2021 թվականին Հայաստանում արձանագրվել է տուբերկուլյոզի վարակման 580 դեպք, մահվան՝ 19 դեպք , իսկ 2022 թվականին՝ վարակման 570 դեպք, մահվան՝ 27 դեպք: 2021 թվականին աշխարհում 10 միլիոն մարդ վարակվել է տուբերկուլյոզով, մահերը կազմել է 1,5 միլիոն, դա ահռելի թիվ է: Այս մասին այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության թոքաբանության ազգային կենտրոնի տնօրենի բուժական գծով տեղակալ, գլխավոր բժիշկ Կարեն Պողոսյանը՝ տուբերկուլյոզի դեմ պայքարի օրվան ընդառաջ կազմակերպված ասուլիսում:
Նրա հավաստմամբ, Հայաստանում իրավիճակը բարվոք է և արդեն մի քանի տարի է՝ մեր երկիրը դասվում է այն երկրների շարքում, որտեղ տուբերկուլյոզը գնալով նվազում է:
«Մեր գերնպատակն է մինչև 2030 թվականը տուբերկուլյոզի թվերը նվազեցնել այնպիսի մակարդակի, որպեսզի որպես հիվանդություն առանձնացնելու կարիք չլինի, իսկ դրա համար անհրաժեշտ են մեր բոլորի համատեղ ջանքերը: Տուբերկուլյոզի նվազման միտում կա, սակայն որոշակի առումով՝ նաև քովիդի համաճարակը զուտ վիճակագրությունը խախտեց, քանի որ քովիդի ժամանակ դիմելիությունը խիստ քչացավ։ Բացի այդ, բնական է մեր մասնագետները խիստ ծանրաբեռնված էին քովիդի ախտորոշմամբ, շատ հաճախ տուբերկուլյոզը ծածկվում էր քովիդի տակ և ցուցանիշները զգալի իջան: Հիմա արդեն, երբ քովիդի համաճարակ չունենք, ցուցանիշները նորից բարձրանում են»,-ասաց Պողոսյանը:
Նրա դիտարկմամբ քովիդի համաճարակի հանգամանքը հաշվի առնելով ևս տուբերկուլյոզի տարածվածությունը մեր հանրապետությունում նվազման միտումներ է արձանագրում: Գլխավոր բժիշկը տեղեկացրեց, որ աշխարհով մեկ տարածում ունեցող տուբերկուլյոզը բակտերիալ հիվանդություն է, որը տարածվում է օդակաթիլային եղանակով, հիմնականում հանդիպում է թոքային ձևը, սակայն գոյություն ունի նաև արտաթոքային տարբերակը: Նա միաժամանակ հիշեցրեց, որ տուբերկուլյոզի ախտորոշումը, բուժումը՝ հայտնաբերման պահից մինչև վերջնական բուժում մեր երկրում անվճար է:
Կարդացեք նաև
Պողոսյանը դժվարացավ համեմատություն տանել 10 տարի առաջվա ցուցանիշների և ներկա իրավիճակի միջև, սակայն փաստեց, որ նախկինում ստացիոնար բուժում էին ստանում 300-350 հիվանդ, հիմա ակտիվ տուբերկուլյոզով հիվանդանոցային բուժում են ստանում 56 մարդ, որոնցից 25-ն են վարակիչ՝ շրջապատի համար վտանգ ներկայացնող:
«Եթե տուբերկուլյոզով հիվանդը բացիլազատող չէ, այսինքն` ինքը շրջապատում բացիլներ չի տարածում, նա շրջապատի համար ոչնչով վտանգավոր չի և մեր բուժման սխեմաների մեջ է մտնում նման հիվանդներին արագ վերադարձնել իրենց բնակության վայր»,-այս մասին կարևոր համարեց ասել Կարեն Պողոսյանը:
Հայկական Կարմիր խաչի ընկերության լրատվական և լուսաբանման բաժնի ղեկավար Նունե Գրիգորյանը տեղեկացրեց, որ տարիներ շարունակ իրենց կառույցը աջակցել է ՀՀ առողջապահության նախարարությանը տուբերկուլյոզի դեմ պայքարի տարբեր ձեռնարկներում։ Գործում է հոգեբանների ծառայություն, որի միջոցով փորձում են նվազեցնել հասարակության մեջ տուբերկուլյոզով հիվանդների նկատմամբ խտրական վերաբերմունքը: «Կարող ենք փաստել, որ տարիների այդ երկարատև աշխատանքն իր արդյունքը տվել է և հանրության մոտ որոշակի փոփոխություն արձանագրվել է, քանի որ իրազեկվածությունն է բարձրացել, թեպետ այս ուղղությամբ դեռ աշխատանք կա անելու»,-ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ