Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ժողովրդավարությունը էլիտաների համաձայնություն է

Մարտ 22,2023 10:00

Ինչպե՞ս է այս կամ այն երկրում ժողովրդավարություն հաստատվում: Շատերը դա պատկերացնում են այսպես՝ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, գահից քշում է բռնապետին՝ իր վեզիրներով, գալիս է ժողովրդավարն՝ իր վեզիրներով, բոլոր հնարավոր սյուներից կախում են նախկիններին, եւ ռեժիմը բռնապետականից վերածվում է ժողովրդավարականի: Դա ռոմանտիկ պատկերացում է, որը միտումնավոր կերպով հասարակությանն են մատուցում հեղափոխությունից հետո: Միտումնավոր, որովհետեւ հեղափոխականները, որպես կանոն, իրականում ամենեւին ժողովրդավար չեն, եւ այս առասպելներով փորձում են պահել իրենց իշխանությունը:

Իրականում ժողովրդավարությունն այնքան էլ գեղեցիկ, շողշողուն եւ բուրավետ երեւույթ չէ: Այն հաստատվում է, կամ ավելի ճիշտ՝ այդ ուղղությամբ քայլեր են արվում միայն այն դեպքում, երբ իշխող էլիտայի շահերից է բխում այլ էլիտաների հետ համաձայնության գալը: Եթե իշխողներն ի վիճակի են պահել իրենց աթոռներն՝ առանց այլ խմբերի հետ համաձայնության գալու, ապա որեւէ ժողովրդավարության կարիքը բացարձակապես չկա: Եվ այդպես է ապրում աշխարհի 200-ից ավելի պետությունների մեծամասնությունը, նաեւ՝ Հայաստանը: Իշխանությունը որեւէ մեկի հետ հաշվի նստելու անհրաժեշտությունը չունի երկու դեպքում՝

ա) եթե բիրտ ուժ է կիրառում,

բ) եթե կարողանում է լվալ հասարակության մեծ մասի ուղեղները:

Առաջին դեպքում ավտոկրատիան հիմնված է վախի վրա, երկրորդ դեպքում՝ ստի վրա:

Ի տարբերություն այդ ռեժիմների՝ ժողովրդավարությունը հիմնվում է համաձայնության, համագործակցության, եթե կուզեք՝ «առեւտրի» վրա այն էլիտաների միջեւ, որոնք իրար չեն սիրում եւ հակադիր շահեր ունեն: Եթե «առեւտրի» օբյեկտիվ անհրաժեշտություն չկա՝ ստանում ենք այն վիճակը, որը մենք ունենք: Առաջնորդն իր իշխանությունը պահելու համար հրահանգում է՝ «բռնեք սատանաներին», «բռնեք 5-րդ շարասյանը», «բռնեք Կրեմլի գործակալներին»: Դա ստանում է ուժեղ քարոզչական աջակցություն եւ հասարակության մեծամասնության համաձայնությունը: Դա ստի վրա հիմնված ավտոկրատիա է:

Վաղ թե ուշ՝ այս իշխանությունը փոխվելու է: Կգա մի նոր առաջնորդ եւ կասի՝ «այ հիմա ես իսկական ժողովրդավարություն եմ հաստատելու, բայց սկզբից պետք է անցկացնել լյուստրացիաներ, վեթինգներ, մաքրազարդումներ, զտումներ», ապա կհրահանգի՝ փոխաբերական իմաստով բոլոր հնարավոր սյուներից կախել ՔՊ-ականներին: Ու պատմությունը կկրկնվի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Հարգելի պարոն Աբրահամյան․
    Ամբողջ խնդիրն նրանում է որ ՔՊ-ից հետո կարող է ընդհանրապես պետություն չունենանք, որ իրենց կախող չլինի։
    Ես արդեն համոզված եմ, որ այս իշխանությունն ընդունակ է պետությունն կորցնել իր իշխանությունն կորցնելու դեպքում։
    Չգիտես ինչու կարծում եմ, որ Դուք էլ հոգու խորքում այդպես եք մտածում, բայց չեք արտահայտվում։
    Միգուցէ՝ Հայաստանն այսօր բնակեցնող մեծամասնության պես ավելի շատ <> վերադարձից եք զգուշանում, քան պետականության կորստի վտանգից

  2. Հայ says:

    Ստի վրա իշխանություն պահել կարելի է միայն այն դեպքում երբ տոտալ անգրագիտություն է երկրում։ Շատ դժվար է խաբել գրագետ մարդուն։ Եթե մեր երկրում ապրեին գրագետ,լավ կրթություն ստացած մարդիկ, մեր ղեկավարները նույնպես հարկադրված կլինեին համապատասխանել այդ նշաձողին։ Ես միշտ զարմացել եմ,թե ո՞նց են կարողացել “մատ ցույց տալով” ծիծաղեցնել մեր բնակչության մեծամասնությանը։ 32 ատամ,Հայկո Մկո, Նիկոլ Փաշինյան,Ռոբերտ Քոչարյան,Վլադիմիր Վլադիմիրովիչ…ախր այս ամենը կարող է պոպուլյար լինել միայն կրթվածության պակաս ունեցող երկրներում։ Ըստ ինձ, ժողովրդավարությունը, դա իշխանության հարգանքն է բնակչության կրթվածության, գիտելիքի,դաստիարակության և ճաշակի հանդեպ։

  3. Հ.Շ. says:

    Այնուհանդերձ,
    «Ժեխ»ը չէ, Հայ Ազգի թշնամին: Տարիներէ ի վեր, մի սխալ……….. [շարունակութիւնը՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02mKNvnh8HCQT2X5U3BmQyFQRrYDdY5XPaCUyh7GzbwGUsyEBN3n3zqejYMZnPToZVl&id=100063953917374

  4. Արմեն says:

    Հենց նոր նայում էի սոցիոլոգիայի «գիտական» մոտեցումը «ռեժիմների» փոփոխության հարցում։
    Հեղինակի նկարագրությունը լիովին համապասխանում է այդ ամենին, ես կարծեցի ինքն էլ է նայել)))
    https://m.youtube.com/watch?v=71VlwIRDEa0

    • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

      Այո, առաջարկում եմ նաեւ նույն հեղինակի գիրքը՝ Шульман Е. Практическая политология. – М.: АСТ, 2022: Հատկապես առաջին բաժինը՝ Гибридный автиритаризм: анатомия и физиолигия. Այնտեղ, մասնավորապես, ցույց է տալիս, թե ինչու «պերսոնալիստական ավտոկրատիան», ինպիսին է, իմ կարծիքով, Հայաստանում 1991 թվականից առ այսօր, ամենադժվարն է վերափոխվում ժողովրդավարության:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031