Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Բարեբախտություն ունենք ըմբոշխնելու իր արվեստը». Իտալացի մուրալիստ նկարիչը նկարել է Գեղարվեստի ակադեմիայի պատին

Մարտ 22,2023 14:19

CITY OF THE FUTURE Yerevan Street Art փառատոնի շրջանակում Հայաստան է հրավիրվել իտալացի մուրալիստ նկարիչ Անտոնինո Պեռռոտտան: Նրա մասշտաբային ստեղծագործությունը տեղ է գտել Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի կենտրոնական մասնաշենքի պատին: Նախագծի իրականացմանն աջակցել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությունը:

Aravot.am-ի հետ զրույցում նախագծի կազմակերպիչ՝ CITY OF THE FUTURE Yerevan Street Art Fest-ի հեղինակ եւ ղեկավար Դավիթ Խաչատրյանը նշեց. «Առաջնորդվելով ժամանակակից կերպարվեստի համաշխարհային զարգացման միտումներով՝ ինքս գոնե իմ առաջ նպատակ եմ դրել Երեւանում ու մարզերում ստեղծել այն մթնոլորտը, որտեղ կձեւավորվի մուրալիզմը, այսինքն՝ այն ուղղությունը, որն աշխարհի շատ երկրներում արդեն իսկ լայն թափով առաջ է գնում: Սա մեր երկրորդ նախագիծն է՝ այս անգամ՝իտալացի նկարիչ Անտոնինո Պեռռոտտայի մասնակցությամբ: Նա լայն ճանաչում ունի մուրալիստների եւ ընդհանրապես արվեստասեր լայն հանրության շրջանում: Անտոնինո Պեռռոտտան աշխատել է Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայի մի շարք քաղաքներում եւ այլուր: Այսօր արդեն մենք եւս բարեբախտություն ունենք ըմբոշխնելու իր արվեստը Երեւանում»:

Դավիթ Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության դեսպանությանը ի դեմս՝ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյին՝ նախագծի իրականացման աջակցելու համար. «Հույս ունեմ, որ մեր համագործակցությունը դեսպանատան եւ պարոն դեսպանի հետ շարունակական կլինի՝ զարգացնելու ու տարածելու համար մուրալիզմը ոչ միայն Երեւանում, այլ նաեւ մայրաքաղաքից դուրս»:

Մեր զրուցակիցը ներկայացրեց, որ վերջին օրերի ընթացքում հետեւել է, թե ինչպես են արձագանքում մեր համաքաղաքացիները նման մասշտաբային աշխատանքի գոյությանը Երեւանի սրտում, ինչ տպավորություններ ունեն, քանի որ մուրալիզմը, նրա ձեւակերպմամբ, աննախադեպ երեւույթ է Հայաստանում:

«Ուղղակի հիացած եմ մեր քաղաքացիների՝ ժամանակակից արվեստը զգալու, նրա հետեւից գնալու հոտառությամբ: Նրանք իրենց հիացական հույզերը վերջին օրերին չէին թաքցնում: Մարդիկ կանգնում ու լուսանկարվում էին, ջերմ խոսքեր էին ասում նկարչին, ոմանք նույնիսկ փոքրիկ հուշանվերներ էին պատրաստել իտալացի նկարչի համար, որը գեղեցկացրել է իրենց ամենօրյա ճանապարհը, իրենց բակն ու քաղաքը»,-ասաց Դավիթ Խաչատրյանը:

Նա հավելեց, որ նկարիչն առաջին անգամ է Հայաստանում եւ շատ տպավորված է թամանյանական ճարտարապետությամբ, որոշ ընդհանրություններ է տեսնում իտալական ճարտարապետության հետ:

«Մենք կանգ չենք առնելու մեր նախագծերն իրականացնելիս, առաջիկայում եվրոպական այլ երկրներից այլ նկարիչներ կայցելեն Հայաստան, որոնք դեռ կզարմացնեն մեր հայրենակիցներին ու արվեստասերներին՝ իրենց ստեղծագործություններով»,-մեր զրույցի ավարտին ասաց Դավիթ Խաչատրյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարները տրամադրել է Դավիթ Խաչատրյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031