ՔՊ պատգամավոր Դավիթ Դանիելյանը իր ֆեյսբուքյան էջում «Պաշտոնական հերքում» վերտառությամբ գրառում է արել, թե՝ «Առավոտ» լրատվականը հրապարակել էր նյութ, ըստ որի ես ունեմ 6 անշարժ գույք: Սկզբում լուրջ չվերաբերվեցի այս նյութին, սակայն բազմաթիվ լրագրողների ու անհատների կողմից հարցադրումներ ստացա այս թեմայով: Ցավում եմ, որ երկարամյա պատմություն ունեցող լրատվականը չի տիրապետում փաստերի ստուգման հմտությանը կամ ինձ հեղինակազրկելու փորձ է անում: 2015 թվականին, մինչ պաշտոն ստանձնելը, ես գնել եմ կիսաքանդ շինությամբ 1 հատ հողատարածք գյուղ Նուռնուսում, որի վրա 5 տարվա ընթացքում կառուցել եմ ամառանոց: Շինարարական աշխատանքները վերջնական ավարտել եմ 2021 թվականին և պետական ռեգիստրում գրանցել եմ նույն թվականին: Այլ կերպ ասած, «Առավոտը» այս տունը ներկայացրել է որպես նոր գնում, ինչը ԿԵՂԾԻՔ Է:
2021 թվականին նույն հողատարածքի կողքին գնել եմ 500քմ հողատարածք $1700-ով (քանի որ Նուռնուսը ՉՈւՆԻ բարեկարգ ճանապարհներ, իսկ մինչև վերջերս զրկված էր ջրամատակարարումից` հողատարածքների գները ցածր էին):
2020 թվականին ամուսնացել եմ և կնոջս հետ հիփոթեկային վարկով գնել ենք բնակարան (63քմ), ՈՉ նորակառույց շենքում, երկրորդական շուկայից, Չվերանորոգված (Քանաքեռցու 131\2 շենք բն 2. հասցեում): «Առավոտը» սա ներկայացրել է, որպես կրկնակի գնում` ԿԵՂԾԻՔ Է:
2021 թվականին հիփոթեկային վարկով (եկամտահարկի վերադարձի օրենքով) գնել եմ երկսենյականոց բնակարան (56 քմ) նորակառույց շենքում, որը դեռ պատրաստ չէ (Քանաքեռ-Զեյթուն Պ.Սևակ փողոց 51/11):
Կարդացեք նաև
Ընդգծում եմ, որ նմանատիպ քայլերով փորձ է արվում ստվերել իմ գործունեությունը և հեղինակազրկել ինձ: Ես շարունակելու եմ նույն ակտիվությամբ աշխատել հանուն Սյունիքի, հանուն մեր Հայրենիքի»:
ՔՊ պատգամավորը հիշատակում է Aravot.am-ի «Հարստացած հեղափոխականները» տեսանյութը, որտեղ ցուցադրելով նրա հայտարարագիրը, ներկայացնում ենք, որ նա ունի 6 անշարժ գույք եւ որ թվականին է այն ձեռք բերել: Ստորեւ ցուցադրում ենք Դավիթ Դանիելյանի ներկայացրած վերջին հայտարարագիրը, որտեղ պարզ երեւում է թե՛ այդ անշարժ գույքի քանակը, թե՛ ձեռքբերման տարեթիվը եւ թե՛ ձեռքբերման եղանակը՝ ԳՆՈՒՄ:
Պատգամավորը գրում է, թե՝ 2021 թվականին գնել եմ 500քմ հողատարածք $1700-ով, Նուռնուսը չունի բարեկարգ ճանապարհներ, գինը ցածր էր, 2020 թվականին կնոջս հետ գնել ենք բնակարան (63քմ), երկրորդական շուկայից, չվերանորոգված, 2021 թվականին հիփոթեկային վարկով գնել եմ երկսենյականոց բնակարան (56 քմ) նորակառույց շենքում, որը դեռ պատրաստ չէ: Մենք չենք հրապարակել Դանիելյանի բնակարանների եվրոռեմոնտի, արժեքի, առաջնային կամ երկրորդային շուկայից ձեռք բերելու հանգամանքի մասին, որ հերքում է: Նա ասում է կնոջ հետ հիփոթեքային վարկով է գնել բնակարանը, բայց ո՛չ իր, ո՛չ կնոջ՝ Անի Անտոնյանի հայտարարագրում վարկ ունենալու մասին որեւէ տվյալ չկա:
Ավելին՝ բոլորովին չստվերելով պատգամավորի գործունեությունը, պարզաբանումներ ստանալու համար Aravot.am-ը 06.03.2023-ին տեղեկատվության հարցում է ուղարկել նրա պաշտոնական հասցեին՝ Ազգային ժողովի էլեկտրոնային փոստով:
Օրենքով սահմանված ժամկետն ավարտվել է եւ պատգամավորը որեւէ պարզաբանում չի ներկայացրել: Իսկ տեղեկատվության հարցմամբ մենք հետաքրքրվել էինք. «Հեղափոխությունից հետո ԿԳՄՍ նախարարի օգնականի պաշտոնը ստանձնելիս Դուք ունեիք 2008 թվի «Սուզուկի» մակնիշի մեքենա եւ Բյուրեղավանում մեկ հողամաս: Ըստ վերջին հայտարարագրի, 2020-ին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում ձեռք եք բերել միանգամից 2 բնակարան, 2021-ին ձեռք եք բերել հողամաս Կոտայքի մարզի Նուռնուս համայնքում եւ KIA մակնիշի 2012 թվականի արտադրության մեքենա: 2022-ին գնել եք եւս մեկ բնակարան Քանաքեռ Զեյթունում, ընդհանուր առմամբ ունեք 6 անշարժ գույք: Տարվա սկզբում ունեցած 1 մլն դրամը դարձել է 4 մլն դրամ, իսկ որպես եկամուտ ԱԺ–ից ստացել եք 2,8 մլն դրամ, ուրիշ եկամուտ չունեք, համենայնդեպս, հայտարարագրում նշված չէ եւ վարկային միջոցներ էլ չեք ներգրավել:
Խնդրում եմ պարզաբանել՝
1.Ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով եք ձեռք բերել այդքան գույքը, ի՞նչ արժեքով:
2.Ինչպե՞ս է ստացվել, որ Ձեր դրամական միջոցները գերազանցում են Ձեր աշխատավարձը»:
«Առավոտը» սպասում է պատգամավորի պարզաբանմանը:
Ի դեպ, այս օրերին մենք ստացել ենք նաեւ այլ պաշտոնյաների պատասխանները՝ մեր տեղեկատվության հարցմանը, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ