Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. «Ես արդեն այնքան քրեական ու քաղաքացիական գործերով եմ դատական նիստերի մասնակցում, որ երբեմն հաշիվն եմ կորցնում, թե որ օրը, ինչ գործով դատին պետք է ներկայանամ»

Մարտ 22,2023 18:01

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում խոսելով իր նկատմամբ հարուցված դատական գործերի եւ իրականացվող վարույթների մասին՝ ասաց, որ այսօր իր համար արտառոց օր է: Նրան հաճելիորեն զարմացրել էր իր գործով զբաղվող քննիչի պրոֆեսիոնալիզմը: «Ես արդեն այնքան քրեական ու քաղաքացիական գործերով եմ դատական նիստերի մասնակցում, որ երբեմն նույնիսկ հաշիվն եմ կորցնում, թե որ օրը, ինչ գործով դատին պետք է ներկայանամ: Առաջին անգամ այս հեղափոխությունից հետո ինձ հանդիպում է քննիչ, որը մինչեւ ինչ-որ մեկի հրահանգ կատարելը՝ գործի նյութերին ծանոթացել է ամբողջապես»,-ասաց նա: Բանախոսը աշխատում էր հնարավորինս քիչ դրվատանքի խոսքեր ասել, որովհետեւ, նրա իսկ խոսքերով, այդպիսի բարեխիղճ մասնագետներին հետագայում գործազուրկ են դարձնում։ «Ես սկզբում կարծում էի, թե նորից հրահանգ է իջեցվել, որ քննությունը ձեւական կլինի, սակայն քննությունը գնաց օբյեկտիվ, ինչն իմ համար, կրկնում եմ, տարօրինակ էր, բայց նաեւ՝ ողջունելի:

Բայց զարմանում եմ հարկադիր կատարողների գործողությունների վրա: Ես ինքնակամ՝ հայցի պահանջի ապահովման նպատակով իմ եւ կնոջս մեքենաները տարել եմ հարկադիր կատարման պահման վայր եւ փաստաբան Աննա Ծառուկյանի միջոցով դիմել համապատասխան ատյաններին: Հարկադիր կատարողները, ունենալով բոլոր փաստաթղթերը, որ մենք դիմել ենք վերաքննիչ, որ կոնկրետ Մակունցի մասով դիմել ենք վարչական դատարան, հանկարծ հաղորդում են ներկայացնում Քննչական կոմիտե, որպեսզի այնտեղ հարուցվի քրեական վարույթ: Իրենք մեկնաբանում են, որ Մարուքյանը, Մարուքյանի փաստաբանն ամեն օր զանգում են, օր ու արեւ չեն տալիս: Բայց դու օրենքի մարդ ես, շարժվիր օրենքի տառին համապատասխան: Հետո ինչ, որ Մարուքյանը պաշտոն է զբաղեցնում»:

Գառնիկ Իսագուլյանը իր հետ բերել էր հրապարակված փաստաթղթերի մի ամբողջ թղթապանակ, որտեղ, նրա ասելով, փաստեր կան ժամանակին վերջինի թույլ տված բազմաթիվ կեղծիքների, մասնավորապես, պատգամավոր ընտրվելու վերաբերյալ եւ հորդորեց Մարուքյանին շատ չոգեւորվել: «Ես կյանքում հաղորդում չեմ տվել, բայց չի բացառվում, որ հետո որոշեմ հաղորդում տալ: Օրինակ, թե ո՞նց է, որ համ ստացիոնար սովորել է Մոսկվայում, համ զուգահեռաբար ծառայել է բանակում: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները մենք ստանալու ենք դատարանում»:

Աննա Ծառուկյանը հավելեց. «Ենթատեքստ ենք կարդում, երբ խոսում ենք, որ Էդմոն Մարուքյանը ենթադրյալ ճնշումներ է իրականացնում հարկադիր կատարողների նկատմամբ, որովհետեւ նա քողարկված ձեւով դիմումներ է ներկայացնում: Այս պահի դրությամբ նա դիմում է ներկայացրել, թե Իսագուլյանն ինչու ներողություն չի խնդրում իրենից: Այս մարդիկ հասկանում են, որ եթե դիմումները պարբերաբար շարունակվեն, Էդմոն Մարուքյանը դիմելու է հակակոռուպցիոն կոմիտե՝ հաղորդում է տալու, թե դատական ակտերի հարկադիր կատարողը կատարում է հանցագործություն՝ ակտը չի կատարվում: Այսինքն, ստացվում է, որ ուղղորդում է այդ անձանց, որպեսզի նրանք հաղորդում տան Իսագուլյանի նկատմամբ: Բայց մի բան են մոռանում, որ հանցակազմի ակնհայտ բացակայությամբ են տալիս այդ հաղորդումը»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031