Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաղթանակի դեպքում 5 տարով ազատվում են Էրդողանի ձեռքերը». 2023թ․ մայիսի 14-ի «Հին և Նոր Թուրքիայի» վճռորոշ բախմանն ընդառաջ. Հայկ Գաբրիելյան

Մարտ 22,2023 15:34

Սկիզբը՝ այստեղ:

ՄԱՍ 2

2023Թ ԵՐԿՐԱՇԱՐԺԵՐՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

2023թ․ փետրվարի 6-ին ժամը 04.17-ին և 13․24-ին 7․7 և 7․6 մագնիտուդ ուժգնության երկու երկրաշարժ է գրանցվել ժամանակակից Թուրքիայի հարավ-արևելքում, որոնց էպիկենտրոնը եղել են Քահրամանմարաշ նահանգի Փազարջըք և Էլբիսթան շրջանները։ Երկրաշարժերն ընդգրկել են Թուրքիայի արևելյան ու հարավ-արևելյան 10 նահանգ՝ Քահրամանմարաշ (Մարաշ), Ադըյաման, Հաթայ, Քիլիս, Դիարբեքիր, Ադանա, Օսմանիե, Գազիանթեփ (Այնթափ), Շանլըուրֆա (Ուրֆա), Մալաթիա (ամենաշատը տուժել են առաջին 3 նահանգները): Ավելի ուշ դրանց հավելվեց ևս մեկ նահանգ՝ Էլյազըղի (Խարբերդի) նահանգը։ Արդեն փետրվարի 6-ի ցերեկն Էրդողանը հայտարարեց, որ Մարաշի երկրաշարժը ԹՀ պատմության մեջ երկրորդ խոշոր երկրաշարժն է 1939թ․ դեկտեմբերի 27-ին տեղի ունեցած Էրզինջանի (Երզնկա) երկրաշարժից հետո [57]։ Նշենք, որ թուրքական կողմի տվյալներով՝ 7․9 մագնիտուդ ուժգնության Երզնկայի երկրաշարժի հետևանքով զոհվել է մոտ 33․000 և վիրավորվել է մոտ 100․000 մարդ [58]։

Սակայն 2023թ․ մարտի 1-ին Մարաշի երկրաշարժի զոհերի թիվը կազմեց արդեն 45․089 մարդ, իսկ վիրավորների թիվը՝ ավելի քան 100․000 մարդ [59]։ Սա նշանակում է, որ Էրդողանը սխալվել էր իր հաշվարկներում, և Մարաշի երկրաշարժը դարձավ ԹՀ պատմության մեջ ամենամահաբերը։ Այն Թուրքիայում արդեն որակվել է որպես «Դարի աղետ» (սրա տակ կարելի է հասկանալ ինչպես վերջին 100 տարվա, այնպես էլ 21-րդ դարի մեծագույն աղետ)։ Փետրվարի 6-ին Էրդողանը երկրաշարժի կապակցությամբ երկրում հայտարարեց 7-օրյա սուգ [60], իսկ փետրվարի 8-ին երկրաշարժերից տուժած գոտում 3 ամսով մտցրեց արտակարգ դրություն [61]։

2023թ․ մարտի 1-ին Էրդողանն Անկարայում իշխող ԱԶԿ խորհրդարանական խմբակցության նիստում հայտարարեց, որ Թուրքիայի կառավարությունը երկրաշարժից մի քանի ժամ անց սկսել է համակարգել աղետի հետևանքները վերացնելու քայլերը․ «Փետրվարի 6-ի ուժգին երկրաշարժերից հետո երկրում գրանցվել է ավելի քան 11400 հետցնցում։ Թուրքիան իսկապես հայտնվել է յուրովի երկրաշարժային փոթորիկի մեջ։ Աղետներն անմիջական ազդեցություն են ունեցել Թուրքիայի 14 միլիոն քաղաքացիների վրա՝ 500 կմ շառավղով: Վերջին տվյալներով՝ երկրաշարժից անմիջապես փլուզված ու ծանր վնասված շինությունների թիվը կազմում է 203958, որոնց 98%-ը կառուցվել է 2000թ-ից առաջ։ Երկրի տասնմեկ նահանգներում երկրաշարժերի հետևանքով ավերվել է 31000 բնակելի շենք։ Երկրաշարժի գոտում հավաքել ենք մեր երկրի բոլոր որոնողափրկարարական խմբերը և աշխարհում որոնողափրկարարական խմբերի մի շատ կարևոր հատված, մոբիլիզացրել ենք 35000 որոնողափրկարարական անձնակազմ։ Թուրքիա փրկարարներ ուղարկվել են աշխարհի 90 երկրից։ Տարածաշրջան մեր գործուղած անձնակազմի ընդհանուր թիվը 271000 է, շինարարական տեխնիկան՝ 15000 միավոր, ինքնաթիռների թիվը՝ 78, ուղղաթիռներինը՝ 115, նավերինը՝ 38։ Ինչպես մեր մյուս կառույցները, զինված ուժերը նույնպես մասնակցել են այս գործողություններին: Գրեթե կես միլիոն մարդ ողջ երկրից որպես կամավոր օգնության հասավ երկրաշարժից տուժածներին։ Աղետի գոտու մինչև 25 միլիոն բնակիչ այսօր օրական երեք անգամ ստանում է տաք սնունդ։ 14 միլիոն մարդու համար տեղադրվել է 356000 վրան։ Առաջիկա 3 ամսում տուժած շրջաններում կկառուցենք 244000 բնակարան ու 75000 գյուղական տուն, իսկ ընդհանուր առմամբ նախատեսվում է կառուցել 468031 տուն, որից 392350-ը՝ բնակարան, իսկ 75681-ը՝ գյուղական տուն։ Կառուցվելու են 3-4 հարկանի շենքեր։ Հորիզոնական ճարտարապետությունից շեղումներ չեն լինի, մենք թույլ չենք տա շինարարություն կառուցել խզման գծերի մոտ» [62]։ Էրդողանը հերթական անգամ 1 տարի խնդրեց ժողովրդից՝ երկրաշարժի հետևանքները հաղթահարելու համար։

Սակայն ընդդիմությունն ու հասարակության մի զգալի մասը երկրաշարժերի համատեքստում սկսեցին Էրդողանին մեղադրել․

  • որոնողա-փրկարարական գործողությունները ձախողելու,
  • զոհերի ու ավերածությունների իրական ծավալը նվազեցնելու,
  • փրկվածներին փողոցներում անօգնական թողնելու,
  • Թուրքիան վրանային պետության վերածելու,
  • հասարակությանը շարունակ մանիպուլացնելու,
  • նախորդ տարիներին տվյալ տարածաշրջանում կառուցված շենքերի թերությունների վրա աչք փակելու և այդպիսով «շինարարական համաներում» հայտարարելու,
  • ընդդիմության հավաքած հումանիտար օգնությունն իշխանություններին վերագրելու,
  • բանակն աղետի գոտի ուշ ուղարկելու,
  • աղետի գոտում իրականացվող մասշտաբային թալանը չկանխելու,
  • երկրաշարժի օրն աղետի գոտու ընդդիմադիր քաղաքապետերին անտեսելու և միայն իշխանական թևի քաղաքապետերին զանգահարելու համար [63] (Թուրքիայի նախագահի կայքը հերքել է դա [64])։

Ակնհայտ է, որ այս խորապատկերին Էրդողանի համար ավերիչ երկրաշարժերն առաջացնում են ներքին բազում և արտաքին որոշակի խնդիրներ։ Ներքին խնդիրների թվում պետք է նշել ֆինանսական չնախատեսված հսկայական ծախսերի գոյացումը գալիք կարևոր ընտրություններից առաջ։ Անհրաժեշտ է մաքրել շինությունների փլատակները, որոնք տարբեր տվյալներով գնահատվում են 100-200 միլիոն տ, ապամոնտաժել լրջորեն վնասված շենքերը, վերանորոգել թեթև վնասված շենքերը, կառուցել նոր շենքեր ու տներ, դրան զուգահեռ զբաղվել վիրավորների բուժմամբ, անօթևան մնացած մոտ կես միլիոն անձնանց տեղափոխման, վերաբնակեցման (վրաններ, մոդուլային տներ և այլն), կենցաղային (սնունդ, հագուստ, աշխատատեղ, կրթություն) հրատապ խնդիրների լուծմամբ։ Պետք է վերականգնել ավերված ենթակառուցվածքները։ Զգալի վնաս է հասցվել տարածաշրջանի արդյունաբերությանը, գյուղատնտեսությանը, զբոսաշրջային ոլորտին, առևտրին և այլն։ Իշխանություններն աղետի գոտու բնակիչների համար չեղարկեցին 2023թ․ համար նախատեսված պետտուրքերի մուծումը, սկսել են արտոնյալ պայմաններով մինչև 250․000 լիրայի չափով վարկեր տրամադրել տարածաշրջանի առևտրականներին և այլն։

Երկրաշարժերի հետևանքները բացասաբար ազդեցին Էրդողանի վարկանիշի վրա (Metropoll ընկերության անցկացրած հարցման համաձայն՝ 4%-ով), սակայն նա ձեռնարկեց մի շարք քայլեր՝ երկրաշարժերի հետևանքները մեղմելու, հասարակության ուշադրությունը դրանցից շեղելու (Մ․ Աքշեների դեմարշը և ընդհանրապես ընտրությունների նշանակումը մայիսի 14-ին), իրեն և իր թիմին հասցեագրված մեղադրանքները հայելային ձևով ընդդիմության վրա բարդելու համար։ Տնտեսական բնույթի քայլերից զատ (վրանների տեղակայում, մարդկանց սննդով, հագուստով ապահովում, փլատակների մաքրման, նոր բնակարանների ու տների կառուցման, ենթակառուցվածքների վերականգնման մեկնարկ) ցանկանում ենք հիշատակել այլ ոլորտներում Էրդողանի կատարած քայլերը։

Ի պատասխան «շինարարական համաներման» մեղադրանքի՝ թուրքական իշխանությունները սկսեցին հայտարարել, թե Էրդողանը ցանկանում էր բարեփոխումներ անել տվյալ ոլորտում, սակայն ընդդիմությունը մշտապես դեմ է արտահայտվել դրանց և անգամ դիմել է դատարան՝ կասեցնելու համար։ Էրդողանն ու նրա թիմը սկսեցին սպառնալ նաև ապատեղեկատվություն և դրանով նաև խուճապ տարածողներին, երկրաշարժերի հետևանքներն ուռճացնողներին և այդպիսով հասարակությանը մանիպուլացնողներին, սահմանափակվեց Twitter-ը, գործի դրվեց սոցցանցերում իշխանական թրոլների բանակը։

Բացի այդ իշխող ուժի բացթողումները, սխալները կոծկելու նպատակով Էրդողանը, Ազգային հետախուզական կազմակերպությունը (Milli İstihbarat Teşkilatı, MIT), Կրոնական գործերի վարչությունը (Diyanet) սկսեցին լայն քարոզչություն իրականացնել աղետի գոտում՝ երկրաշարժը ներկայացնելով որպես «ճակատագիր», որպես «Ալլահի ձեռքի գործ»։ Այդ ամենը մեծ տեղ էր գրավում Էրդողանի ելույթներում, աղետի գոտում MIT-ի տարածած պաստառներում և կարգախոսներում, Diyanet-ի մատուցած աղոթքներում [68]։ Նման կերպ Էրդողանը փաստորեն ժողովրդին նաև կոչ էր անում դառնալ ավելի կրոնական՝ հետագայում նման «ճակատագրերից» խուսափելու, «Ալլահի պատժին» չարժանանալու համար։

Փետրվարի 8-ին Էրդողանը հայտարարեց, որ «հնարավոր չէր կանխատեսել» նման մասշտաբի երկրաշարժ։ Սակայն դեռևս փետրվարի 6-ին թուրք սեյսմոլոգ Նաջի Գյորուրը հայտարարել էր, որ իրենք դեռ երկու տարի առաջ «Բինգյոլ-Էլազըղ-Մալաթիա-Ադըյաման-Մարաշ» տեկտոնական գծի համար հսկայական նախագիծ էին պատրաստել և ներկայացրել պատկան մարմիններին՝ այդ թվում նաև TÜBİTAK գիտահետազոտական ինստիտուտին՝ զգուշացնելով Մարաշում մոտալուտ ավերիչ երկրաշարժի հնարավորության մասին, սակայն իրենց նախագիծը մերժվել է․ «Մենք այդ մասին ասել ենք հեռուստատեսությամբ, մենք դա ասում էինք ամենուր, մենք պայքարում էինք, սակայն ոչ ոք մեզ չէր լսում» [69]:

Նշենք, որ Մարաշի երկրաշարժն ընդհանրապես ակտիվացրեց Ստամբուլում նման հնարավոր երկրաշարժի թեմայով քննարկումները, ինչը նույնպես վկայում է, որ իրականում հնարավոր է կանխատեսել մեծ ուժգնության երկրաշարժերը։ Մարաշի երկրաշարժից օրեր անց Ն․ Գյորուրը հայտարարեց, որ Ստամբուլում 7 մագնիտուդից բարձր երկրաշարժի հավանականությունը հասել է 80%-ի՝ ընդգծելով, որ Ստամբուլը պատրաստ չէ գալիք երկրաշարժին, և եթե ​​Ստամբուլում նման երկրաշարժ լինի, ապա հաստատապես կլինեն շատ ավելի մեծ վնասներ, քան Քահրամանմարաշում [70]:

Դրանից մեկ շաբաթ անց նա հայտարարեց, որ Ստամբուլի երկրաշարժերի պատմության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ վերջին 500 տարում տեղի է ունեցել 7 մագնիտուդից բարձր 2 խոշոր երկրաշարժ․ «Այսինքն, Ստամբուլի երկրաշարժի հավանականությունը Կենտրոնական Մարմարայի խզվածքի վրա գրանցվում է 250 տարին մեկ անգամ։ Հաշվի առնելով, որ Ստամբուլի վերջին խոշոր երկրաշարժը տեղի է ունեցել 1766թ (257 տարի առաջ)՝ Կենտրոնական Մարմարայի խզվածքի վրա մեծ երկրաշարժերի վտանգը մեծացել է։ Ստամբուլի եվրոպական կողմն ավելի մեծ վնաս է կրելու Մարմարայի երկրաշարժից» [71] (2022թ․ դեկտեմբերին թուրք սեյսմոլոգները կանխատեսել են, որ 65% հավանականություն կա, որ Ստամբուլում ուժգին երկրաշարժ տեղի կունենա մինչև 2030թ․-ը)։

Փետրվարի 13-ին հաղորդվեց, որ Ստամբուլի քաղաքապետարանի պատրաստած զեկույցում նշված է, որ եթե Թուրքիայի խոշորագույն քաղաք Ստամբուլը, որտեղ բնակվում է երկրի բնակչության 25%-ը, տուժի 7․5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից, ապա կարող է լուրջ կամ շատ լուրջ վնասվել քաղաքի 91․000 շենք, իսկ 167․000 շենք կարող է միջին չափի վնասվել․ ընդհանուր առմամբ վտանգի տակ է 250․000 շենք [72]:

Փետրվարի 25-ին էլ Էքրեմ Իմամօղլուն հայտարարեց, որ Ստամբուլում երկրաշարժերից շենքերի ապահովման ծախսերը կարող են գերազանցել 19 միլիարդ դոլարը․ «Խոսքը փլուզման վտանգի տակ գտնվող ավելի քան 90000 շենքի մասին է։ Այս շենքերի ապահովման ծախսերը կարող են գերազանցել 360 միլիարդ լիրան: Սա մեր քաղաքապետարանի տարեկան բյուջեից գրեթե եռապատիկ ավելին է։ Ես ուզում եմ դիմել մեր կառավարությանը, եկե՛ք միասին պայքարենք մեր քաղաքների անվտանգության համար» [73]։

Փետրվարի 28-ին Թուրքիայի Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար Մուրադ Քուրումը հայտարարեց, որ իրենք որոշում են կայացրել Ստամբուլի ռիսկային գոտուց 1․5 միլիոն բնակելի տներ տեղափոխել ավելի ապահով տարածքներ։ Նրա խոսքերով՝ Թուրքիայում շարունակվող երկրաշարժների պատճառով աղետի գոտում փլուզված և փլուզվելու եզրին գտնվող շենք-շինությունների թիվը հասել է 202․000-ի։ Ըստ նրա՝ 11 նահանգում ուսումնասիրվել է 1․250․000 շինություն, որոնք բաժանվել են ըստ վնասի աստիճանի. ա) վթարային աստիճանի վնասված շինություններ, որոնք հնարավոր չէ օգտագործել և ենթակա են ապամոնտաժման, բ) միջին աստիճանի վնասված շինություններ, որոնք թարմացվելու կարիք ունեն, այլապես օգտագործել հնարավոր չէ, գ) թեթև վնասված շինություններ, որոնք գրեթե վնասված չեն և արտաքին վերանորոգումից հետո կարելի է օգտագործել [74]:

Ինչ վերաբերում է Էրդողանի համար Մարաշի երկրաշարժերի արտաքին քաղաքական հետևանքներին, ապա դրան անդրադարձել ենք մեր նախորդ հոդվածներից մեկում։ Այստեղ պարզապես կարճ նշենք, որ համայն աշխարհը, այդ թվում նաև այն երկրները, որոնց Էրդողանը վերջին տարիներին ներկայացնում էր որպես «Թուրքիայի թշնամի», արագորեն օգնության հասան խոշոր աղետ վերապրած Թուրքիային։ Ընդ որում, Թուրքիան «թշնամական» մի շարք երկրներից ստացավ ավելի մեծ օգնություն, քան, ասենք, «բարեկամական» երկրներից» [75]։

Մարաշի երկրաշարժերից հետո թուրքական մամուլում եղան մի շարք հրապարակումներ, որ նման պայմաններում հնարավոր չէ հունիսի 18-ին անցկացնել ընտրություններ, որ դրանք կհետաձգվեն մինչև 2023թ․ սեպտեմբեր-հոկտեմբեր։ Անգամ կային պնդումներ, որ Էրդողանն ընտրությունների անցկացումը հետաձգելու է 1 տարով․ դրա համար հիմք էր ծառայում երկրաշարժերի հետևանքները վերացնելու համար իրեն 1 տարի տրամադրելու մասին Էրդողանի խնդրանքները։ Այն, որ Էրդողանը Մարաշի ավերիչ երկրաշարժերից, դրանց հանգեցրած վերոնշյալ ներքին ու արտաքին խնդիրներից հետո չգնաց ընտրությունները հետաձգելու ճանապարհով, ունի մի քանի դրդապատճառ․

  • Թուրքիայի Սահմանադրությունն ընտրությունների անցկացման հետաձգում նախատեսում է միայն մեկ դեպքում՝ պատերազմի ժամանակ, և ընդդիմությունը շարունակ հիշեցնում էր այդ մասին՝ ընդգծելով, որ Թուրքիան իրավական պետություն է, և որ Սահմանադրության տվյալ դրույթի խախտումը կորակի «քաղաքացիական հեղաշրջում»։
  • Մայիսի 14-ի խորհրդարանշական կարևորությունը․ Էրդողանը ցանկանում է հենց այդ օրը «մահացու» հարված հասցնել Աթաթուրքի ժառանգությանը՝ ՀԺԿ-ին, նրա «Հին Թուրքիային» և, ըստ ամենայնի, ազդարարել իր «Նոր Թուրքիայի» կերտման մասին։
  • Էրդողանը պարզել է, որ իր վարկանիշը շատ չի նվազել երկրաշարժերի հետևանքով, և որ դա շտկելի է մինչև մայիս (հասարակության մի մասը դրա մասին կմոռանա մինչև մայիս, և բացի այդ հասարակության ոչ բարձր ինտելեկտով աչքի ընկնող ընտրազանգվածի շրջանում կաշխատեն երկրաշարժի թեմայով նրա հայտնի մանիպուլյացիաները)։
  • Էրդողանը համարել է, որ Մարաշի երկրաշարժերը ոչ միայն մարտահրավեր են, այլև հնարավորություն, որ կարելի է «խաղալ» աղետի գոտու ընտրացուցակների թարմացման վրա (աղետի գոտուն բաժին է ընկնում 9․2 միլիոն ընտրող, որոնցից 1․4 միլիոնը հեռացել է այլ նահանգներ [76])։ Աղետի գոտուն հատկացված է խորհրդարանի 600 մանդատներից 91-ը, որոնցից 15-ը բաժին է ընկնում Ադանայի, 14-ականը՝ Գազիանթեփի ու Շանլըուրֆայի, 12-ը՝ Դիարբեքիրի, 11-ը՝ Հաթայի, 8-ը՝ Քահրամանմարաշի, 6-ը՝ Մալաթիայի, 5-ը՝ Ադըյամանի, 4-ը՝ Օսմանիեի, 2-ը՝ Քիլիսի նահանգներին (երկրաշարժերի հետևանքով ավելի քան 47․000 զոհի գրանցումը չի նվազեցրել տվյալ նահանգներին հատկացված պատգամավորական մանդատների թվաքանակը)։
  • Գալիք ընտրություններում իր հաղթանակն ապահովելուն միտված վերջին ամիսներին ձեռնարկած ներքաղաքական ու տնտեսական վերոնշյալ քայլերը նույնպես Էրդողանին մղում էին ընտրությունները հնարավորինս շուտ անցկացնելուն։
  • Էրդողանը գիտակցում էր, որ իրեն պարզապես անհրաժեշտ է պատշաճ ձևով տալ երկրաշարժերի հետևանքների վերացման գործընթացի մեկնարկը, դրան թափ հաղորդելը մինչև մայիս, իսկ ահա մայիսի 14-ի ընտրություններում հաղթելուց հետո կարող է զգալիորեն դանդաղեցնել դրա տեմպերը։
  • Ընտրությունները կես տարով հետաձգելու դեպքում ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտներում կարող էին գրանցվել Էրդողանի համար մի շարք անցանկալի, մասշտաբային իրադարձություններ, որոնք կծանրացնեին նրա դրությունը և կնվազեցնեին մանևրելու հնարավորությունները։ Ներքին ոլորտում դա կարող է առնչվել Թուրքիայի տնտեսական դրության ավելի վատթարացմանը, այդ թվում նաև ԱՄՆ- ի ճնշումների հնարավոր ուժգնացման պատճառով, ավերիչ նոր երկրաշարժերի գրանցումը և այլն։ Արտաքին ոլորտում պետք է առաջին հերթին նշել ԱՄՆ-ի համբերության հնարավոր սպառումը՝ կապված նրա հետ, որ Թուրքիան ձգձգում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության գործընթացը, ոչ միայն չի միանում Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցներին, այլև Ռուսաստանին մեծապես օգնում է դրանք շրջանցելու հարցում։ Երկրորդ հերթին պետք է նշել Ուկրաինայի կողմից սպասվող գարնանային հուժկու հակահարձակումը, ինչը կարող է անկանխատեսելի հետևանքներ ունենալ Ռուսաստանի և առանձին վերցրած՝ Վ․ Պուտինի համար (Էրդողանի համար վերջինիս կարևորության մասին արդեն նշվել է)։

ԱՄՓՈՓՈՒՄ ԵՎ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ

Դեռևս 2022թ․ օգոստոսի 10-ին թուրքական Dünya թերթում հրապարակվել է Օսման Արոլաթի «Դեպի այլ Թուրքիա» խորագրով հոդվածը, որում հեղինակը, տվյալ ժամանակվա իրողություններից ելնելով, 4 դիպաշար էր կանխատեսել 2023թ․ ընտրությունների համար՝ նաև գնահատելով դրանց հավանականությունը։

Դիպաշար 1 – Նախագահական ընտրություններում հաղթում է Էրդողանը, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ իշխող Cumhur դաշինքը։ Սրա հավանականությունը նա գնահատել էր 15-20%։

Դիապաշար 2 – Նախագահական ընտրություններում հաղթում է Էրդողանը, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ընդդիմադիր Millet դաշինքը։ Սրա հավանականությունը նա գնահատել էր 35-40%։

Դիպաշար 3 – Նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության ներկայացուցիչը (Քըլըչդարօղլուն), իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ընդդիմադիր Millet դաշինքը։ Սրա հավանականությունը նա գնահատել էր 30-35%։

Դիպաշար 4 – Նախագահական ընտրություններում հաղթում է ընդդիմության ներկայացուցիչը, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ իշխող Cumhur դաշինքը։ Սրա հավանականությունը նա գնահատել էր 5%։

Հեղինակն այդպիսով գալիս է այն եզրահանգման, որ 2023թ․ Թուրքիան գործնականում հնարավորություն չունի պահպանելու իշխանական ներկայիս կոնֆիգուրացիան։ Ընդդիմությունը կա՛մ վերցնում է ողջ իշխանությունը (նախագահ+խորհրդարան), կա՛մ վերցնում է խորհրդարանում մանդատների մեծամասնությունը՝ ստեղծելով ծայրահեղ անկայուն կապակցված վիճակ (նախագահ վերընտրված) Էրդողանի հետ [77]։

Նշենք, որ Արոլաթի այս կանխատեսումների ժամանակ Թուրքիայում դեռևս չէին գրանցվել 2023թ․ փետրվարի 6-ի երկրաշարժերը, որոնց ֆինանսական հետևանքների հաշվարկները տարբեր են։ Փետրվարի 12-ին Թուրքիայի ձեռներեցների և գործարարների համադաշնությունը (Türk Girişim ve İş Dünyası Konfederasyonu, TÜRKONFED) չբացառեց, որ նյութական վնասը կգերազանցի 84 միլիարդ դոլարը՝ երկրի ՀՆԱ-ի 10%-ից ավելին․ այդ գումարից 70․75 միլիարդ դոլարը կկազմի բնակֆոնդին պատճառված վնասը, 10․4 միլիարդ դոլարը՝ ազգային եկամտի կորուստը, 2․91 միլիարդ դոլարը՝ աշխատուժի կորուստը։ Համեմատության համար՝ 1999թ․ Մարմարա ծովում գրանցված՝ Թուրքիայի ամենաավերիչ երկրաշարժերից մեկի հետևանքով զոհվել է 18․373 մարդ, իսկ նյութական վնասը կազմել է 17․1 միլիարդ դոլար [78]:

Փետրվարի 27-ին Համաշխարհային բանկը կանխատեսեց, որ երկրաշարժերի հետևանքները կհասնեն 34 միլիարդ դոլարի՝ չբացառելով, որ նոր ցնցումների ու ավերածությունների պարագայում կաճի այդ ցուցանիշը [79]: Մարտի 7-ին Թուրքիայում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պաշտոնական ներկայացուցիչ Լուիզ Վինթոնը հայտարարեց, որ Թուրքիայի փետրվարյան երկրաշարժերի վնասը կարող է գերազանցել 100 միլիարդ դոլարը [80]: Մարտի 9-ին Թուրքիայի գյուղատնտեսության նախարարության ղեկավար Վահիթ Քիրիշչին հայտարարեց, որ Թուրքիայում երկրաշարժի վնասը կազմում է 80 միլիարդ դոլար [81]։

Որքան էլ ներկայացվող թվերը պատկառելի են, այն էլ տնտեսական բարդ շրջան ապրող Թուրքիայի համար, ամեն դեպքում հավատացած ենք, որ Էրդողանին կհաջողվի մինչև մայիսի 14-ը հաղթահարել երկրաշարժերի հետևանքների մի զգալի մասը, ինչը կբարձրացնի նրա հեղինակությունը (նրանից չի պահանջվում մինչև մայիսի 14-ը լուծել բոլոր խնդիրները)։ Մեծ հաշվով Էրդողանին անհրաժեշտ է արագորեն և մեծ արդյունքներ գրանցել մինչև մայիսի 14-ը, իսկ դրանցում հաղթելուց հետո նա տվյալ գործընթացով կարող է զբաղվել ավելի հանգիստ պայմաններում։ Արդեն հայտնի են մի շարք ռեսուրսներ, որոնցից Էրդողանը կարող է հայթայթել խոշոր գումարներ (չհաշված, որ հումանիտար տարատեսակ օգնությունն աշխարհի տարբեր երկրներից շարունակում է պարզապես «հոսել» դեպի Թուրքիա)։

Մասնավորապես, փետրվարի 15-16-ին Թուրքիայում անցկացված «Թուրքիա՝ մեկ սիրտ» դրամահավաքի շրջանակներում հասարակությունից ու ընկերություններից հաջողվել է հավաքել ավելի քան 115․5 միլիարդ լիրա (մոտ 6 միլիարդ դոլար) [82]։ Բնականաբար, դրամահավաքները կարող են կրկնվել հետագա ամիսներին։ ՀԲ-ը մտադիր է 1․87 միլիարդ դոլար տրամադրել Թուրքիային [83]։ Մարտի 6-ին Սաուդյան Արաբիայի զարգացման հիմնադրամը պայմանագիր է ստորագրել Թուրքիայի ԿԲ-ում 5 միլիարդ դոլարի ավանդ դնելու մասին [84]։ Դեռ հայտնի չէ, թե քանի միլիարդ դոլար կտրամադրի Կատարը, որը բավական ակտիվ է Թուրքիային աջակցելու հարցերում և աշխարհին շարունակ կոչ է անում սատարել Թուրքիային։ Դեռևս 2022թ․ օգոստոսին թուրքական մամուլը հայտնել էր, որ Էրդողանն օտար երկրներից ստանալու է 55 միլիարդ դոլար, ինչն էլ ծառայեցնելու է գալիք ընտրություններում իր ու ԱԶԿ-ի հաղթանակին։ Այդ գումարից 20 միլիարդ դոլարը պետք է ստացվեր Սաուդյան Արաբիայից, 15 միլիարդ դոլարը՝ Կատարից, 10-ական միլիարդ դոլար ԱՄԷ-ից ու Ռուսաստանից [85]։

Էրդողանը կկարողանա զգալի ներդրումներ, տնտեսական օգուտներ (ներառյալ գազային զեղչ) բերել արաբական այդ երկրներից, ինչպես նաև Արևմուտքից ու Ռուսաստանից, և հաջողությամբ դուրս գալ ստեղծված ծանր իրավիճակից։ Արդեն հայտնի է, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը մարտի 20-ին Բրյուսելում կանցկացնեն միջազգային դոնորների համաժողով՝ փետրվարի 6-ի երկրաշարժերից տուժած Թուրքիայի և Սիրիայի բնակիչներին օգնություն տրամադրելու նպատակով [86]։

Արոլաթի ներկայացրած դիպաշարերից 2023թ․ մարտի սկզբի դրությամբ (նախընտրական արշավի մեկնարկից առաջ) առավել հավանական ենք համարում 1-ին դիպաշարը՝ Էրդողանի ու իշխող դաշինքի հաղթանակը նախագահական ու խորհրդարանական ընտրություններում, սակայն մեր կարծիքով՝ այս դիպաշարը կաշխատի մեկ հիմնական պայմանով, եթե մայիսի 14-ից առաջ դատարանը փակի ԺԴԿ-ը։ Եթե այն չփակվի, առավել հավանական ենք համարում երկրորդ դիպաշարը՝ նախագահական ընտրություններում Էրդողանի հաղթանակը, իսկ խորհրդարանական ընտրություններում՝ ընդդիմադիր դաշինքի հաղթանակը (երկու դիպաշարն էլ չի ներառում ընտրություններից առաջ Ս․ Փեքերի կողմից անձամբ Էրդողանի մութ գործերի մասին աղմկահարույց բացահայտումներով հանդես գալու հնարավորությունը․ ակնհայտ է, որ նման բացահայտումները զգալի վնաս կհասցնեն Էրդողանի ու ԱԶԿ-ի վարկանիշին)։

Այս ամենը հիմնավորելու համար ներկայացնենք բազում այն գործոններն ու գործիքները, որոնք գալիք ընտրություններում կարող են նպաստել Էրդողանի (որոշ իմաստով նաև իշխող դաշինքի) հաղթանակին․ 

Տնտեսական/ռազմարդյունաբերական գործոններ/գործիքներ

  • Թուրքիայի տնտեսական դրության որոշակի շտկումը գալիք ընտրություններին ընդառաջ (Թուրքիայի ներսում ու արտերկրում գումարներ հայթայթելու միջոցով), երկրաշարժի հետևանքների որոշակի հաղթահարումը, երկրաշարժի թեմայի արդիականության աստիճանական անկումը հասարակության շրջանում։
  • Թուրքիայում նոր ենթակառուցվածքների բացումը (Աքքույուի ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկ), ռազմարդյունաբերական ոլորտում նորանոր հաջողությունների գրանցումը (մարտին Թուրքիայի ՌԾՈՒ-ին հանձնվեց նրա ֆլագման TCG Anadolu թեթև ավիակիր/ունիվերսալ դեսանտանավը [87], որն ունակ է կրել մինչև 110 հարվածային ԱԹՍ և համարվում է հարվածային ԱԹՍ-երով սպառազինված առաջին ավիակիրն աշխարհում)։ 2023թ․ թուրք առաջին տիեզերագնացին տիեզերք ուղարկելու և Լուսնի վրա կոշտ վայրէջք կատարելու պլանները նույնպես կարող են աշխատել հօգուտ Էրդողանի։

Ներքաղաքական (լիդերի) գործոններ/գործիքներ

  • Էրդողանի վճռականությունը, լուրջ տրամադրվածությունը գալիք ընտրությունների հանդեպ, որոնց կենսական կարևորության մասին արդեն խոսվել է։
  • Ընդդիմության ոչ այնքան վճռական պահվածքը (չնայած նրան, որ 2023թ․ ավելի շատ քեմալականների, քան իսլամականների տոնն է), պարտության դեպքում վճարելիք հնարավոր գնի ոչ ամբողջական գիտակցումը (մեր անձնական դիտարկումներով ու տպավորություններով)։
  • Ընդհանրապես 2023թ․ և մասնավորապես մայիսի 14-ի խորհրդանշական կարևորությունը «սիմվոլիկ հարվածների» մարտավարության սիրահար Էրդողանի համար, ով չի կարող իրեն թույլ տալ նման օրով տանուլ տալ նախագահական ընտրություններում (սկզբունքորեն Էրդողանը կարող էր չառաջադրվել և իր փոխարեն իշխող թիմից առաջադրել մեկ ուրիշի, սակայն այդ դեպքում նրա կուսակցությունը զգալի կթուլանար, պարտություն կկրեր ընտրություններում՝ հազիվ հավաքելով քվեների 20%-ը, ինչը նշանակում է, որ նրա վերոնշյալ երազանքները կմնային անավարտ, և նա վերստին կհայտնվեր վանդակաճաղերից այն կողմ գտնվելու վտանգի առջև)։
  • Էրդողանի հռետորական կարողությունները, լավ քարոզարշավ իրականացնելու հնարավորությունը, միգուցե նաև արտերկրում։ Չափազանց կարևոր է նաև Էրդողանի՝ խարիզմատիկ լիդեր լինելու և Քըլըչդարօղլուի՝ խարիզմատիկ լիդեր չլինելու հանգամանքը։
  • ընդդիմության միասնական թեկնածուի դերում Քըլըչդարօղլուի հանդես գալը, որի գլխավորած ՀԺԿ-ը 2010թ․-ից սկսած Էրդողանի (նաև Դավութօղլուի) գլխավորած ԱԶԿ-ին 9 անգամ պարտվել է խորհրդարանական, նախագահական, ՏԻՄ ընտրություններում, ինչպես նաև ՍԲՀ-ներում։
  • Էրդողանի կողմից Է․ Իմամօղլուին հասցրած «դատական հարվածը», նրա շուրջ ընդդիմադիր ընտրազանգվածի զգալի մասին համախմբելը և այդ խորապատկերին Քըլըչդարօղլուի առաջադրումը։
  • Քըլըչդարօղլուի՝ ալևիաբնակ Դերսիմի նահանգից սերելը, ինչը փորձագետների կարծիքով, զգալի վանում է սուննի ընտրազանգվածը (Քըլըչդարօղլուին վերագրել են նաև հայկական արմատներ, և այս թեման կարող է վերստին օրակարգում հայտնվել մայիսի 14-ին ընդառաջ)։
  • Քըլըչդարօղլուի կառավարման անհայտ ունակությունները․ վերջին տարիներին նա բազում հարցերում քննադատել է գործող իշխանություններին և անգամ նրանց նախորդներին և շատ դեպքերում դա արել է բավական անհիմն, ինչն էլ տեսանյութերի տեսքով շրջանառվում է իշխանությունների կողմից։ Օրինակ, 2001թ․ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ Ստամբուլում Սաբիհա Գյոքչենի անվան օդանավակայանը կառուցվել է այնպիսի վայրում, որտեղ չի կարող վայրէջք կատարել գեթ մեկ ինքնաթիռ։ Մինչդեռ 2022թ․ աշնան դրությամբ այդ օդանավակայանը սպասարկում էր օրական 1․2 միլիոն մարդու [88]։
  • ԲԸԽ-ի (YSK) վրա Էրդողանի ունեցած ազդեցությունը, ինչը նշանակում է, որ ԲԸԽ-ի ղեկավարն Էրդողանի ճնշման ներքո կարող է փոքր, սակայն անհրաժեշտ չափով ուռճացնել Էրդողանի գրանցած ցուցանիշները։
  • Թուրքիայի ներսում Էրդողանից ունեցած վախը. սա ունի երկու ենթակետ․ ա) ռազմական – 2015թ․ և 2018թ․ ընտրություններում Էրդողանին չընտրած զանգվածն այրվել է կրակների մեջ (քաղաքային պատերազմ, անտառային հրդեհներ), բ) տնտեսական – Էրդողանին ու ԱԶԿ-ին չընտրած նահանգներն Էրդողանի հաղթանակի դեպքում բյուջեից կստանան զգալի սահմանափակումներ․ ներկայիս աղետի գոտին Էրդողանի օգտին չքվեարկելու դեպքում կբախվի լուրջ դժվարությունների հետերկրաշարժյան վերականգնման գործընթացում։
  • Ընտրությունների անվտանգության ապահովման հարցը, որն ամենաշատն է մտահոգում ընդդիմությանը։ Ընդ որում, սա բաժանվում է 3 փուլի՝ ընտրություններից առաջ, ընտրությունների օրը և ընտրություններից հետո։ 2019թ․ ՏԻՄ ընտրություններում ընդդիմության ներկայացուցիչներն իրենց մարմիններով են ծածկել և այդպիսով հսկել քվեներով լի պարկերը, որպեսզի իշխանությունները չկարողանան փոփոխել պարկերը։ Ընդդիմությունը մտավախություն ունի, որ SADAT մասնավոր ռազմական ընկերությունը կարող է այդ 3 շրջանում իրականացնել ահաբեկումներ, սպանություններ, պայթյուններ։ Ի դեպ, 2015թ․ նոյեմբերի 1-ի խորհրդարանական ընտրություններից առաջ մի շարք պայթյուններ գրանցվեցին ԺԴԿ-ի ընտրական հանդիպումների ժամանակ, եղան հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, ինչից հետո կուսակցությունը վախեցավ նոր հանդիպումներ անցկացնել, արդյունքում անցկացրեց վատ քարոզարշավ և գրանցեց ցածր ցուցանիշներ՝ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների հետ համեմատ։ Նշենք, որ ոչ պաշտոնապես SADAT-ն անվանում են Էրդողանի անձնական բանակ, Էրդողանի պահապան բանակ, նրա ստվերային բանակ, Իսլամի քաղաքական վճարվող բանակ, պետական ռեժիմի մաս, այն նմանեցնում են Իրանի Հեղափոխության պահապանների կորպուսին։ Ընդդիմության կարծիքով՝ Էրդողանը չի պատրաստվում սահմանափակվել SADAT-ով և ստեղծում է «Պահապանների» (Bekçiler) համակարգ, որոնք էլ պետք է վերաճեն «Թուրքական Բասիջի»։
  • Վարչական ռեսուրսների չարաշահումը՝ ներառյալ Էրդողանի ու ԱԶԿ-ի նախընտրական քարոզարշավի՝ անհամեմատ ավելի լայն լուսաբանումը պետական հեռուստատեսությամբ։ Օրինակ, 2014թ․ ՏԻՄ ընտրություններում TRT հեռուստաալիքը փետրվարի 22-ից մարտի 2-ին նախընտրական քարոզչության եթերաժամի 89.52%-ը (13 ժամ 32 րոպե) հատկացրել է ԱԶԿ-ին, 5.29%-ը (48 րոպե)՝ ԱՇԿ-ին, 4.96%-ը (45 րոպե)՝ ՀԺԿ-ին, 0.22%-ը (2 րոպե)՝ քրդական ԽԺԿ-ին: Ընդդիմադիր կուսակցություններին ընդհանուր հատկացվել է միայն 2 ժամ 45 րոպե [89]։
  • Հնարավոր հոսանքազրկումները քվեների հաշվման գործընթացի ժամանակ (քվեներով պարկերի հնարավոր փոփոխումը), ինչին որ ականատես ենք եղել նախորդ դեպքերում (երբ «կատուն մտել է տրանսֆորմատորի մեջ և դարձել վթարի պատճառ»):
  • Հնարավոր տարատեսակ ընտրախախտումները․ խոսքն առաջին հերթին զանգվածային լցոնումների մասին չէ, թեև այս անգամ կարող են գրանցվել նաև նման դեպքեր (դրա հավանականությունը մեծ չէ)։ Սա կարելի է բաժանել երեք ենթակետի․ ա) Այժմ հայտնի է, որ աղետի գոտուց այլ նահանգներ տեղափոխվածների համար պետք է ստեղծվի հատուկ քվեատուփ։ Երկրաշարժն օգնության է գալիս Էրդողանին ու նրա թիմին, որոնք կարող են իրենց ուզած տվյալները ներկայացնել․ ներկայումս իշխանությունները հաշվարկներ են կատարում աղետի գոտում՝ գալիք ընտրությունների համար ընտրացուցակները թարմացնելու համար։ բ) Եվ, ընդհանրապես, թուրք հետազոտողները վերջին տարիներին իշխանություններին մեղադրում են ընտրելու իրավունք ունեցողների թիվն ուռճացնելու համար՝ ընդգծելով, որ վերջին տարիներին այն աճում է ավելի մեծ տեմպերով՝ համեմատած բնակչության ընդհանուր թվաքանակի աճի հետ։ 2022թ․ սեպտեմբերին «Անկախ Թուրքիա» կուսակցության ընտրական հարցերով պատասխանատու Մուսթաֆա Փաքը հայտարարեց, որ վերջին 10 տարում Թուրքիայի բնակչությունն աճել է 8․2 միլիոնով, մինչդեռ ընտրողների թիվը՝ 16․6 միլիոնով [90]։ գ) Ընդդիմությունը չի բացառում, որ Թուրքիայում ID քարտ ստացած բազմաթիվ սիրիացի և այլազգի փախստականներ կկարողանան ապօրինի մասնակցել (քվեարկել) ընտրություններին։
  • Ընդդիմության շրջանում Աքշեների գործունեությունը, ով այս անգամ նույնպես կարող է տապալել իր (ընդդիմադիր դաշինքի) քարոզարշավը՝ դրանով թուլացնելով ողջ ընդդիմությանը։ Բացի այդ նա այս անգամ նույնպես խափանել է Ա․ Գյուլի ընդդիմության միասնական թեկնածու դառնալու հնարավորությունը, և ընդդիմադիր դաշինքին դեռ հեռու է պահում ԺԴԿ-ից։
  • Ընդդիմադիր դաշինքում Աքշեների ներկայությունն այն առումով, որ նա իր ազգայնամոլական և հատկապես քրդերի հանդեպ հայացքներով առնվազն չի զիջում Էրդողանին ու Բահչելիին, եթե չասենք գերազանցում է նրանց։ Սա քրդերի մի մասին կարող է զերծ պահել Քըլըչդարօղլուի և հատկապես ընդդիմադիր դաշինքի օգտին քվեարկելուց։
  • Քրդամետ ԺԴԿ-ի կողմից նախագահական ընտրություններում սեփական թեկնածու (ասենք, Սելահաթթին Դեմիրթաշին) չառաջադրելը և այդ պայմաններում ընդդիմադիր դաշինքի թեկնածուին աջակցություն չհայտնելը (այս պարագայում Էրդողանն ավելի շատ քվեներ կստանա քրդաբնակ նահանգներում)։
  • «Զաֆեր» կուսակցության նախագահ Ումիթ Օզդաղի հնարավոր կապն իշխանությունների հետ․ 2002թ․ օգոստոսին Օզդաղը հայտարարել էր, թե Թուրքիայում կա 13 միլիոն փախստական/մաքսանենգ, որոնցից 1․750․000-ին տրվել է Թուրքիայի քաղաքացիություն [91], իսկ դրանից երկու ամիս առաջ հայտարարել է, թե Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացի փախստականների թիվն անցել է 900․000-ից [92]։ Մինչդեռ 2022թ․ օգոստոսին Ս․ Սոյլուի խոսքերով՝ Թուրքիայի քաղաքացիություն ստացած սիրիացի փախստականների թիվը կազմում է 211․000 մարդ [93]։ Կան պնդումներ, որ իրականում Օզդաղը կապված է MIT-ի հետ, և մեր կարծիքով՝ Էրդողանն իր միգրացիոն քաղաքականությունից դժգոհ ընտրազանգվածին միտումնավոր համախմբում է հենց Օզդաղի շուրջ, թույլ չի տալիս, որ այդ զանգվածը համախմբվի Քըլըչդարօղլուի շուրջ (ծայրահեղական հայացքներով հայտնի Օզդաղը հանդես է գալիս ավելի խիստ հայտարարություններով)։ Ի դեպ, Օզդաղը փորձում էր դաշինքի մեջ մտնել ժամանակին ՀԺԿ-ից հեռացած Մուհարեմ Ինջեի հետ [94]՝ այդպիսով ձգտելով խափանել նրա հնարավոր վերադարձը ՀԺԿ։ Սակայն 2023թ․ մարտի սկզբին հայտնի դարձավ, որ Ինջեն հրաժարվել է Օզդաղի հետ դաշինքից [95]։
  • Կոալիցիոն կառավարություններից հասարակության ունեցած վախը, ինչը հատկապես առնչվում է 1990-ականներին՝ ԱԶԿ-ի իշխանության գալուց առաջ ընկած տարիներին, երբ Թուրքիան շարունակ տնտեսական վատ դրության մեջ էր, գրանցվել էր 3 խոշոր ֆինանսա-տնտեսական ճգնաժամ, կոալիցիոն կառավարություններն արագորեն հաջորդում էին միմյանց։
  • Ընդդիմադիր թեկնածուի հաղթանակի դեպքում (Աքշեների պնդմամբ/շնորհիվ) 7 փոխնախագահ ունենալը․ թուրքական իշխանամետ մամուլն արդեն հայտնել է, որ Էրդողանի վրա «գրոհում» են 8 հոգով և զարմանք է հայտնում, թե ընդդիմության հաղթանակի դեպքում ինչպես են կարողանալու կարևոր որոշումներ կայացնել 8 հոգով։
  • Իշխող դաշինքի համալրումը մի շարք (ոչ ազդեցիկ) կուսակցություններով, ինչպիսիք են Թուրգութ Օզալի հիմնած «Մայր Հայրենիք», Բյուլենթ Էջևիթի հիմնած «Դեմոկրատական ձախ», Նեջմեթթին Էրբաքանի որդի Ֆաթիհ Էրբաքանի գլխավորած «Վերստին Ռեֆահ (Բարօրություն)», քրդական պահպանողական «Հյուդա Փար» կուսակցությունները։ Հաշվի առնելով, որ Էրդողանն իր վարկանիշով այնքան էլ հեռու չէ նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար անհրաժեշտ 50%+1 ցուցանիշից՝ անգամ նման փոքր կուսակցությունների միանալն իշխող դաշինքին, կարող է օգտակար լինել Էրդողանի համար։ Վերջինս 2014թ․ և 2018թ․ նման այս անգամ էլ փորձելու է հասնել նախագահական ընտրությունների հենց առաջին փուլում հաղթելուն, քանի որ երկրորդ փուլում նրանից դժգոհ ողջ ընտրազանգվածը կարող է իր քվեն տալ երկրորդ փուլ անցած ընդդիմադիր թեկնածուին (2014թ․ նախագահական ընտրություններում Էրդողանը հավաքել է քվեների 51․79%-ը, իսկ 2018թ․ նախագահական ընտրություններում՝ քվեների 52․59%-ը)։ Խորհրդանշական կլինի, եթե Էրդողանը 2023թ․ նախագահական ընտրություններում հավաքի քվեների 50․14%-ը, որը յուրովի կհիշեցնի 1950թ․ մայիսի 14-ը։
  • Քվեարկությանն արտասահմանաբնակ թուրքերի մասնակցելը․ նախորդ ընտրությունների փորձը ցույց է տվել, որ Էրդողանն ու ԱԶԿ-ը սովորաբար մեծ առավելությամբ հաղթում են արտասահմանաբնակ թուրքերի շրջանում (նրանք Թուրքիայի ընտրություններում քվեարկելու իրավունք են ստացել ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանում)։ Նրանց քվեների կարևորությունն ընդգծելու համար ներկայացնենք 2018թ․ հունիսի 24-ի խորհրդարանական ընտրություններում ԼԿ-ի արդյունքները։ ԼԿ-ը Թուրքիայի ներսում հավաքել էր 4․932․510 քվե՝ ողջ վավեր քվեների 10․14%-ը, այսինքն հաղթահարել էր ընտրաշեմը։ Սակայն մաքսային անցակետերում ու արտերկրում անցկացված քվեարկության արդյունքներով ԼԿ-ը հավաքել էր միայն 60․969 քվե՝ ողջ վավեր քվեների 4․05%-ը։ Արդյունքում, ընդհանուր հաշվարկով ԼԿ-ի ցուցանիշը կազմել էր 4․993․479 քվե՝ ողջ վավեր քվեների 9․96%-ը, այսինքն իրականում այն չհաղթահարեց ընտրաշեմը։ Եվ, ինչպես արդեն նշվել է, եթե ԼԿ-ը չգտնվեր Millet դաշինքի կազմում, ապա ներկայացված չէր լինի խորհրդարանում։
  • Իշխանական քարոզարշավը, որ Քըլըչդարօղլուի հաղթանակի դեպքում Թուրքիան դադարելու է անկախ քաղաքականություն վարելուց, դառնալու է ԱՄՆ-ից ու ԵՄ-ից կախյալ երկիր, Հունաստանի հետ Թուրքիայի վեճը լուծվելու է հօգուտ առաջինի և այլն [96]։

Արտաքին քաղաքական/ռազմական գործոններ

  • Պուտինի գործոնը․ չենք բացառում, որ մայիսի 14-ին ընդառաջ Պուտինը կհամաձայնի Ուկրաինայում ժամանակավոր հրադադարի կամ նման այլ գործարքների (բանակցություններ, ռազմագերիների փոխանակում), միայն թե այդ կերպ բարձրացնի Էրդողանի հեղինակությունը Թուրքիայի ներսում և նպաստի նրա հաղթանակին գալիք ընտրություններում: Պուտինը նաև կարող է Էրդողանի համար հերթական անգամ «կանաչ լույս» վառել Սիրիայում նոր ռազմական միջամտություն իրականացնելու համար՝ ընդդեմ տեղի քրդերի։ Եվ վերջապես, Պուտինն Էրդողանին կարող է նոր զիջումներ անել Հարավային Կովկասի մասով։
  • Իսլամական աշխարհի և մասնավորապես Արաբական աշխարհի ու Թյուրքական աշխարհի տնտեսական գործուն աջակցությունը։

Ներկայացնենք նաև այն գործոնները, որոնք գալիք ընտրություններում կարող են նպաստել ընդդիմության միասնական թեկնածուի (ընդդիմադիր դաշինքի) հաղթանակին։

Տնտեսական գործոններ

  • Թուրքիայի տնտեսական բարդ դրությունն ու դրա ավելի վատթարացումը հետագայում․ կարող է կրկնվել 2002թ․ ընտրությունների դիպաշարը, երբ 2001թ․ ֆինանսա-տնտեսական խոշոր ճգնաժամի խորապատկերին մարդիկ քվեարկեցին ոչ այնքան ընդդիմության օգտին, որքան գործող իշխանությունների դեմ, ինչն էլ ԱԶԿ-ին հնարավորություն տվեց հաղթել այդ ընտրություններում և Թուրքիայում գալ իշխանության։ Ամեն դեպքում սրա հավանականությունը բավական փոքր է, քանի որ ներկայումս Թուրքիայում չկա ֆինանսա-տնտեսական խոշոր ճգնաժամ։
  • Վերջին ավերիչ երկրաշարժերի տնտեսական հետևանքները և նաև բնական աղետների այդ խորապատկերին թուրքական իշխանությունների թույլ տված մեծ բացթողումներն ու թերությունները։

Ներքաղաքական գործոններ

  • Էրդողանի բռնաճնշումները, որոնք մեծ թափ են հավաքել 2016թ․ ՌՀՓ-ից հետո։
  • Էրդողանին մեծապես դեմ արտահայտվող Z սերնդի գործոնը։
  • Էրդողանի ու նրա թիմի 20-ամյա կառավարումից մարդկանց հոգնածությունը։
  • Էրդողանից ձերբազատվելու ընդդիմադիր մի շարք ուժերի/գործիչների ձգտումը։
  • Գալիք ընտրություններում Էրդողանի հաղթելու դեպքում Թուրքիայում ակնկալվող բռնաճնշումների ահագնացման հավանականությունը․ Թուրքիայում մեծ տեմպերով կառուցվում են նոր բանտեր, ընդլայնվում են առկա բանտերի հնարավորությունները, և կա տեսակետ, որ այս անգամ դրանցով համալրվելու են արդեն քեմալականները։
  • Սեդաթ Փեքերի հնարավոր սկանդալային բացահայտումներն արդեն Էրդողանի բուն գործունեության վերաբերյալ։
  • Ընդդիմադիր դաշինքի համալրումն այլ ուժերով ու գործիչներով։ Սա հատկապես վերաբերում է 2021թ․ մայիսին հիմնած «Երկիր» կուսակցության ղեկավար Մուհարեմ Ինջեին, ով 2018թ․ հունիսի 24-ի նախագահական ընտրություններում եղել է ՀԺԿ-ի թեկնածուն և հավաքել է քվեների ավելի քան 30%-ը՝ ավելի քան 15 միլիոն քվե (վերջին տարիներին ՀԺԿ-ի առավելագույն ցուցանիշը կազմել է ավելի քան 25%՝ 2015թ․ նոյեմբերի 1-ի ընտրություններում)։
  • Էրդողանի հրահանգով ընտրություններից առաջ ԺԴԿ-ի հնարավոր փակումը․ ինչպես արդեն նշել ենք, սա առաջին հերթին կլինի հօգուտ ԱԶԿ-ի (իշխող դաշինքի) և ի վնաս Էրդողանի (քրդերի զգալի մասը կհիասթափվի Էրդողանից, իսկ ԱԶԿ-ը քրդաբնակ նահանգներում կհայտնվի մրցակցությունից դուրս իրավիճակում)։
  • Քրդամետ ԺԴԿ-ի կողմից նախագահի սեփական թեկնածու չառաջադրելը, եթե այդ դեպքում կուսակցությունն աջակցություն հայտնի ընդդիմադիր դաշինքի թեկնածուին։
  • Քուրդ ընտրազանգվածի հանդեպ Քըլըչդարօղլուի առավել լիբերալ հայացքները՝ Էրդողանի հետ համեմատ։
  • Էրդողանի միգրացիոն քաղաքականությունը։ Թուրքերի դժգոհությունն է հարուցում այն, որ փախստականները նպաստում են կորոնավիրուսի համավարակի տարածմանը, տեղաբնակներից խլում են աշխատատեղեր, աչքի են ընկնում մաքսանենգությամբ, գողություններով (նաև հանրային պարկերի լճերի սագերը գողանալով), սպանություններով, թալանով, նաև երկրաշարժերից տուժած շրջաններում, սանձարձակ պահվածքով (խմբով հյուրանոցներից մեկի տարածք մուտք գործելով ու նրա լողավազանից օգտվելու փորձ կատարելով), վիրավորում են Աթաթուրքին, զբաղվում են թմրաբիզնեսով (Իրանի սահմանից իրենց հետ անցկացնում են թմրանյութ և արգելված այլ նյութեր)։ Մեր տպավորություններով՝ Էրդողանն այս համատեքստում նմանվում է Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելին, ով ԶԼՄ-ի պնդմամբ՝ հանձնարարել էր չհանրայնացել Գերմանիայի տարածքում ներգաղթյալների գործած հանցանքները՝ գերմանական հասարակությանն է՛լ ավելի չզայրացնելու համար։
  • Քըլըչդարօղլուի տարատեսակ խոստումները՝ սկսած հիջաբ կրելն օրենքով պաշտպանելուց մինչև հարկային բեռի թեթևացում, սպանությունների, ՌՀՓ-ի բացահայտում, Սիվերեքի շրջանը նահանգի վերածում, օտարազգիներին անշարժ գույքի վաճառքի դիմաց քաղաքացիություն տրամադրելու կարգի վերացում, սիրիացի փախստականներին երկու տարվա ընթացքում իրենց հայրենիք ուղարկում և այլն։
  • Գալիք ընտրություններում Էրդողանի հաղթանակի դեպքում Նոր Սահմանադրություն ընդունելու հավանականությունը, որը կունենա շարիաթական բազում երանգներ (մեր կարծիքով՝ նոր Սահմանադրությունը մայիսի 14-ի ընտրություններում կարող է (հերթական անգամ) «զրոյացնել» Էրդողանի նախագահական պաշտոնավարման հաշվարկը, և Էրդողանը 2028թ․-ից սկսած՝ վերստին ստանա, ասենք 5+5 տարբերակով, ընտրվելու հնարավորություն)։

 Արտաքին քաղաքական գործոններ

  • Արևմուտքի (ԱՄՆ) միջնորդությամբ քրդամետ ԺԴԿ-ի ու Աքշեների ԼԿ-ի հաշտեցումը։
  • Արևմուտքի (ԱՄՆ) կողմից Թուրքիայի հանդեպ տնտեսական-ռազմարդյունաբերական բնույթի նոր սահմանափակումներ և պատժամիջոցներ սահմանելը, ինչն ավելի կբարդացնի Թուրքիայի տնտեսական դրությունը՝ նորովի արժեզրկելով լիրան։
  • Արտաքին քաղաքական այն ակնկալիքը, որ ընդդիմության հաղթանակի դեպքում Թուրքիան կդառնա ավելի կանխատեսելի երկիր, նորմալ հարաբերություններ կհաստատի հարևան երկրների հետ (թեև վերջին շրջանում թուրքական իշխանությունները ժամանակավորապես որդեգրել են այս ուղին), չի տառապի նեոօսմանիզմով, հավատարիմ կգտնվի Աթաթուրքի՝ արևմտյան ուղղվածությամբ սկզբունքներին, իսկապես կփորձի անդամակցել ԵՄ-ին, կկարգավորի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ և կսահմանափակի Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը (կհրաժարվի S-400 համակարգերից)։
  • «Արտաքին թշնամու» հաշվին սեփական հասարակությանը կոնսոլիդացնելու հարցում Էրդողանի բարդություններն ավերիչ երկրաշարժերից հետո։

Այդպիսով, ներկայումս առավել հավանական է հենց Էրդողանի հաղթանակը, ով ունի 42-46%-անոց վարկանիշ, սակայն նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթելու համար պետք է հավաքի 50%+1 քվե։ Եվ նա թերևս ծրագրել է մնացյալ մոտ 5%-ը հավաքել նախընտրական լավ կամպանիա անցկացնելով, վարչական ռեսուրսների չարաշահմամբ, ընդդիմադիր ուժերին վարկաբեկելով, ահաբեկելով ու ջլատելով, նրանց նախընտրական արշավը խոչընդոտելով, Թուրքիայի տնտեսական դրությունը, երկրաշարժի հետևանքները որոշակի շտկելով, ընտրելու իրավունք ունեցողների, քվեարկության մասնակիցների քանակը, քվեարկության արդյունքները հօգուտ իրեն մի փոքր կեղծելով, իշխող դաշինքն այլ ուժերով համալրելով, հասարակությանը մանիպուլացնելով և այլն։ Իշխանամետ կառույցների հարցախույզները հասարակությանն արդեն պատրաստում են դրան՝ նշելով, որ փետրվարի վերջին (երկրաշարժից շուրջ 20 օր անց) 3000 մարդկանց շրջանում անցկացված հարցախույզի արդյունքները ցույց են տալիս, որ Էրդողանի վարկանիշը կազմում է 49․8% (Քըլըչդարօղլուինը՝ 21․7%), իսկ ԱԶԿ-ինը՝ 38․5% [98]։

Նշենք, որ հաղթանակի դեպքում 5 տարով ազատվում են Էրդողանի ձեռքերը, ընդ որում, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին «ճակատներում»։ «Ներքին ճակատում» Էրդողանի անելիքների մասին արդեն հանգամանալից նշվել է։ «Արտաքին ճակատում» նա կարող է դառնալ իսկական «բեսպրեդել»։ Սա առաջին հերթին կախված կլինի Ռուսաստանում Վ․ Պուտինի պաշտոնավարման շարունակումից․ Պուտինն Էրդողանին հնարավորություն է տալիս զգալիորեն մանևրել Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպես նաև զգալի վերելք է ապահովում նրան։ Երկրորդ կարևոր գործոնը կլինի Արևմուտքի (առաջին հերթին ԱՄՆ-ի) հակազդեցության աստիճանն Էրդողանի գործողություններին։ Էրդողանն Արևմուտքի առջև ամենախոցելի վիճակում է ներկայումս՝ ավերիչ երկրաշարժերից հետո ու անչափ կարևոր ընտրություններից առաջ։ Եվ եթե մինչ գալիք ընտրություններ Արևմուտքը չփորձի կանգնեցնել Էրդողանին, ինչի համար ունի բավականաչափ տնտեսական և այլ գործիքներ, ապա ընտրություններից հետո դա գործնականում անհնար կդառնա՝ առնվազն 5 տարով։

Էրդողանն արտաքին քաղաքական ոլորտում միայն ժամանակավորապես է վերադարձ կատարել «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությանը, որպեսզի առաջին հերթին շտկի երկրի տնտեսական դրությունը, ամրապնդի իր դիրքերը երկրի ներսում, հաղթի մայիսի 14-ի ընտրություններում և այդ ամենից հետո վերստին շեշտակի կոշտացնի իր թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը։ Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու դեպքում Էրդողանը նախ կորդեգրի սպասողական կեցվածք՝ սպասելով 2024թ․ նոյեմբերին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին, այդ ընթացքում փորձելով նաև Արևմուտքի (ԱՄՆ-ի) օգնությամբ հաղթահարել երկրաշարժի հետևանքների զգալի մասը և հետևելով Ուկրաինական պատերազմի ընթացքին (վերջինիս արդյունքները չափազանց մեծ կարևորություն ունեն Էրդողանի հետագա քայլերի համար)։

ԱՄՆ գալիք նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր առաջադրումն ու հաղթանակը «երկրորդ շունչ» կբացի թե՛ Էրդողանի, թե՛ Պուտինի մոտ (փորձագետների պնդմամբ՝ Թրամփի նախագահ դառնալով Պուտինի համար երաշխավորված կարելի է համարել Ուկրաինական պատերազմում հաղթելը)։ Մեր կողմից հավելենք, որ եթե ԱՄՆ-ում Բարաք Օբամայի նախագահության ժամանակ Էրդողանը Սիրիայի հյուսիսում (Ազեզ-Ջերաբլուս գոտում) իրականացրեց միայն «Եփրատի վահան» ռազմական գործողությունը, այն էլ միջազգային հանրության կողմից ահաբեկչական կառույց ճանաչված ԻՊ-ի դեմ, ապա Դ․ Թրամփի նախագահության ժամանակ Թուրքիան միանգամից երկու ռազմական գործողություն է իրականացրել Սիրիայի հյուսիսում, ընդ որում, ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Սիրիայի քրդերի դեմ («Ձիթենու ճյուղ» և «Խաղաղության ակունք» գործողություններ): Հատկանշական է նաև, որ Ռուսաստանը, Իրանը և Թուրքիան (Սիրիայի հարցով) Աստանայի ձևաչափը գործարկել են 2017թ․ հունվարի 23-24-ին՝ Թրամփի կողմից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց (20․01․2017) օրեր անց․ 2017թ․ հոկտեմբերին Թուրքիան, Աստանայի ձևաչափի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, սկսեց իր ռազմական հենակետերը տեղակայել Իդլիբում (44-օրյա պատերազմն էլ Թրամփի պաշտոնավարման ժամանակ էր՝ դրա ավարտական փուլում)։

Հայաստանի տեսանկյունից օգտակար կլինի Էրդողանի պարտությունը Թուրքիայի գալիք ընտրություններում՝ հաշվի առնելով, որ դրանով քանդվում է տարիների ընթացքում ստեղծված ու ամրացած «Պուտին-Էրդողան» երկյակը (ամեն դեպքում 44-օրյա պատերազմից հետո այս կետի արդիականությունը մի փոքր թուլացել է)։ Հաշվի ենք առնում մեր այն կանխատեսումը, որ մայիսի 14-ի ընտրություններում Էրդողանի հաղթելու, Պուտինի պաշտոնավարումը շարունակվելու, ինչպես նաև ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի դեպքում Էրդողանը շեշտակի կոշտացնելու է Թուրքիայի արտաքին քաղաքականությունը, աչքի է ընկնելու առավել ագրեսիվ քայլերով, միգուցե նաև վերոնշյալ տեղերում հանրաքվեներ կազմակերպելով։

Ինչ վերաբերում է թուրքական ընդդիմությանը, ապա 2023թ․ մարտի 7-ին ՀԺԿ՝ միջազգային հարաբերությունների գծով փոխնախագահ Ունալ Չևիքյոզը հայտարարեց, որ հաղթանակի դեպքում իրենք Սիրիայի, Իրաքի, Իրանի, Բալկանյան երկրների և Հարավային Կովկասի հետ հարաբերվելու են՝ հիմնվելով բարիդրացիության և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքների վրա [99]:

Մեր կարծիքով՝ թուրքական ընդդիմությունը հաղթելու դեպքում անհամեմատ ավելի շատ կձգտի դեպի Արևմուտք, և Թուրքիան առաջընթաց կգրանցի ԵՄ-ին անդամակցելու գործընթացում, ավելի շատ կգտնվի «ամերիկյան ծիրում», ավելի զուսպ հարաբերություններ կհաստատի Ռուսաստանի հետ։ Ի դեպ, ավելի վաղ Քըլըչդարօղլուն Պուտինին անուղղակի անվանել է մարդասպան՝ մեկնաբանելով 2020թ․ փետրվարի 27-ին (Էրդողանի 66-ամյակի հաջորդ օրը) ռուսական ավիահարվածն Իդլիբում գտնվող թուրքական զորախմբին․ այդ օրը ռուսական ավիացիան Իդլիբի նահանգի Սարակիբ քաղաքի շուրջ ծագած ճգնաժամի ժամանակ հարվածեց թուրքական ռազմական շարասյանը՝ սպանելով 34-36 (որոշ տվյալներով՝ 50-70) թուրք զինծառայողի (վիրավորվեց ավելի քան երեք տասնյակ թուրք զինծառայող)։ Դա դարձավ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ժամանակ մեկ վայրում թուրքական բանակի կրած խոշորագույն կորուստը։ Կա տեսակետ, որ դա թուրքական բանակին հասցված ամենամահաբեր հարվածն էր վերջին 30 տարում։

Քըլըչդարօղլուն աչքի է ընկել նաև Էրդողանի ռուսական քաղաքականությունը դատապարտող մի շարք այլ հայտարարություններով, որոնք առնչվել են 2015թ․ նոյեմբերի 24-ի «ինքնաթիռային միջադեպին», Ռուսաստանի կողմից Թուրքիայում Աքքույուի ԱԷԿ-ը կառուցելուն, Թուրքիան Ռուսաստանից էներգետիկ կախվածության մեջ դնելուն [100]։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա վերջինիս նախագահ Իլհամ Ալիևը վերջին տարիներին մի կողմից շտապում էր(է) լուծել Հայաստանի/Արցախի հետ իր ունեցած խնդիրները, իրագործել սեփական պլանները, քանի դեռ Թուրքիայում նախագահում է Էրդողանը (իսկ Ռուսաստանում՝ Պուտինը), մյուս կողմից էլ Ի․ Ալիևին կարող է գոհացնել Էրդողանի հեռանալը Թուրքիայի նախագահի պաշտոնից՝ կապված նրան իր որոշակի պարտավորված լինելու գործոնի վերացման հետ (44-օրյա պատերազմից առաջ, դրա ընթացքում և հետպատերազմական ժամանակաշրջանում Թուրքիայի ցուցաբերած աջակցության համար)։ Այստեղ հաշվի ենք առնում նաև այն հանգամանքը, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում որոշակի չեն համընկնում Էրդողանի ու Ալիևի շահերը, որ Ալիևն ավելի շատ համագործակցում է Պուտինի հետ և իր հարցերը փորձում է լուծել առաջին հերթին նրա օգնությամբ [101]։

Ադրբեջանի հանդեպ Քըլըչդարօղլուի հնարավոր քաղաքականության կապակցությամբ նշենք, որ 2021թ․ հոկտեմբերին (44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց) նա դժգոհել էր, որ Ադրբեջանն իրեն չի պահում «եղբայրական երկրի» պես և հավելյալ գումարներ է փորձում գանձել իր տարածքով անցնող թուրքական բեռնատարների վարորդներից [102]: Վերջին տարիներին և հատկապես 44-օրյա պատերազմից հետո Էրդողանն այնքան է զարգացրել Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն լինելու» թեզը, ինչպես նաև Թյուրքական աշխարհի տեսլականը, որ պետք չէ ակնկալել Քըլըչդարօղլուի կողմից կտրուկ փոփոխություններ այս ոլորտներում։

Եվ, ընդհանրապես, այստեղ նույնպես կարող է ի հայտ գալ Մ․ Աքշեների գործոնը․ եթե Քըլըչդարօղլուն նախագահ ընտրվի, եթե նրա կուսակցությունը խորհրդարանական ընտրություններում հաղթի նաև Աքշեների ընտրազանգվածի շնորհիվ, ապա «Քըլըչդարօղլու-Աքշեներ» զույգը փոխադարձ կախվածության պլանում կգա փոխարինելու «Էրդողան-Բահչելի» զույգին։ Նկատի ունենք այն, որ Քըլըչդարօղլուն հաղթանակի/հաղթանակների համար պարտական կմնա Աքշեներին, անգամ ընտրություններից հետո կախված կլինի նրա աջակցությունից (կոալիցիոն կառավարությունից Աքշեների կուսակցության դուրս չգալու և այդպիսով նրա չփլուզվելու, հաջորդ ընտրություններում վերստին հաղթել կարողանալու համար), և նա հարկադրված կլինի տուրք տալ Աքշեների պահանջներին (ինչպես որ Էրդողանն է տուրք տալիս Բահչելիի պահանջներին)։ Աքշեներն այդպիսով կարող է դառնալ Թուրքիայի «ստվերային նախագահ», և դա իր բացասական կնիքը կթողնի նաև ՀՀ-Թուրքիա միջպետական հարաբերությունների կարգավորման/զարգացման վրա։

 ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԱՂԲՅՈՒՐՆԵՐ

[57] Erdoğan: 1939 Erzincan depreminden sonraki en büyük felaketle sarsıldık, Duvar Gazete, 06․02․2023․

[58] 33 bin kişinin can verdiği Erzincan Depremi’nin acısı 82 yıldır dinmiyor, Anadolu, 27․12․2021․

[59] Kahramanmaraş merkezli depremlerde can kaybı 45 bin 89’a yükseldi, EuroNews, 01.03.2023.

[60] Cumhurbaşkanı Erdoğan: 7 gün süreyle milli yas ilan edildi, TRT Haber, 06․02․2023․

[61] Cumhurbaşkanı Erdoğan açıkladı: 10 ili kapsayan OHAL ilan edildi, Göktürk Dergisi, 08․02․2023․

[62] Cumhurbaşkanı Erdoğan: Deprem fırtınasına tutulduk, Yeni Şafak, 01.03.2023.

[63] Erdoğan, deprem aramalarında CHP’li belediye başkanlarını pas geçti, Diken, 06.02.2023.

[64] Muhalif medyada ‘Erdoğan CHP’li belediyeleri aramadı’ yalanı, Yeni Şafak, 06.02.2023.

[65] Cumhurbaşkanı Erdoğan Adıyaman’dan helallik istedi: İlk birkaç gün arzu ettiğimiz etkinlikte çalışma yürütemedik, Türkiye, 27.02.2023.

[66] TOKİ’nin deprem bölgesindeki 134 bin konutu, depreme dayanıklı sistemler sayesinde zarar görmedi, Anadolu, 12.02.2023․

[67] Karar yazarı Berkan: Tayyip Erdoğan ve iktidarı bu kafayla 14 Mayıs’a giderse, seçmenden çok büyük bir tokat yiyecekler, T24, 28.02.2023.

[68] Щегловин Ю.Б., Об операции по оказанию психологического влияния, проведенной Национальной разведывательной организацией (MIT) после землетрясения в Турции, Институт Ближнего Востока, 22.02.2023.

[69] Takdir-i iktidarı, takdir-i ilahi diye satıyorlar, Tr724, 07․02․2023․

[70] Prof. Naci Görür yine uyardı: İstanbul’da deprem olasılığı yüzde 80’lere çıktı, Duvar, 13.02.2022.

[71] İstanbul depremi ne zaman bekleniyor? Prof. Dr. Naci Görür’den kritik uyarı “30 sene içerisinde bekleniyordu, 23 sene geçti!”, HaberTürk, 20.02.2023.

[72] İBB’den korkutan rapor! İşte İstanbul’da bölge bölge ‘ölümün’ listesi, Halk TV, 13.02.2023.

[73] Ekrem İmamoğlu İstanbul’un deprem bilançosunu açıkladı, Medyatava, 25.02.2023.

[74] Murat Kurum: İstanbul’da 1.5 Milyon Riskli Konut Taşınacak, Son dakika, 28.02.2023.

[75] Այս մասին տե՛ս Հայկ Գաբրիելյան, Առանց «արտաքին թշնամո՞ւ»․ Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքները, Անալիտիկոն, 2023թ․ փետրվար։

[76] Depremzede seçmenin %15’i başka kente göç etti, Ekonomim, 10․03․2023․

[77] Osman Arolat: Seçim sonrası dört seçenek ortaya çıkıyor, Diken, 10.08.2022.

[78] TÜRKONFED’den deprem raporu: Mali hasar 84 milyar dolara çıkabilir, Sözcü, 12.02.2023.

[79] Dünya Bankası: Depremin maliyeti 34 milyar doları aşacak, NTV, 27.02.2023.

[80] BM: Türkiye’deki deprem hasarı 100 milyar doları aşacak, DW, 07․03․2023․

[81] Bakan Kirişci, ‘Depremin zararı 80 milyar dolar’, HDH Medya, 09․03․2023․

[82] Toplanan bağış 115 milyar 146 milyon 528 bin lira, TRT Haber, 16.02.2023.

[83] Dünya Bankası’ndan Türkiye’ye 1,78 milyar dolarlık destek, TRT Haber, 10.02.2023.

[84] Suudi Arabistan’dan Türkiye’ye 5 milyar dolar, NTV, 06․03․2023․

[85] Murat Yetkin, AK Parti’nin 55 milyar dolarla seçimi alma hesabı, Yetkin Report, 15.08.2022.

[86] AB’nin depremzedelere bağış konferansı 20 Mart’ta, DW, 10.03.2023.

[87] TCG ANADOLU Deniz Kuvvetleri’ne teslim edildi, SavunmaSanayiST, 04․03․2023․

[88] Kılıçdaroğlu’nun Sabiha Gökçen Havalimanı sözleri yeniden gündemde, En Son Haber, 02․10․2022․

[89] TRT’den AK Parti’ye 13 saat muhalefete 48 dakika, Radikal, 13.03.2014.

[90] Mustafa Pak: Son 10 yılda nüfustaki artış 8.2 milyon ama seçmen artışı 16.6 milyon, T24, 20․09․2022․

[91] Ümit Özdağ: ‘1 milyon 750 bin kişiye vatandaşlık verilmiş; seçim sonuçlarını etkileyecek yüzde 3’lük bir oran’, Cumhuriyet, 21․08․2022․

[92] Ümit Özdağ: Vatandaşlık verilen Suriyeli sayısı 900 bini geçti, Independent Türkçe, 22.06.2022.

[93] Vatandaşlık verilen kaç Suriyeli oy kullanabilecek? Bakan Soylu açıkladı, Sözcü, 18․08․2022․

[94] Muharrem İnce ile Ümit Özdağ ittifaka hazırlanıyor, Yeni Şafak, 22.10.2022․

[95] Ümit Özdağ: “Muharrem İnce 24 Saat Önce İttifaktan Ayrıldı”, Onedio, 04.03.2023.

[96] Yunanistan resmen itiraf etti: Kemal Kılıçdaroğlu kazanırsa bunlar olacak, Yeni Akit, 03.10.2023.

[97] FP: Erdoğan hükümeti hapishane inşaatına 13 milyar lira ayırdı, Kronos, 09.08.2021.

[98] Şubat ayı seçim anketi: Erdoğan yüzde 49,8 ile açık ara önde, Yeni Şafak, 28.02.2023․

[99] Кылычдароглу сохранит отношения с Россией, если станет президентом Турции, Спутник Армения, 07.03.2023․

[100] Kemal Kılıçdaroğlu’nun adaylığı Moskova’da nasıl yankılandı, Iz Gündem, 08.03.2023․

[101] Այս մասին տե՛ս Հայկ Գաբրիելյան, Էրդողանը որպես միջնո՞րդ Հայաստանի ու Ադրբեջանի միջև, Անալիտիկոն, 2022թ․ հուլիս։

[102] Kılıçdaroğlu: Azerbaycan’da, Türk TIR’larından ekstra para alınıyor, DHA, 07.10.2021․

Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ

Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա)

քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031