Լրահոս
Օրվա լրահոսը

Ամերիկյան լրատվամիջոցն անդրադարձ է կատարել Արցախի շրջափակմանը

Մարտ 22,2023 14:54

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ամերիկյան «Christian Broadcasting Corporation» (CBN) հեռուստաընկերությունը երկուշաբթի Արցախի շրջափակման և արցախահայությանը սպառնացող վտանգի մասին ռեպորտաժ է հեռարձակել: Հեռուստաընկերության լրատվական ծառայության այդ օրվա թողարկումը մեկ օրվա ընթացքում Յութուբում հավաքել է ավելի քան 100.000 դիտում:

Կազմակերպության պաշտոնական կայքէջը հայտնում է, որ հեռուստաընկերությունն ունի քրիստոնեական ուղղվածություն: Առաջնային նպատակներից է՝ լուսաբանել աշխարհի քրիստոնյաներին առնչվող իրադարձությունները:

Արցախի անօրինական շրջափակման մասին պատմող ռեպորտաժը ներկայացնելիս մեկնաբանն ասում է. «Հասունացող ճգնաժամ և ոչնչացման վտանգ քրիստոնյանների համար»:

Ռեպորտաժի խոսնակներից է Միացյալ Թագավորության Խորհրդարանի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը, որը Հայաստանին և Արցախին աջակցում է դեռ արցախյան առաջին ազատամարտից: Բրիտանացի օրենսդիրը տեսանյութում խոսում է ցեղասպանության մոտալուտ վտանգի մասին:

«Իրողությունը հիմա շատ լուրջ է: Շատերի կողմից ասվում է, որ այս ամենը մոտեցող ցեղասպանության մասին է խոսում: Ադրբեջանի ագրեսիան հայերի դեմ շարունակական բնույթ է կրում: Պետք է նշել, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմում ընդգրկվել է Ստալինի կողմից: Այդ ժամանակներից սկսած՝ Ադրբեջանը ցանկանում է Լեռնային Ղարաբաղը էթնիկ զտման ենթարկել», – իր խոսքում շեշտում է Քերոլայն Քոքսը:

Բարոնուհի Քոքսը զգուշացնում է Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության, պատմական վայրերի և հայկական մշակույթի ոչնչացման սպառնալիքի մասին: Նա նշում է. «Սա կարող է ցեղասպանության, քրիստոնյաների և քրիստոնեական ժառանգության վերացման հերթական փուլը լինել: Մենք պետք է աղոթենք: Այդտեղի քրիստոնյաներից ձերբազատվելը Ադրբեջանի օրակարգի մաս է կազմում: Հայերին հենց դա է մտահոգում, որովհետև նրանք կկորցնեն իրենց քրիստոնեական յուրահատուկ ժառանգության մի մասը»:

Ռեպորտաժն անդրադառնում է նաև Արցախում դեղորայքի և բժշկական պատշաճ օգնության բացակայությանը: Մասնավորապես, Արցախի բնակիչ Գայանե Բեգլարյանը պատմում է, որ լյարդի քաղցկեղ ունեցող իր 4-ամյա աղջկան հաջողվել է Հայաստան տեղափոխել միայն Կարմիր խաչի միջնորդության շնորհիվ: Գայանե Բեգլարյանը նյութում ընդգծում է, որ կարևոր բուժօգնության անհասանելիության պատճառով հազարավոր մարդիկ անօգնության են մատնված: «Մենք չունենք անհրաժեշտ սարքավորումները: Չունենք նաև անհրաժեշտ բժիշկներին: Քանի դեռ ճանապարհը փակ է, ոչ մենք կարող ենք գնալ, ոչ էլ օգնությունը կարող է այստեղ գալ», – ասում է Արցախի բնակիչը:

CBN-ը թերևս ամերիկյան միակ լրատվամիջոցն է, որն այսչափ ծավալուն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի արգելափակման վերաբերյալ:

 

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031