«ՍԴ դատարանի անդամի կողմից օրենքով սահմանված կանոնի խախտումը գնահատականի արժանի՞ է, թե՞ ոչ: Ոչ մի ՔՊ-ական չի հերքել այն փաստը, որ խախտում կա, այլ բան է, որ փորձում են խախտմանը գնահատական տալ՝ անփութություն, մոռացություն կամ տեխնիկական վրիպում: Բայց մի մոռացեք, որ խորհրդարանը չէ, որ այդ գնահատականը պետք է տա, այն պետք է տրվի ՍԴ-ի կողմից: Դրա համար է, որ մեր խմբակցությունը դիմում է ՍԴ-ից գնահատական ստանալու»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:
Հիշեցնենք, որ նիստում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը: Այն հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Կյուրեղյանը ՔՊ-ականներին հարցրեց. «Ինչի՞ եք վախենում ՍԴ-ի գնահատականից, մինչեւ հիմա այնքան եք խախտել ու մարսել, մինչեւ հիմա ինչքա՜ն բան եք խաբել ու մարսել, այս անգամ այդ գնահատականից ինչի՞ եք այդքան վախենում: Խոսել եք դատարանների անկախությունից՝ դատարաններն եք շրջափակել, ՍԴ-ն եք ՔՊ-ացրել, խոսել եք ընտրական գործընթացների թափանցիկությունից, ձեր իսկ վարչության ընտրությունը կեղծիքով եք իրականացրել: Խոսել եք լեգիտիմությունից, օրենք եք բերել ու չեղյալ համարել համայնքի բնակչի ընտրության արդյունքը եւ նշանակման իրավունքը տվել մեկին: ԿԸՀ նախագահ եք ընտրել մեկին, որը միաժամանակ ե՛ւ անկախ մարմնի թեկնածու էր, ե՛ւ պատգամավոր, ե՛ւ ՔՊ վարչության անդամ եւ ինքն էլ իր օգտին քվեարկել է, էդ ի՞նչ լեգիտիմությունից եք խոսում, կամ այդքանը մարսել եք, հիմա ինչի՞ց եք վախենում: Խոսում եք կոռուպցիան արմատախիլ անելուց, նայեք Պետդեպը: Խոսել եք ժողովրդավարական բաստիոնից, նայեք ՏԻՄ օրենքի փոփոխությունները: Սեդան էլ է ձերը, ՍԴ-ն էլ է ձերը, ինչի՞ց եք վախենում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ