երկու ուղղություններով ինչ աշխատանքներ են տարվել և ինչ փուլում ենք գտնվում այս առումով: Շնորհակալություն:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ։ Նախ ասեմ, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և հրադադարից հետո ՀՀ արտաքին գործերի նախարարությունը գրեթե անմիջապես աշխատանքներ է սկսել ՄԱԿ-ի փախստականների հարցով բարձր հանձնակատարի հետ՝ ապահովելու հայտարարության 7-րդ կետում ամրագրվածը, այն է՝ փախստականների վերադարձ Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ, այն տարածքներ, որոնք այժմ հայտնվել են ադրբեջանական վերահսկողության ներքո, և իմ՝ ԱԳ նախարար նշանակվելուց հետո այդ աշխատանքները շարունակվել են։ Կա նամակագրություն, տեղի է ունեցել մի քանի հանդիպում նաև իմ մասնակցությամբ: Եվ վարչապետի հանձնարարականից հետո հանդիպում է տեղի ունեցել բարձր հանձնակատարի ներկայացուցչի հետ, հարցը քննարկվում է։ Խոչընդոտներ կան իրականում, և այդ խոչընդոտները, որքանով կարող եք ենթադրել, ադրբեջանական կողմն է հարուցում։ Այստեղ ևս հայկական կողմը ձգտում է լինել առավելագույնս կառուցողական՝ գտնելու լուծումներ, որպեսզի հայտարարության 7-րդ կետում ամրագրվածն իրականացվի։ Ինչ վերաբերում է Ցեղասպանության կանխարգելման մեխանիզմին, այս ուղղությամբ ևս մենք վաղուց աշխատում ենք և հիմա ակտիվացրել ենք ջանքերը, որովհետև, ինչպես ակնհայտորեն բոլորը կարող են տեսնել, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության համար իրական էթնիկ զտումների վտանգ կա, իրական ցեղասպանության վտանգ կա: Սա նույնիսկ անթաքույց կերպով դրսևորվում է ադրբեջանական ամենաբարձր պաշտոնյաների հայտարարություններում, խոսույթում, այնպես որ իսկապես այս ուղղությամբ միջազգային հանրությունը, մասնավորապես ՄԱԿ-ն անելիքներ ունի:

Հարց (Լիլիթ Ստեփանյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար պարոն Միրզոյանին: Պարոն Միրզոյան, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի գերատեսչությունը 24/7 ռեժիմով աշխատում է, և բազմաթիվ են հանդիպումները, աշխատանքային քննարկումները նախարարի, փոխնախարարների մակարդակով ինչպես ՀՀ-ում, այնպես էլ միջազգային գործընկերների մոտ տարբեր հարթակներում: Եվ այս համատեքստում կցանկանայի, որպեսզի մենք առանձնացնենք մարտի 7-ից 9-ը Եգիպտոս կատարած Ձեր այցը, որտեղ Դուք հնարավորություն ունեցաք խոսելու Արաբական պետությունների լիգայի նախարարական նիստում, ինչպես նաև տեղի ունեցան մի քանի երկկողմ հանդիպումներ: Ինչպե՞ս կամփոփեք այցը և ինչպե՞ս եք տեսնում ՀՀ-ի և արաբական երկրների հարաբերությունների զարգացման հեռանկարները:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Շնորհակալ եմ հարցի համար տիկին Ստեփանյան: Գաղտնիք չէ, որ ՀՀ-ն անկախության հռչակումից ի վեր ավանդական ջերմ, բարեկամական հարաբերություններ է ունեցել և այսօր էլ ունի արաբական աշխարհի պետությունների հետ և այս հարաբերություններն էլ իրենց հերթին հիմնված են պատմականորեն արաբ ժողովրդի և հայ ժողովրդի միջև ջերմ, եղբայրական հարաբերությունների վրա: Այցը շատ լավ առիթ էր նաև միանգամից մեկ սրահում արաբական պետությունների ԱԳ նախարարների ներկայությամբ ներկայացնել մեր տեսլականը տարածաշրջանում ընթացող զարգացումների շուրջ: Եվ մեկ-երկու կարևոր հարցի անդրադառնանք: Ես կկարևորեմ հատկապես հետևյալը. գիտեք, որ վերջերս Ադրբեջանի իշխանությունները փորձ են անում հավելյալ՝ կրոնական երանգ հաղորդել այն ամենին, ինչ կատարվում է և կատարվել է մեր տարածաշրջանում: Եվ ահա այս այցի ընթացքում մենք կարողացանք հանգամանորեն ներկայացնել և բացատրել մեր գործընկերներին, և կարող եմ վստահեցնել, որ առնվազն իմ տպավորությամբ, բայց կարծում եմ, որ օբյեկտիվ իրականություն է սա, որ նաև արաբ գործընկերներն ունեն նույն ընկալումը, որ այս գործընթացները, հակամարտությունը ԼՂ շուրջ, նաև ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ քայլերը և մնացած բոլոր հավելյալ խնդիրները, որ կան Ադրբեջանի հետ, այդ խնդիրները որևէ կերպ, որևէ կրոնական երանգ չունեն:

Արձագանք (Լիլիթ Ստեփանյան). Շնորհակալություն: Ուզում եմ տեղեկացնել, հարգելի գործընկերներ, որ քիչ առաջ Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ րոպեներ առաջ ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունել է ևս մեկ հայտարարություն, ըստ որի ևս մեկ անգամ ոչ իրավաչափ է համարել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը: Սա ևս մեկ գնահատական է մեր միջազգային կարևոր գործընկերների կողմից Լաչինի միջանցքի փակման վերաբերյալ:

Պարոն Միրզոյան, զուգահեռաբար, մենք, այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Ադրբեջանը դիմում է ավելի շատ սադրիչ գործողությունների, իսկ քանի որ գիտենք Ադրբեջանի ձեռագիրը տարիների ընթացքում չի փոխվել, այս պարագայում ի՞նչ եք կարծում` կա էսկալացիայի վտանգ, թե՞ ոչ: Այս մասին խոսեց նաև ՀՀ վարչապետն իր ասուլիսի ընթացքում:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Նախ, ընդունված հայտարարության կապակցությամբ ուզում եմ միանգամից երախտիքի խոսք հայտնել բոլոր նրանց, ովքեր կողմ են քվեարկել այդ հայտարարությանը: Սա անհրաժեշտ է, բայց նաև ուզում եմ հիշատակել մի կարևորագույն իրադարձություն` ՄԱԿ-ի Միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշման ընդունումն այն մասին, որ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթևեկությունն այնպես, ինչպես դա ամրագրված է, ինչպես դա բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մինչև այս որոշումը և արդեն այս որոշումից հետո բազմաթիվ են այն գործընկերներ պետությունները, որոնք թե´ խորհրդարանական, թե´ գործադիր մակարդակում այս նույն կոչով հանդես են գալիս: Կարծում եմ, որ միջազգային հանրությունն իսկապես այստեղ անելիք ունի, և պետք է շարունակեն այդ քաղաքականությունը և ավելի գործուն միջոցներ կիրառեն: Գիտեք, որ ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումները կրում են իրավաբանորեն պարտադիր բնույթ, ենթակա են կատարման և չկատարման դեպքում դրանից պետք է ինչ-որ հետևանքներ բխեն, այլապես, միջազգային հարաբերությունների համակարգն ընդհանրապես չի աշխատի:

Ինչ վերաբերում է էսկալացիայի վտանգին, այո, իհարկե կա: Ագրեսիայի վտանգ մշտապես կա` անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ կողմից դրսևորվող կառուցողական մոտեցումից: Եվ այս օրերին, երբ մենք ականատես ենք լինում հենց այդպիսի սուր հռետորաբանության և սպառնալիքների, պետք է փաստենք, որ այո, նոր ագրեսիայի վտանգ և´ ՀՀ դեմ, և´ Լեռնային Ղարաբաղի դեմ, ընդ որում` ԼՂ դեպքում նաև էթնիկ զտումների և ցեղասպան քաղաքականության դրսևորումների տեսքով, իսկապես կա:

Հարց (Լիլիթ Մինասյան). Հարցս ուղղում եմ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին: Ինչպե՞ս կամփոփեք ձեր այցը Մոսկվա, ի՞նչ պայմանավորվածություններ կան և արդյո՞ք ակնկալում եք կոնկրետ գործողություններ Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ:

Պատասխան (Արարատ Միրզոյան). Իմ գնահատականն այցի վերաբերյալ միանշանակ է. բավականին կառուցողական, անկեղծ խոսակցություն տեղի ունեցավ և´ իմ ու նախարար Լավրովի միջև առանձնազրույցի ժամանակ, և´ արդեն ընդլայնված կազմով պատվիրակությունների հանդիպման ընթացքում: Իսկապես կառուցողական քննարկում տեղի ունեցավ: Անդրադարձել ենք ինչպես երկկողմ մշտական օրակարգի տարբեր հարցերին, այնպես էլ, բնականաբար, տարածաշրջանային հարցերին: Մեր կողմից ներկայացրել ենք վերջին զարգացումները: Անշուշտ, ես ուշադրություն եմ հրավիրել Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքի վրա: Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքում ենթադրվող գործողություններին, ապա, այո, իհարկե, ակնկալում ենք: Եթե կհիշեք, տիկին Մինասյան, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ 3 երկրներ պայմանավորվել են այն մասին, որ Լաչինի միջանցքը մնում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո և Ադրբեջանն այնտեղ երաշխավորում է երկկողմ երթևեկությունը: Եվ ահա այս երկու երկրներն անելիքներ ունեն միջանցքը բացելու ուղղությամբ. Ադրբեջանը պետք է ապահովի և ՌԴ-ն պետք է վերահսկի, կրկնում եմ, այնպես, ինչպես դա գրված է եռակողմ հայտարարության մեջ:

Արձագանք (Լիլիթ Մինասյան). Շնորհակալություն։ Եվ երկրորդ հարցս, եթե թույլ կտաք։ Արդյո՞ք եղել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների միջև եռակողմ հանդիպման առաջարկ, և եթե այո, ո՞րն է Ձեր պատասխանը։

Պատասխան (Արարատ Միրզոյան). Բնականաբար այս թեման կամ ենթաթեման քննարկվել է։ Կհիշեք, կարծում եմ, որ անցած տարվա դեկտեմբերի 23-ին նախատեսված էր այդպիսի եռակողմ հանդիպում իմ, Ադրբեջանի և ՌԴ ԱԳ նախարարների միջև։ Հանդիպումը պետք է տեղի ունենար Մոսկվայում, բայց մենք չմասնակցեցինք, մենք հետաձգեցինք մեր մասնակցությունը այդ հանդիպմանը և, ըստ այդմ, նաև այդ հանդիպումը, որովհետև Լաչինի միջանցքն ապօրինի կերպով փակվել էր Ադրբեջանի կողմից, և Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և մնացած առաջին անհրաժեշտության ապրանքների շատ սուր կարիք կար։ Պարզ է, որ բանակցություններն ընթանում են այս պահին հեռավար կերպով, եթե կարելի է այդպես ասել, որովհետև մենք, այնուամենայնիվ, փոխանակում ենք մեր առաջարկները, մեր պատկերացումները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ, բայց ենթադրվում է, որ ինչ-որ փուլից պետք է նաև վերսկսվեն ֆիզիկական հանդիպումներն ու քննարկումները։ Այո, այդ թեման քննարկվել է Մոսկվայում, և այդպիսի հանդիպման հնարավորություն առաջիկայում կա։ Շնորհակալ եմ։

ՀՀ ԱԳՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031