Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կարեն Վրթանեսյան. Գրիգորի Խաչատուրովի և շատ այլ գեներալների հետապնդումը պետք է դիտարկել բանակի կազմաքանդման համատեքստում, որը սկսվել է 2018թ․-ի հեղաշրջումից հետո․ «Իրավունք»

Մարտ 22,2023 11:48

«Իրավունքի» հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն անդրադառնալով բարձրաստիճան զինվորականների դեմ հարուցվող քրեական գործերին` նշել է, որ այս ամենը նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճն է: Ինչ վերաբերում է ՀՀ սահմանային անվտանգությանը, ըստ փորձագետի, այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը:

—  Ըստ Ձեզ, գեներալ Գրիգորի Խաչատուրովի կալանավորման որոշումը քաղաքական ենթատեքստ ունի՞: Այս եւ նմանատիպ այլ գործերը կարելի՞ է քաղաքական հետապնդում համարել:

— Իմ կարծիքով` Գրիգորի Խաչատուրովի, ինչպես եւ շատ այլ գեներալների ու բարձրաստիճան սպաների հետապնդումը պետք է դիտարկել բանակին նպատակաուղղված կազմաքանդման համատեքստում, որը ո՛չ երեկ է սկսվել, ո՛չ էլ նույնիսկ 44-օրյա պատերազմից հետո, այլ 2018 թվականի հեղաշրջումից անմիջապես հետո: Խաչատուրովի փաստաբանների ասուլիսից հետո որեւէ կասկած չի մնում, որ քննիչները պատվեր են կատարում` ամեն գնով մի գործ կարելու: Առավել անհեթեթ է այդ գործով գեներալին կալանավորելը, քանի որ ակնհայտ է, որ այդ գործը վաղ թե ուշ փլվելու է: Սա նիկոլական ռեժիմի ստանդարտ գործելաոճ է՝ «հոսքագծով» գործեր կարելը, մարդկանց ըստ գործը կարողների քմահաճույքի կալանավորելը, այդ մասին իշխանական քարոզչամեքենայով շեփորահարելը: Հիշեցնեմ, որ Փաշինյանի հրահրած առաջին այսպիսի դատարկ գործերից մեկով դեռ 2018 թվականի ամռանը փորձեցին կալանավորել Գրիգորի Խաչատուրովի հորը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

Կան տեսակետներ, որ Գրիգորի Խաչատուրովի դեմ հարուցվող այս գործերի հետեւանքը կարո՞ղ է լինել վտանգը Տավուշի շուրջ: Տեսնո՞ւմ եք որեւէ կապ:

— Այսօր վտանգված է ամբողջ Հայաստանը: Չկա Հայաստանում որեւէ շրջան, որտեղ կարելի է ապահով զգալ: Ինչպես արդեն նշեցի, գեներալների եւ բարձրաստիճան սպաների դեմ գործերի շքերթը պետք է դիտարկել բանակը կազմաքանդելուն նպատակաուղղված ընդհանուր քաղաքականության շրջանակներում: Այստեղ առանձին գեներալների կամ սպաների, առանձին զորամասերի կամ միջադեպերի հարց չէ: Հետեւողական ձեւով կազմաքանդվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

Մինչ իշխանությունը ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի հանգամանքները, թշնամին, կարծես, կրկին դիրքավորվում է ՀՀ սահմանին, արդյո՞ք պատերազմի հավանականությունը մեծ է:

— Բավականին բարձր եմ գնահատում նոր ռազմական գործողությունների հավանականությունը: Եթե իշխող վարչակարգը ջանք չի խնայում բանակը կազմաքանդելու, ինչպես նաեւ բոլոր բնական դաշնակիցներին մեզնից վանելու համար, ապա ի՞նչը պետք է Ադրբեջանին հետ պահի նոր ռազմական գործողություններ սկսելուց:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031