Լրահոս
Օրվա լրահոսը

15 լավագույն մթերքները երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար

Մարտ 22,2023 09:40

Երիկամների հետ կապված խնդիրները ծանոթ են աշխարհի բնակչության մոտ 10 տոկոսին։

Երիկամները լոբու տեսքով ոչ մեծ, բայց հզոր օրգաններ են, որոնք բազմաթիվ կարևոր գործառույթներ են իրականացնում՝ արյունը զտում են նյութափոխանակության արգասիքներից, նաև պատասխանատու են հորմոնների արտազատման, զարկերակային ճնշման կարգավորման, օրգանիզմում ջրային հավասարակշռության պահպանման, մեզի արտադրման և շատ այլ գործառույթների իրականացման համար։

Կենսականորեն անհրաժեշտ այս օրգանները վտանգող գործոնները բազմաթիվ են․ դիաբետն ու զարկերակային բարձր ճնշումը ռիսկի առավել տարածված գործոններից են, նշանակալի է նաև ճարպակալման, ծխելու ազդեցությունը, գենետիկան, սեռն ու տարիքը։

Երբ երիկամները կարգին չեն աշխատում, արյան մեջ կուտակվում են նյութափոխանակության արգասիքները, այդ թվում՝ սննդից ստացվող։ Եվ եթե մարդն ունի երիկամների հետ կապված խնդիրներ կամ հիվանդություններ, ապա  նա ավելի ուշադիր պետք է լինի իր սննդակարգի նկատմամբ։

Դիետիկ սահմանափակումները կախված են երիկամների վնասվածության աստիճանից։ Կախված խնդրի լրջությունից՝ բժիշկը սովորաբար անհատական դիետա է նշանակում, սակայն ընդհանուր առմամբ երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել հետևյալ սննդանյութերի օգտագործումը՝

  • Նատրիում– Նատրիումը պարունակվում է շատ տարբեր մթերքներում, ինչպես նաև կերակրի աղի հիմնական բաղադրամասն է։ Վնասված երիկամները չեն կարողանում ֆիլտրել նատրիումը ավելցուկը, ինչը հանգեցնում է արյան մեջ դրա մակարդակի բարձրացման։
  • Կալիում-Կալիումը կարևոր դեր ունի օրգանիզմում, սակայն երիկամների խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել կալիումի օգտագործումը՝ արյան մեջ դրա մակարդակի բարձրացումից խուսափելու համար։
  • Ֆոսֆոր -Վնասված երիկամները չեն կարող հեռացնել ֆոսֆորի ավելցուկը, իսկ այս հանքանյութի բարձր մակարդակը վնասակար է օրգանիզմի համար։
  • Սպիտակուցի հետ կապված նույնպես հնարավոր են սահմանափակումներ, քանի որ վնասված երիկամների համար դժվար է սպիտակուցային նյութափոխանակության արգասիքները հեռացնելը։ Այնուամենայնիվ երիկամային անբավարարություն ունեցող մարդիկ, որոնք դիալիզ են անցնում, սպիտակուցի ավելի բարձր պահանջ ունեն, և այսպիսի դեպքերում դիետան համաձայնեցվում է բժշկի հետ։

Սույն հոդվածում առանձնացվել են այն մթերքները, որոնք լավ ընտրություն կարող են լինել երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց համար։

 

1. Ծաղկակաղամբ

Ծաղկակաղամբը տարբեր սննդանյութերի լավ աղբյուր է․ այն ներառում է վիտամին C, վիտամին K և B, ֆոլաթթու:

Ծաղկակաղամբը հարուստ է հակաբորբոքային միացություններով, ինչպիսիք են ինդոլները, նաև մանրաթելի հիանալի աղբյուր է:

Ծաղկակաղամբը կարող է լինել կարտոֆիլի այլընտրանք, քանի որ ի տարբերություն այդ բանջարեղենի, շատ ավելի քիչ քանակությամբ է կալիում պարունակում:

2. Հապալաս

Հապալասը հագեցած է սննդանյութերով և հակաօքսիդանտների լավագույն աղբյուրներից է: Մասնավորապես, այս քաղցր հատապտուղները պարունակում են անտոցիանին կոչվող հակաօքսիդանտներ, որոնք կարող են պաշտպանել նաև սրտի հիվանդություններից, քաղցկեղի որոշ տեսակներից, ճանաչողական խնդիրներից և շաքարախտից:

3. Լոռամրգի

Լոռամրգին օգտակար է ինչպես միզուղիների, այնպես էլ երիկամների համար:

Այս փոքրիկ, տտիպ հատապտուղները պարունակում են բուսական միացություններ, որոնք կոչվում են A-տիպի պրոանտոցիանիդիններ, դրանք կանխում են բակտերիաների կպչումը միզուղիների և միզապարկի լորձաթաղանթին՝ այդպիսով կանխելով վարակը: Լոռամրգին օգտակար է երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանց մոտ մեծ է միզուղիների ինֆեկցիաների վտանգը։

4․ Պերկես

Պերկես (սիբաս) ձկնատեսակը բարձրորակ սպիտակուցի և օմեգա-3 ճարպաթթուների լավ աղբյուր է, և ի տարբերություն այլ ձկների ու ծովամթերքների, ավելի քիչ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում և կարող է սննդանյութերի լավ աղբյուր լինել երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար:

ԻՆչպես հայտնի է, օմեգա-3-ն օգնում է նվազեցնել բորբոքումը, կանխարգելել մտավոր խնդիրների զարգացումը, հաղթահարել դեպրեսիան ու անհանգստությունը:

5․ Կարմիր խաղող

Կարմիր խաղողը հարուստ է վիտամին C-ով և այլ հակաօքսիդանտներով, որոնք կոչվում են ֆլավոնոիդներ․ դրանք ունեն հակաբորբոքային ազդեցություն։ Կարմիր խաղողը նաև հարուստ է ռեսվերատրոլ անունը կրող ֆլավոնոիդով, որը, ինչպես պարզվել է, օգտակար է սրտի առողջության համար, նպաստում է դիաբետի կանխարգելմանն ու պաշտպանում մտավոր գործառույթների անկման վտանգից։

6․ Ձվի սպիտակուց

Ձվի դեղնուցը թեև շատ սննդարար է, բայց և մեծ քանակությամբ ֆոսֆոր է պարունակում, ուստի երիկամային խնդիրների առկայության դեպքում ցանկալի է նախապատվությունը տալ ձվի սպիտակուցին, որը կարող է լավ ընտրություն լինել նաև դիալիզ ստացող մարդկանց համար, որոնք սովորաբար սպիտակուցի բարձր պահանջ են ունենում։

7. Սխտոր

Երիկամների հետ կապված խնդիրներ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում սահմանափակել աղի քանակն իրենց սննդակարգում, իսկ սխտորն աղի համեղ այլընտրանք կարող է լինել, քանի որ ոչ միայն համ է տալիս ճաշատեսակներին, այլև հարստացնում դրանք սննդանյութերով։

Սխտորը մանգանի, վիտամին C-ի և վիտամին B6-ի լավ աղբյուր է, ինչպես նաև պարունակում է ծծմբային միացություններ, որոնք ունեն հակաբորբոքային ազդեցություն:

8․ Հնդկացորեն

Ամբողջահատիկ շատ մթերքներ հարուստ են ֆոսֆորով, սակայն հնդկացորենը բացառություն է։ Բայց այն նաև շատ սննդարար է, պարունակում է մեծ քանակությամբ B խմբի վիտամիններ, մագնեզիում, բջջանյութ։ Այն նաև լավ ընտրություն է գլուտենային անընդունելիություն ունեցող մարդկանց համար։

9․ Բլղուր

Բլղուրը նույնպես հատիկավորների հիանալի այլընտրանք է երիկամային խնդիրներ ունեցողների համար։ Այս սննդարար մթերքը հարուստ է В խմբի վիտամիններով, մագնեզիումով, երկաթով ու մանգանով։ Բլղուրը բուսական սպիտակուցի ու սննդային մանրաթելերի լավ աղբյուր է, ինչն այնքան կարևոր է մարսողական համակարգի համար։

10․ Ձիթապտղի յուղ

Ձիթապտղի յուղը կարող է օգնել երիկամային զարգացող հիվանդություններ ունեցող մարդկանց քաշի կարգավորման հարցում։ Ձիթապտղի յուղի բաղադրությունում մեծ տեղ է զբաղեցնում օլեինաթթուն, որն ունի հակաբորբոքային ազդեցություն։ Բացի այդ, լինելով միահիմն չհագեցած ճարպաթթուների աղբյուր, ձիթապտղի յուղը կայուն է բարձր ջերմաստիճանների նկատմամբ, ինչի շնորհիվ այն անվնաս է նաև ջերմային մշակման ենթարկվելիս։

11․ Կաղամբ

Խաչածաղկավորների ընտանիքին պատկանող այս բույսը հարուստ է վիտամիններով, հանքանյութերով ու բուսական միացություններով, բայց և քիչ քանակությամբ է նատրիում, կալիում և ֆոսֆոր պարունակում։ Դրանից բացի այն չլուծվող մանրաթելերի լավ աղբյուր է, որը կարևոր է մարսողական համակարգի կանոնավոր աշխատանքի համար։

12․ Հավի միս՝ առանց կաշվի

Հավի կրծքամիսը բարձրորակ սպիտակուցների լավ  աղբյուր է, սակայն խորհուրդ է տրվում խուսափել այն կաշվով օգտագործելուց, ինչպես նաև տապակելուց։

13․ Շաղգամ

Շաղգամը նույնպես կարող է լինել կարտոֆիլի հիանալի այլընտրանք երիկամային խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Այս բանջարեղենը հագեցած է մանրաթելերով, B6, C վիտամիններով, մանգանով:

14. Մակադամիայի ընկույզ

Ընդեղենի մեծ մասը հարուստ է ֆոսֆորով և խորհուրդ չի տրվում երիկամային սննդակարգ պահող մարդկանց:

Այնուամենայնիվ, մակադամիայի ընկույզը համեղ բացառություն է, քանի որ շատ ավելի քիչ ֆոսֆոր է պարունակում, քան, ասենք, գետնանուշը կամ նուշը:

Մակադամիայի ընկույզը հարուստ է առողջարար ճարպաթթուներով, B խմբի վիտամիններով, մագնեզիումով, պղնձով, երկաթով և մանգանով:

15․ Ռուկոլա

Շատ օգտակար կանաչիներ, ինչպիսիք են սպանախը կամ կալե կաղամբը, հարուստ են կալիումով և խորհուրդ չեն տրվում երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց։ Իսկ ռուկոլան քիչ քանակությամբ է կալիում պարունակում և հարմար է երիկամային դիետա պահող մարդկանց համար։ Ռուկոլան վիտամին К-ի, մագնեզիումի ու կալցիումի լավ աղբյուր է, ինչպես նաև հարուստ է նիտրիտներով, որոնք իջեցնում են զարկերակային ճնշումը, ինչը կարևոր առավելություն է երիկամային հիվանդություններ ունեցող մարդկանց համար։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և բուժում նշանակելու նպատակ չի հետապնդում։ 

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր

Գլխավոր լուսանկարը՝ Danijela Maksimovic/Shutterstock.com

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031