«Վերջին շրջանում տարատեսակ մեկնաբանություններ ենք լսում ԵՄ դիտորդական առաքելության՝ ՀՀ-ում տեղակայման վերաբերյալ։ Մեր միջազգային գործընկերների հետ ի՞նչ քննարկումներ կան այս առումով»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։
Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ իր համար փոքր-ինչ զարմանալի է, թե ինչ մեկնաբանությունների առիթ կարող է տալ առաքելությունը․ «Դրա մանդատը հստակ ամրագրված է, ցանկացած ոք կարող է տեղեկանալ։ Եթե հավելյալ հարցեր կան, մենք պատրաստակամ ենք։ Առաքելությունը քաղաքացիական է։ Մեր համար այն եւս մեկ գործիք է, որը պետք է ծառայեցվի խաղաղության գործընթացին։ Մեկնաբանություններ են հնչում, որ հայկական կողմը ԵՄ առաքելության թիկունքում ինչ-որ սադրանքներ է անում։ Հայկական կողմն ընդհանրապես սադրանքներ չի անում։ Առաքելությունը ՀՀ-ի համար միայն մի գործիք է, որը հավելյալ նպաստ պետք է բերի խաղաղության եւ կայունության գործընթացին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ