Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավրովը ոչ թե «Լեռնային Ղարաբաղ» է ասում, այլ «Ղարաբաղ»․ ոնց որ Ալիեւը խոսի»․ ՔՊ պատգամավոր

Մարտ 22,2023 15:57

ՀՀ-Ադրբեջան խաղաղության պայմանագրի տեքստը լինելու է այնպիսին, որ չխաթարի ՀՀ-ի եւ ՀՀ քաղաքացիների շահերը։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին հայտնեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։ Նա զարմացավ, երբ լրագրողը հիշեցրեց Իլհամ Ալիեւի խոսքերն այն մասին, որ պայմանագիրը կստորագրվի Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու դեպքում միայն։ «Ո՞վ է ասում․․․Ալիեւն ինչ ուզի կասի։ Ես չեմ կարող նրա ասածները մեկնաբանել»,-ասաց Վիգեն Խաչատրյանը։

Ընդդիմության պնդումների վերաբերյալ, որ իշխանությունն ադեկվատ չի վերաբերվում իրավիճակին, եւ մյուս կողմից Փաշինյանն ինքն է ասել, որ էսկալացիայի վտանգը մեծ է, Վիգեն Խաչատրյանը նշեց․ «Ընդդիմությունը եւ մեծամասնությունը մրցակցության մեջ են, որ հերթական ընտրություններում ժողովուրդը որոշի՝ ում ընտրի։ Մեկը մյուսի դատավորը չէ։ Պետք է լուծումներ առաջարկել փոխարենը։ Մեզ անընդհատ մեղադրում են ՌԴ-ի հետ սխալ քաղաքականության համար, բայց Լավրովը բացեց քարտերը եւ ասաց ԼՂ-ի ապագայի վերաբերյալ իրենց պատկերացումները։ Ի դեպ, Լավրովը ոչ թե «Լեռնային Ղարաբաղ» է ասում, այլ «Ղարաբաղ»։ Ոնց որ Ալիեւը խոսի։ Օրինակ ընդդիմության արձագանքը Սերգեյ Լավրովի պահվածքին ադեկվա՞տ է։ Երբ խոսում են ադեկվատության մասին, թող իրենց նայեն»։

Նկատառմանն ի պատասխան, որ ընդդիմության առաջարկած լուծումն է բանակցողին փոխելը, Վիգեն Խաչատրյանն ասաց․ «Իրավունք ունեն այդ պահանջը դնել։ Դրեցին, Փաշինյանը հրաժարական տվեց, ընտրություններում ժողովուրդը որոշեց, որ պատերազմի մեղավորը․․․եւ չպիտի բանակցեն Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը, մերժեց նրանց եւ նորից ընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Եթե գտնում են, որ իրավիճակը փոխվել է, թող նորից պահանջեն արտահերթ ընտրություններ»։

Լրագրողը հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանի օրոք էլ եղավ պատերազմ, եւ անգամ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հաստատ չէ, հիմա այս իշխանությունն ի՞նչ է խոստանում ժողովրդին։ Վիգեն Խաչատրյանը պատասխանեց․ «Ոչինչ չենք թաքցնում ժողովրդից։ Ներկայացնում ենք լուծումները եւ փորձում համագործակցային լայն դաշտ ձեւավորել, որպեսզի ՀՀ-ն չմեկուսացվի այնպես, ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էր մեկուսացվել»։

Լրագրողը հակադարձեց՝ համ խաղաղության պայմանագիր եք խոստանում, համ ասում, որ այն չի երաշխավորում այդ խաղաղությունը, հիմա ժողովուրդը դա ո՞նց հասկանա։ Ուշագրավ էր Վիգեն Խաչատրյանի պատասխանը․ «Հենց այդպես։ Խաղաղության պայմանագիրը մշակում ենք այնպես, որ չպարունակի պատերազմական գործողություններ սկսելու վտանգ։ Ադրբեջանը տալիս է ձեւակերպումներ, որոնք լեգիտիմացնում են ուժային գործոնը։ Եթե պայմանագիրը ստորագրվի, դա երաշխիք չէ խաղաղության, որովհետեւ մենք հակառակորդի հետ գործ ունենք»։

Լրագրողը նաեւ հիշեցրեց՝ բա Նիկոլ Փաշինյանն ասում էր, թե Ալիեւը կիրթ է եւ կառուցողական։ «Գիտեք, մարդն առաջին անգամ հանդիպել էր նրան ու տպավորությունն էր ասել։ Հիմա որ ինձ ասեք, թե կրթված չի․․․կենսագրությունը գիտեք՝ որտեղ է սովորել ու ինչ հնարավորություններ ունի»,-պատասխանեց պատգամավորը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031