Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպե՞ս կարելի է դաշնամուրի մասնագետին ատեստավորել թեստային առաջադրանքներով». Երաժշտական դպրոցի տնօրեն

Մարտ 22,2023 16:29

Օրերս էջմիածնի Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրեն, «Արթպրոգրես» մշակութային ՀԿ-ի նախագահ, դաշնակահար Արտյոմ Հարությունյանը (լուսանկարում) ֆեյսբուքի իր էջում մտահոգված գրառում էր արել՝ կապված ԿԳՄՍ Նախարարության եւ ԳԹԿ-ի «Դաշնամուր մասնագիտության կամավոր ատեստավորման» թեստային ձեւաչափի հետ: Նա տարակուսանք էր հայտնել՝ արդյոք մանկավարժը, որ գիտի, թե Բեթհովենի 28-րդ սոնատը որ թվականին է գրված, համարվո՞ւմ է հարուստ մեթոդներով «զինված» դաշնամուրի մասնագետ»:

Aravot.am-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արտյոմ Հարությունյանի հետ: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում դաշնակահարների ատեստավորմանը եւ արդյոք անակնկալ էր այս ձեւաչափը, Ս. Մելիքյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցի տնօրենն ասաց, որ կարեւորում է մանկավարժների՝ պետության կողմից լիիրավ պաշտպանություն եւ աջակցություն ստանալը, լինեն նրանք երաժշտական, թե հանրակրթական դպրոցների ուսուցիչներ:

Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, այս մասին էլ նշեց. «Երբ ԿԳՄՍ նախարարության կողմից օրենքի նախագիծը դրվեց հանրային քննարկման, ես նախագծի գաղափարակիցներից մեկն էի ինձ համարում, բազմաթիվ հարթակներում կիսվում էի, իմ գործընկերներին, երաժշտական դպրոցի դասատուներին հորդորում էի, որ հանրային քննարկմանը առցանց ձեւաչափով մասնակցեն: Այդ ժամանակ դրված էր միայն դաշնակահարների, դաշնամուրի դասատուների, սոլֆեջիո գրականություն առարկայի դասատուների ատեստավորման հարցը, բայց ձեւաչափը, թե ինչպես է անցկացվելու ատեստավորումը, նշված չէր, ուղղակի կար ծրագիր, գաղափար, որ նրանք պետք է ատեստավորվեն»:

Արտյոմ Հարությունյանը ներկայացրեց իր նկատառումները, որոնք հետաքրքրում են նաեւ իր գործընկերներին եւ դաշնամուրի մասնագետներին. «Բոլորովին վերջերս, երբ ԳԹԿ կայքում դրված էին ուղեցույցները՝ Դաշնամուր մասնագիտացմամբ եւ Սոլֆեջիո գրականության մասնագիտացմամբ առարկաների ատեստավորման կարգի հետ կապված, նայեցի, թե ինչպես է անցկացվելու, ծանոթացա թեստավորման տարբերակին: Դաշնամուր մասնագիտությունն ավելի շատ կատարողական արվեստ է, քան տեսական առարկա, ուստի երբ տեսա թեստային տարբերակները եւ ընտրված գրականության ցանկը, ինչպես ես, այնպես էլ ՀՀ երաժշտական դպրոցների, ուսումնարանների դաշնամուրի բաժնի բազմաթիվ մանկավարժներ տարակուսանքի մեջ հայտնվեցինք: Բոլորը զարմացած էինք, թե ինչպես կարելի է դաշնամուրի մասնագետներին ատեստավորել թեստային առաջադրանքներով, կոնկրետ հարցերով, երբ գործ ունենք կատարողական արվեստի հետ, որը ամբողջությամբ կառուցվում է մեթոդիկայով, մանկավարժական մեթոդաբանության հիմունքներով, ոչ թե տեսական գիտելիքներով:

Այստեղ պետք է հասկանալ, եթե ատեստավորումը գիտելիքների վերազինման հնարավորություն է, ուրեմն պետք է տա ոչ թե ինչ, այլ ինչպես հարցի պատասխանը: Պարզ է, որ պետք է ատեստավորում անել, բայց ինչպե՞ս: Տեսական գիտելիքների, իմացությունների շուրջ կառուցված հարցաշարերը չեն կարող արտահայտել մանկավարժի մասնագիտական որակները, եթե ատեստավորումը դաշնամուրի հետ է կապված: Մենք երաժշտական դպրոցում ունենք երեսուն եւ ավելի տարի աշխատող մանկավարժներ, որոնք ձեռք են բերել իրենց գիտելիքները՝ փորձառության եւ տարիների աշխատանքի շնորհիվ: Եկեք չմոռանանք, որ դաշնամուրային դասերը, ի տարբերություն հանրակրթական դպրոցների, սոլֆեջիոյի եւ երաժշտական գրականություն առարկաների, բացառապես անհատական են անցկացվում:

Ֆորմալ առումով եւ դաշնամուրի դասընթացն է անհատական, եւ մոտեցումը, որովհետեւ յուրաքանչյուր երեխայի հետ տարվում է անհատական աշխատանք: Ընդ որում, մի երեխայի հետ տարվող աշխատանքը միգուցե չհամատեղվի մյուս երեխայի հետ տարվող աշխատանքի հետ: Այսինքն, գործ ունենք երեխաների զարգացածության աստիճանի, մտավոր ունակությունների եւ այլնի հետ: Այս առումով տեսական գիտելիքները չեն կարող լրիվությամբ ամբողջացնել դաշնամուրի մասնագետի պրոֆեսիոնալ կամ ոչ պրոֆեսիոնալ կերպարը»:

Մեր զրուցակիցը օգտագործված գրականության ցանկին էլ անդրադարձավ. «Օգտագործված գրականության ցանկից մի օրինակ կարող եմ բերել, որի շրջանակներում կազմվելու են թեստային հարցերը: Այնտեղ կա դաշնամուրային առարկայական ծրագիր, որը ժամանակին մշակվել է Մշակութային կրթության աջակցության հիմնադրամի շնորհիվ, այնտեղ գրված է՝ առաջին դասարանում դաշնակահարը պետք է սովորած լինի սա, երկրորդ դասարանում՝ իմանա սա, երրորդում սա եւ այլն: Գրված է՝ ինչ պետք է իմանա, բայց գրված չէ՝ ինչպես պետք է իմանա:

Չեմ ասում՝ մեղավոր են, որ չեն գրել: Հիմա ուրիշ մեթոդիկաներով, ուրիշ ձեռնարկներով, ուրիշ գրականությամբ պետք է լրացնել այդ ինչպեսը, որը կոնկրետ դաշնակահարների թեստային առաջադրանքներով ոչ մի գրականությամբ լրացված չէ: Այնտեղ կա չորս-հինգ գիրք՝ դաշնամուր մասնագիտության հետ կապված, իսկ մնացածն ամբողջությամբ ընդհանուր երաժշտական գիտելիքների հետ է կապված՝ երաժշտական գրականություն, սոլֆեջիո, երաժշտության վերլուծություն, հարմոնիա: Չեմ թերագնահատում, իհարկե այդ ամենը կարեւոր է, բայց որ հիմնական շեշտադրումը գնում է տարրական տեսական գիտելիքների վրա, այդտեղ արդեն կասկածի տակ է դրվում՝ արդյոք մանկավարժը պատրա՞ստ է այդ ամբողջ գրականությունը նորից վերհիշելու, սերտելու, որ կարողանա թեստային աշխատանքներից պատվով դուրս գալ:

Դաշնակահարների եւ դաշնամուրային արվեստի հետ կապ ունեցող դասախոսների հետ խոսելուց հետո հասկացել ենք, որ ներգրավվածություն չի եղել դաշնակահարների, չի եղել նաեւ մեթոդիստների ներգրավվածություն, որոնք միգուցե կարողանային մշակել եւ ներկայացնել ավելի արդյունավետ տարբերակ, որը կարող էր բալանսի մեջ դնել դաշնակահարի եւ կատարողական, եւ տեսական հատկանիշները, հմտությունների ամբողջությունը ներկայացվեր ավելի արդյունավետ տարբերակով: Ինչպես նկատեցինք, մեթոդիստների հետ կապված ներգրավվածություն չի եղել, այլապես ցանկում ներառված կլինեին դաշնամուրային արվեստի հետ կապված թեկուզ սովետական մեթոդական ձեռնարկներ, որոնցից այսօր երաժշտական մանկավարժի գիտելիք տվող բուհերն օգտվում են:

Օգտագործված գրականության ցանկի հետ կապված մտահոգությունս հետեւյալն է՝ դաշնամուրային արվեստին վերաբերվող գրականությունը չորս-հինգն է, ընդհանուր տեսական մասն ավելի շատ է, քան մասնագիտականը»:

Երաժշտական դպրոցի դաշնակահար տնօրենը նաեւ շեշտում է. «Հայաստանում երկու բարձրագույն ուսումնական հաստատություն կա, որոնք երաժշտական դպրոցների համար կադրեր են պատրաստում. մեկը Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան է, որը տալիս է կատարողական արվեստի որակավորում, եւ մյուսը՝ Մանկավարժական համալսարանը, որը տալիս է մանկավարժի որակավորում: Նախ` հակասությունն այստեղ է՝ արդյոք կոնսերվատորիա ավարտած մարդը համարվո՞ւմ է մանկավարժ եւ արդյոք Մանկավարժական համալսարան ավարտածը համարվում է կատարող: Դաշնամուրի հետ կապված պետք է բալանսավորված լինեն կատարողն ու մանկավարժը: Փաստորեն կա երկու բուհ, որոնք անցնում են տարբեր առարկայական ծրագրերով: Մի տեղ շեշտադրված է մանկավարժությունը, մյուսում՝ կատարողականությունը: Մի շատ կարեւոր հարց՝ վերջապես ո՞վ է երաժշտական դպրոցի մանկավարժը, ինչպե՞ս են ընդունվում այդ մանկավարժներն աշխատանքի, կա՞ մրցութային կարգ, կա՞ն պահանջներ, որոնց պետք է բավարարի մանկավարժը, մինչեւ երաժշտական դպրոց ընդունվելը:

Նախ պետք է պարզել՝ ով է երաժշտական դպրոցի դասատուն, ինչ հմտություններ, ունակություններ, մասնագիտական կարողություններ եւ կարողունակություններ պետք է ունենա, նոր արդեն՝ ըստ իր անցած մասնագիտական ու կրթական ճանապարհի, այդ ծրագրերի հիման վրա կառուցվի ատեստավորումը:

Բոլորովին չստվերելով մեդալի հակառակ կողմը՝ պետական քաղաքականության մասով ասեմ, որ իսկապես ինչ-որ լավ բան անելու փորձ է արվում, որը կարող է բարելավել մանկավարժի եւ մասնագիտական, եւ ֆինանսական կարգավիճակը: Բայց մի տեսակ հրատապության հարց կա: Գուցե իսկապես պետական քաղաքականությունը միտված է նրան, որ մարդիկ ոչ թե կտրվեն ատեստավորումից, այլ հասնեն նրան, որ արագացված կարգով մասնակցեն ատեստավորմանը, ստանան հավելավճարներ, տարակարգեր կամ նոր գիտելիքներ, վերհիշեն անցած գիտելիքները:

Միեւնույն ժամանակ հրատապությունը եւ հապճեպ որոշում կայացնելը կարող են վանել այն մանկավարժներին, որոնք տեսնելով ատեստավորման ձեւաչափը եւ գրականության ահռելի ցանկը, որը զուրկ է մանկավարժական պրակտիկա, մեթոդիկա առարկայի ներգրավվածությունից, տարակուսեն եւ չուզենան մասնակցել: Ինչպես արդեն նշեցի՝ ինչ եւ ինչպես հարցերի մեջ է ողջ գաղտնիքը, պետք է հասկանալ ոչ թե ինչ ենք անում, այլ ինչպես ենք անում, ինչը կարող է լավ ծրագիր լինել՝ հանրային քննարկումներով, կոմպետենտ անձանց, բուհերի, ուսումնարանների, երաժշտական դպրոցների մասնագետների ներգրավվածությամբ: Բոլորի համագործակցության արդյունքում կարող է ստեղծվել լավ ծրագիր, որը օգտակար կլինի եւ պետության, եւ մասնագետների համար, արդյունքում՝ մարդիկ սիրով կցանկանան մասնակցել այդ ծրագրին»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031