«Սեդա Սաֆարյանի հետեւից ոչ ոք չի ընկել, ուղղակի փորձ է արվում ՍԴ-ն պահել որպես Սահմանադրական դատարան: Երբ որ քաղաքացին որեւէ հարցով դիմի ՍԴ, ՍԴ որոշմանը որեւէ վայրկյան չկասկածի: Քաղաքացին, որը մերժում ստանա, կատի ՍԴ-ն՝ ասելով՝ դուք որոշում եք կայացնում՝ հանուն Հայաստանի Հանրապետության, իսկ ձեր անդամը 11 օր օրենքի խախտումով հանդիսացել է ՍԴ անդամ»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Հիշեցնենք, որ նիստում քննարկվում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու որոշման նախագիծը: Այն հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:
Գեղամ Մանուկյանն ասաց, որ ՍԴ-ն արդեն 3 տարի է՝ «որբի գլխի պես» այս իշխանության քաղաքական մեծամասնության ձեռքին խաղալիք է. «Հիշեք 2020 թվականը, Հովակիմյան Վահագը փնթի մի հատ նախագիծ էր բերել մի օրվա մեջ, տարան-հետ բերին, տարան-հետ բերին, վերջը փոխեցին ՍԴ-ն ու սարքեցին իրենց ուզած ՍԴ-ն: Սեդա Սաֆարյանի հետեւից ոչ մեկը չի ընկել, ի՛նքն է ընկել իր հետեւից: Տեսեք, այստեղ հարց հո չքննարկվե՞ց՝ ինչի է Սեդա Սաֆարյանը իր ամուսնուն նշանակել վարորդ: Գլուխը քարը, դա իրենց բարոյական կոդեքսն է, այս հարցը իրավունքի խնդիր է միայն»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանն արձանագրեց, որ ՔՊ-ականների այս արդարացումները ցույց են տալիս, թե որքանով են կատարում իրենց նախընտրական խոստումը՝ կառուցելու օրենքի երկիր. «Խախտվել է օրենքի պահանջ: Մենք դատական ատյան չենք, որ որոշենք տեխնիկակա՞ն վրիպակ էր, շահույթ հետապնդե՞լ է, թե՞ ոչ: Մի՞թե դրանք էական են օրենքի խախտման կոնտեքստում, իհարկե, ոչ: Թող ՍԴ-ն որոշի՝ որքանով է բարոյական Սեդա Սաֆարյանի գործունեությունը: Մեզ հարցնում են ի՞նչ եք հետապնդում: Մենք օրենքն ենք հետապնդում ու պառլամենտական երկրում իշխող ուժի պատգամավորը մեկ անգամ եւս հաստատում է սեփական բոլշեւիզմը՝ ասելով, որ եթե մեկ անգամ գա, միեւնույն է, կընտրենք: Եթե ձեր համար այդքան ոչ մի արժեք չունի օրենքը, բարոյականությունը, քաղաքական բարոյականությունը, վարվեք այնպես, ինչպես վարվել եք: Դրա անունը մեկն է՝ քաղաքական բոլշեւիզմ»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն իր ելույթում ասաց, որ այս դրույթը օրենքում ամրագրվել է, որ պաշտոնյաները բիզնեսով չզբաղվեն, բայց նախկին իշխանությունների ժամանակ մարդիկ պատգամավորական մանդատներն են օգտագործել՝ բիզնեսում հաջողելու համար. «Մեր քաղաքացիները դա շատ լավ գիտեն, մնացածն իրավաբանները թող որոշեն»:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանն էլ արձագանքեց. «Նախկինում արված սխալների մեջբերումը ձեզ չի ազատում այսօրվա սխալների պատասխանատվությունից, սա հիշեք մեկընդմիշտ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ