Զարմանալի զուգադիպությամբ վերջերս, բառացիորեն մեկ օրվա տարբերությամբ, Թբիլիսիի Զաքարիա Փալիաշվիլիի անվան օպերայի եւ բալետի ու Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոններում ներկայացվեց Մինկուսի «Դոն Կիխոտ» բալետը։ Թբիլիսիի թատրոնում առաջին անգամ Բազելի դերապարով հանդես է եկել մեր թատրոնի առաջատար մենապարող Ռազմիկ Մարուքյանը։ Երեւանում հիշյալ բալետը ներկայացրեց Սանկտ Պետերբուրգի Լեոնիդ Յակոբսոնի անվան բալետի պետական ակադեմիական թատրոնը։
«Առավոտը» հարցազրույցի էր հրավիրել Ռազմիկ Մարուքյանին։ Մինչ այն ներկայացնելը նշենք, որ փետրվարի սկզբին հայ բալետի արտիստի հյուրախաղը Վրաստանում, ըստ էության, հայ-վրացական մշակութային կապերի խորացման համատեքստում Թբիլիսիի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անանիաշվիլիի եւ Երեւանի թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Դուրգարյանի համատեղ նախաձեռնությունների հեռանկարների շրջանակներում էր։ Փաստորեն, առաջին քայլը ուշացնել չտվեց։
Բալետի հայ արտիստը տպավորված էր աշխահահռչակ արտիստ եւ խորեոգրաֆ Նինո Անանիաշվիլիի «Դոն Կիխոտ»-ի բեմադրությամբ։ Իսկ թե ինչպես էր կատարվել ընտրությունը, մեր զրուցակիցն ընդամենն ասաց, որ տիկին Անանիաշվիլին եւ ինքը հանդիպել են 2021թ., Հելսինկիում անցկացված բալետի արտիստների միջազգային մրցույթի ժամանակ. «Այս տարվա փետրվարին, երբ նա այցելել էր մեր օպերային թատրոն, ներկա գտնվել փորձերին, մտաբերեց ինձ։ Միառժամանակ անց մաեստրո Դուրգարյանն ինձ հայտնեց, որ պետք է մեկնեմ Թբիլիսի։ Այսքանը»։
Թբիլիսիի թատրոնն ունի հիանալի բալետային խումբ, որն ամիսներով հյուրախաղերի է մեկնում։ Համակարծիք լինելով ասվածին, արտիստը նշեց, որ վեցամսյա բացակայությունից հետո «Դոն Կիխոտը» առաջին բալետային ներկայացումն էր Թբիլիսիի թատրոնում։ «Ե՛վ մենապարողները, ե՛ւ կորդեբալետը իսկապես հիանալի մարզավիճակում են։ Կրկնեմ, որ տպավորված եմ Անանիաշվիլիի բեմադրությամբ։ Ի դեպ, Թբիլիսիի թատրոնի խաղացանկում են ավելի քան 30 բալետային ներկայացումներ, որոնցից մեկ-երկու նույնանուն գործ ներկայացվում է տարբեր խորեոգրաֆների բեմադրությամբ, օրինակ՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետը»…»,- հայտնեց Ռազմիկ Մարուքյանը։ Նկատեցինք, որ այդ փաստը մեզ չի զարմացնում, քանի որ մեր թատրոնի խաղացանկում էլ Բիզեի երկու «Կարմեն» կա՝ ռեժիսորներ Նաիրե Ստեփանյանի եւ Արմեն Մելիքսեթյանի բեմադրությամբ։ Հետաքրքրությանը՝ իսկ ինչ-որ բան զարմացրե՞լ է իրեն, մեր զրուցակիցը, որ անցյալ տարվա ընթացքում մենապարերով հանդես է եկել Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի թատրոններում՝ Զիգֆրիդ, Դեզիրե, Արքայազն՝ Չայկովսկու «Կարապի լիճ», «Քնած գեղեցկուհին», «Շչելկունչիկ» բալետներում, մինչ այդ էլ Երեւանի թատրոնի բալետային խմբի հետ հյուրախաղերի մեկնել Մալայզիա, Մոսկվա՝ «Բոլշոյ» թատրոն, պատասխանեց. «Թբիլիսիի թատրոնում բալետային խումբը բազմազգ էր՝ ճապոնացի, չինացի, ամերիկացի, ռուս, հայ եւ այլն՝ խմբի 50 տոկոսից ավելին։ Այ, դա էր զարմանալին»։ Ի դեպ, դեռեւս 2009թ. «Առավոտին» տված հարցազրույցում Նինո Անանիաշվիլին խոսել էր մի խնդրի մասին, որ այսօր էլ արդիական է Հայաստանում. «Տղաներին չեն բերում բալետի դպրոց։ Ժամանակն է այդ մտածողությունը փոխել։ Մայրիկները պետք է համոզեն ամուսիններին, որ մեր մասնագիտությունը շատ առնական է։ Դե բարձրացրեք պարուհուն, պահեք ձեռքի վրա, ինչքան էլ նա փոքրիկ լինի, կարո՞ղ եք…»։ Փաստորեն, այդ խնդիրը Անանիաշվիլին լուծել է՝ հրավիրելով այլազգի պարողների։
Կարդացեք նաև
Զրույցի ավարտին հետաքրքրությանն ի պատասխան՝ Ռազմիկ Մարուքյանն առանց մանրամասնելու հայտնեց, որ տիկին Անանիաշվիլիից ստացել է հետագա համագործակցության առաջարկ։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.03.2023