«Շատ բնակավայրերում են փողոցները քանդված, բայց քանդել ենք՝ կառուցելու նպատակով»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ասաց ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ արձագանքելով ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցադրմանն այն մասին, որ Գորիսի կենտրոնական փողոցները տեւական ժամանակ քանդված են, ու բնակիչներն արդեն դժգոհում են․ եթե մրցույթը շահած կազմակերպություն կա, ապա ինչո՞ւ աշխատանքն ավարտին չի հասցվում։
«Բնակիչներին խնդրում ենք համբերատար լինել։ Ասֆալտապատումից առաջ փորձում ենք հնարավոր կոմունիկացիաները փոխել, որպեսզի հետո ստիպված չլինենք նոր ասֆալտապատված ճանապարհները «կտրել»։ Գորիսում երկու ծրագրով են աշխատանքներն ընթանում եւ բավականին խոշոր գումարների մասին է խոսվում։ Ջրագծերը եւս փոխվում են։ Դժվարություններ են լինում»,-մանրամասնեց Գնել Սանոսյանը։
Ըստ նրա՝ այս տարվա ընթացքում Գորիսի փողոցները կասֆալտապատվեն ու կսալիկապատվեն,եւ քաղաքն այլ տեսք կստանա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ