Սիսիան համայնքի ավագանու մարտի 26-ին կայանալիք ընտրություններին առաջադրված «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կքննի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հարցը։
Ըստ «Քաղաքացիական որոշում» կուսակցության հայտարարության՝ լրատվամիջոցներից մեկը թույլ է տվել խտրական վերաբերմունք՝ խախտելով նախընտրական քարոզչությունը։ ՔՈ-ի ընտրական շտաբի անդամ Վարդան Բալյանի խոսքով՝ պաշտոնապես իրենց տեղեկացրել են, որ «civic.am կայքը լրատվամիջոց է, եւ հիմնադիրը հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիրը»։
«Մենք ունենք իրավաբանական նշանակություն ունեցող փաստ, որ ընտրախախտումը կատարվել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից հիմնադրված ԶԼՄ-ի կողմից, հետեւաբար կան բոլոր հիմքերը ենթադրելու կամ պնդելու, որ ընտրական խախտումը կատարվել կամ ուղղորդվել կամ կազմակերպվել է «Քաղաքացիական պայմանագրի» կողմից»,-ասում է Վարդան Բալայանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Ընտրական խախտումների մասին տեղյակ է պահվել թիվ 34 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, բայց ոչ մի քայլ չի արվել դրանք վերացնելու համար։ Ուստի «Քաղաքացու որոշում»-ը դիմել է ԿԸՀ՝ անվավեր ճանաչելու կառավարող ուժի ընտրացուցակը։ Եթե ԿԸՀ-ն էլ անտեսի իրենց դիմումը, ապա ըստ գործող կարգի, դիմելու են վարչական դատարան։
ԿԸՀ–ից Aravot.am-ին տեղեկացրին, որ նման բովանդակության դիմում՝ հանձնաժողովը չի ստացել։
«Մենք փաստաթղթերն ենք պատրաստում, այսօր կամ վաղը՝ դիմումը կուղարկենք»,-մեր հեռախոսազրույցում ասաց ՔՈ-ի ընտրացուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը։
Հիշեցնենք, որ Սիսիանի ավագանու մանդատները ստանալու համար երեք ուժ է պայքարում՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Քաղաքացու որոշումը» եւ ՀՀԿ-ն։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ