«Այս օրերին ողջ աշխարհի քրդերը տոնում են ազգային տոնը՝ Նավրուզը, որը մեր հնագույն տոներից է ու գալիս է հեթանոսական շրջանից՝ գարնան զարթոնքի եւ գիշերահավասարի օրը»,-կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Կնյազ Հասանովը։
Նա դիմեց Նիկոլ Փաշինյանին․ «Մեծարգո պարոն վարչապետ, երեկ անձամբ պետական մակարդակով շնորհավորեցիք մեր ազգային տոնը, ինչը մեծ արձագանք գտավ աշխարհի բազմամիլիոնանոց քրդերի շրջանում։ Նրանք իրենց երախտագիտությունն են հայտնում ՀՀ իշխանությանն ու հայ ժողովրդին։ Բոլոր քրդերի անունից սրտանց շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ մեր տոնը շնորհավորելու եւ մեծ հարգանքի, պատվի արժանացնելու համար»։
Ապա Կնյազ Հասանովը հնչեցրեց հարցը․ «Դեռեւս խորհրդային տարիներին տասը եւ ավելի երեխաներ ունեցողները պարգեւատրվում էին հերոսուհու մեդալով։ Նրանք մեծ հարգանք ու պատիվ էին վայելում եւ ձգտում շատ երեխաներ ունենալ եւ ստանալ գումարներ՝ խրախուսանքի համար։ Սակայն վերջին քսան տարում այդ մեդալը կարծես կորցրել է նշանակությունը, թեեւ կառավարությունը խրախուսում է շատ երեխաներ ունենալ։ Պետք է քննարկել հարցը»։
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն արձագանքեց, որ խնդիրներին անդրադառնալու են ժողովրդագրությանը վերաբերող ռազմավարության մշակման ընթացքում․ «Այն ավարտին է մոտենում։ Իսկ մենք ունենք փառքի մեդալ։ Ամսական պատվո վճար են ստանում, բայց սա միտված չէ զուտ շատ երեխաներ ունենալուն։ Ծնողն առողջ ապրելակերպ պետք է վարի եւ ընտանիքի համար պայմաններ ապահովի, լինի օրինակելի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ