«ՔՊ-ն չի մասնակցելու այս հարցի քվեարկությանը, քանի որ լեգիտիմ չենք համարում այն մեղադրանքները, որոնք հնչեցված են: Տիկին Սեդա Սաֆարյանը սահմանված ժամկետում ՊԵԿ-ին տեղեկացրել է իր՝ որպես ձեռներեց գործունեության դադարեցման վերաբերյալ, սա նշանակում է, որ նա պատշաճ կերպով պետությանը իրազեկել է, էական խախտում չկա»- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, երբ քննարկվում էր ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը:
Կոնջորյանն անդրադարձավ Գեղամ Մանուկյանի ելույթին, որն ասել էր՝ Սեդա Սաֆարյանի հետեւից չենք ընկել, ցանկանում ենք, որ Սահմանադրական դատարանը լինի ՍԴ. «Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» խմբակցության Գեղամ Մանուկյանն է ասում»:
Սա լսելով՝ ընդդիմադիրները տեղից սկսեցին արձագանքել, Կոնջորյանը պատասխանեց. «Հենց Ռոբերտ Քոչարյանի անունը տալիս եմ, այսահարվում եք, պարո՛ն Մանուկյան: Հանդարտվե՛ք, մի՛ ալեկոծվեք»: Հետո դիտողություն արեց նիստը վարող Հակոբ Արշակյանը:
Կոնջորյանը շարունակեց. «2003 թվականին կեղծված նախագահական ընտրություններից հետո Ռոբերտ Քոչարյանը զավթում է նախագահի աթոռը, ՍԴ-ն կայացնում է որոշում՝ քանի որ հասարակության մեջ խաթարված է վստահությունը, առաջարկում է 1 տարվա ընթացքում անցկացնել վստահության հանրաքվե, որպեսզի վերականգնվի հասարակական համերաշխությունը: ՍԴ-ի կայացրած այս որոշումը ոտնահարվում է եւ չի իրականացվում Ռոբերտ Քոչարյանի եւ իր իշխանության կողմից: Եվ այսօր Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության ներկայացուցիչն ասում է՝ ՍԴ-ն պիտի լինի ՍԴ: Դուք, որ տարիներ շարունակ ասպատակել եք ՍԴ-ն ու սահմանադրականությունը, այսօր եկել եք սահմանադրական իրավունքի կանթեղն եք այստեղ վառ պահում, բարձր պահում: Ցիցերոնի ոսկորները գերեզմանում շարժվում են այս ձեր ելույթներից, մի քիչ զո՛ւսպ եղեք եւ ժուժկալ»:
Կարդացեք նաև
Ելույթից հետո Հակոբ Արշակյանը դիմեց ընդդիմադիրներին. «Մարդկանց անունը տալուց չեմ հասկանում ինչի եք այսպես ալեկոծվում, մարդ է, էլի, երկիրը ղեկավարել է 10 տարի, հնարավոր է եւ անունը տան միամիտ: Թե չէ «Հարրի Փոթերի» հայտնի ֆիլմն եմ հիշում, որտեղ ասում են մարդ, ում անունը չի կարելի տալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ