«Օրերս Անի համայնքի Իսահակյան, Լուսաղբյուր, Շիրակավան, Գուսանագյուղ բնակավայրերում էի։ Քաղաքացիների հիմնական հարցն այն է, թե երբ է վերսկսվելու Արմավիր-Գյումրի հանրապետական նշանակության ճանապարհի հիմնանորոգումը։ Այն անցնում է Անի համայնքի մի քանի բնակավայրով՝ ՀՀ-Թուրքիա սահմանի երկայնքով»,- կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։
Նա հավելեց․ «Նախորդ տարեվերջին վերին շերտի հեռացում է արվել։ Ճանապարհը նախկինում շատ անմխիթար վիճակում էր եւ հիմա էլ է այդ վիճակում։ Աշխատանքների համար հիմա եղանակային պայմանները նպաստավոր են, ե՞րբ է աշխատանքը սկսվելու»։
Գնել Սանոսյանը պատասխանեց, որ բավականին կարեւոր նշանակության ճանապարհի մասին է խոսքը, որը Շիրակի մարզն Արագածոտնի մարզի միջոցով կապում է Արմավիրին․ «Մենք այդ հատվածից առանձնացրել ենք 29 կմ ամենաանբարեկարգ հատվածը՝ Գյումրի-Իսահակյան։ Երկու մասի է բաժանված։ Շինարարական ընկերությունը նախորդ տարի է սկսել աշխատել, մնացածն անելու է այս տարի։ Տեխնիկան արդեն տեղափոխել է ու սկսել աշխատել, ուղղակի այն բնակավայրի հատվածում է, դրա համար բնակիչները չեն տեսնում։ Հիմա բետոնային աշխատանքներ են անում։ Առաջիկայում բնակիչները կտեսնեն, որ աշխատանքն ակտիվ փուլ է մտնում»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ