Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանը առո՞ղջ է, թե՞ հիվանդ, վախեցա՞ծ է դատից, ապօրինի գույքից ինչքա՞ն փող պիտի վերադարձվի. ՔՊ-ականների հարցերը՝ ԱԺ-ում Սեդա Սաֆարյանի հարցի քննարկմանը

Մարտ 22,2023 11:55

Այսօր ԱԺ նիստում«Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու հարցը: Այն հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել:

Այս որոշման նախագծի համար հիմք է հանդիսացել փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի դիմումը՝ ուղղված ԱԺ բոլոր խմբակցություններին: Հիմքը հետեւյալն է՝ Սեդա Սաֆարյանը, որպես անհատ ձեռնարկատեր գրանցվել է դեռ 1994-ի օգոստոսի 11-ին, 2022-ի սեպտեմբերի 15-ին նա ԱԺ որոշմամբ ընտրվել է ՍԴ դատավոր: ԱԺ-ում, որպես ՍԴ դատավոր, երդվել է դեկտեմբերի 16-ին: Նա անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակը դադարեցրել է 2023-ի հունվարի 27-ին, այսինքն, ըստ պետռեգիստրի, Սաֆարյանը որպես անհատ ձեռնարկատեր գործել է առանց ընդհատումների 1994 թվականի օգոստոսից մինչեւ 2023-ի հունվարի 27-ը: Մինչդեռ, ըստ Սահմանադրության 164 հոդվածի 6-րդ մասի, դատավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական մարմիններում, որեւէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել առեւտրային գործունեությամբ, որեւէ վճարովի աշխատանք, բացի գիտական, կրթականից:

Վահագն Ալեքսանյան

ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, Սեդա Սաֆարյանի հարցը մի կողմ դրած, հետաքրքրվեց, թե «Հայաստան» խմբակցությունից քանի՞ պատգամավոր է անցնում «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքով, ինչքա՞ն միջոցներ պետք է վերադարձնեն պետությանը, Ռոբերտ Քոչարյանը առո՞ղջ է, թե՞ ոչ, որովհետեւ դատական նիստերին չի գալիս, իսկ իրենց նախընտրական քարոզարշավին բավականին լավ էր՝ տուռնիկից 10-12 հատ ժիմ էր անում, նա հիմա խնդիրնե՞ր ունի, թե՞ վախեցած է դատական նիստերից:

Արծվիկ Մինասյան

Ի պատասխան՝ Արծվիկ Մինասյանն ասաց, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հետ կապված կարող են դիմել համապատասխան մարմիններին, որոնք արդյունավետ իրականացնում են քաղաքական հետապնդում ու տիրապետում են այդ տեղեկատվությանը։ Ինչ վերաբերում է Քոչարյանին, Արծվիկ Մինասյանն ասաց. «Փառք Աստծո, Ռոբերտ Քոչարյանը, ի տարբերություն շատ այլ մարդկանց, քաջառողջ է եւ վստահեցնում եմ, որ այն ճանապարհը, որը նա անցել է որպես Արցախն ազատագրած անձ, տնտեսական անվտանգության լուրջ ձեռքբերումներ արձանագրած երկրի նախագահ, դեռ շատ անելիքներ ունի: Ես հասկանում եմ ամեն գնով թեման շեղելու ձեր բուռն ցանկությունը: Իսկ ձեր անհագ ցանկությունը՝ ամեն գնով փորձել համեմատվել թիրախավորել հայրենիքը ազատագրած մարդկանց, խոսում է ընդամենը ձեր պարտվողական հոգեբանության շարունակականության մասին»:

Վիլեն Գաբրիելյան

Վիլեն Գաբրիելյանը հարցրեց՝ քանի՞ օր է խախտում արել Սեդա Սաֆարյանը եւ նրա ԱՁ-ն շահույթ ստացե՞լ է այդ ընթացքում, թե՞ ոչ: Մինասյանը պատասխանեց, որ խոսքը 11 օրվա մասին է, բայց եթե 1 օր էլ լիներ, դարձյալ անհամատեղելիության մասին պահանջը խախտել է: Ըստ Գաբրիելյանի, այնպես են ներկայացնում, կարծես Սեդա Սաֆարյանը հանցագործություն է արել, մինչդեռ մարդը գուցե մոռացել է:

Սերգեյ Բագրատյան

ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հարցրեց՝ մեծ ծավալի աշխատանք եք արել, ձեր նպատակը ո՞րն է, որ Սեդա Սաֆարյանը չշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ուզում եք ցույց տալ, որ խախտումներ կան: Արծվիկ Մինասյանն էլ պատասխանեց, որ փաստաբաններ Արսեն Բաբայանի եւ Սոս Հակոբյանի ուսումնասիրությունը հանրության մոտ խորը կասկածներ էր առաջացրել, որը պետք է փարատվի, մյուս կողմից օրենքը անվերապահ պետք է կատարվի: Ուշագրավ էր Սերգեյ Բագրատյանի արձագանքը. «Եթե ձեր նպատակն է, որ չպաշտոնավարի, դա հնարավոր չի, որովհետեւ կարող է հրաժարական տալ եւ մենք նորից առաջադրելու ենք, նորից անցնելու է՝ այլեւս չունենալով որեւէ խնդիր»:

Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ բացարձակ չի կասկածում ՔՊ-ի ձայների վրա. «Դուք կարող եք խախտումներով ընտրել, խախտումներով փոփոխություններ անել օրենքների»:

Արուսյակ Ջուլհակյան

Հարակից զեկուցող Արուսյակ Ջուլհակյանն էլ ասաց, որ որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված լինելը չի նշանակում ձեռնարկատիրությամբ զբաղվել ու անհամատեղելիություն չկա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031