Մարտի 21-ին տեղի ունեցավ Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգի երրորդ հավաքը։ Հավաքի ընթացքում «Ոգեզէն» համակարգի ներքո գործող անհատներն ու կազմակերպությունները ներկայացրին սեպտեմբերյան մարտերից ի վեր կատարված աշխատանքը, խոսեցին ձեռքբերումների մասին և քննարկեցին ապագա անելիքները։ Միջոցառումն անցկացվեց համայնքային քննարկման ձևաչափով։
Առաջին քննարկմանը, որը վերնագրված էր «Ջերմուկ Post Mortem» ներկայացան «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերության տնօրեն Հրանտ Մանասյանը, ՈՄԱ ՌՀԿ հիմնադիր Վովա Վարտանովը և տեխնոլոգիական ոլորտի փորձագետ Ավետիք Քերոբյանը։
Երկրորդ քննարկումը նվիրված էր Անվտանգային և ռազմամարզական ոլորտի ներկայացուցիչների միավորմանը, որի շուրջ իրենց տեսլականը ներկայացրին միավորման նախագահ Նարեկ Ներսիսյանը, Ազատազէն ՀԿ-ի ղեկավար Իշխան Գևորգյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը։
Երրորդ պանելին ներկայացան «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Արման Պողոսյանը, Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոնի տնօրեն Հրաչյա Արզումանյանը և 9zen հարթակի ներկայացուցիչներ Մագդա Մարկոսյանը և Աշոտ Խուդգարյանը։ Ելույթները վերաբերում էին Համապարփակ պաշտպանության և անվտանգության «Ոգեզէն» համակարգին։
Կարդացեք նաև
Երեկոն եզրափակեց «Մշակույթ և արժեհամակարգ» թեմայով քննարկումը, որի ընթացքում հանդես եկան «Կայթ» մշակութային հանգույցի ղեկավար Կորյուն Դավթյանը և «Թիվ 405» նախագծի հիմնադիր Նարեկ Վան Աշուղաթոյանը։
Հիշեցնենք, որ միջոցառման հիմքում Հայաստանի համապարփակ պաշտպանության և անվտանգության համակարգի ձևավորման ու կայացման գաղափարն է, ըստ որի պետության պաշտպանությունը սոսկ պետական կառույցների խնդիրը չէ, այլ ողջ հայ ժողովրդի։
Մամուլի հաղորդագրություն