Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին ղեկավար Սեյրան Մեջլումյանն ու ճարտարապետության ու քաղաքաշինության վարչության պետի տեղակալ, վարչության պետի պաշտոնակատար Դավիթ Դալլաքյանը, որոնք մարտի 21-ին ձերբակալվել էին, ազատ են արձակվել։ Քանի որ լրացել էր նրանց ձերբակալման 24 ժամը, իսկ հակակոռուպցիոն կոմիտեն կալանքի միջնորդություն չէր ներկայացրել դատարան, ուստի նրանք ազատ են արձակվել։
Սեյրան Մեջլումյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել մարտի 17-ին, նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարական ներկայացնելու օրը։
Այսօր հարցաքննվել է Երեւանի քաղաքապետարանի «Կարգավիճակ չունեցող գույքերի բաժնի» պետ Տարոն Միրոյանը։
Նշված երեք անձինք, որոնք մեղադրյալի կարգավիճակ ունեն, Aravot.am-ի տեղեկություններով, իրավապահների ուշադրության կենտրոնում են հայտնվել ինքնակամ շինություններն ապօրինի ճանապարհով օրինականացնելու համար։
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Հակակոռուպցիոն կոմիտեից հրաժարվեցին որեւէ մեկնաբանություն տալ։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ