Արտաքին քաղաքականությունը քիչ կապ ունի ներքաղաքական համակարգի հետ
Ներկա իշխանության համակիրների հիմնական թեզն այն է, որ Փաշինյանը եւ նրա թիմը կռիվ են տալիս Հայաստանի ինքնիշխանության համար, իսկ ահա «մութ ուժերը» ցանկանում են մեզանից այդ ինքնիշխանությունը խլել: «Մութ ուժեր» ասելով՝ նրանք, բնականաբար, հասկանում են Ռուսաստանը եւ նրա՝ այստեղի գործակալներին (չարաբաստիկ «5-րդ շարասյունը»):
Հնարավոր է, որ մեր երկրում կան մարդիկ, որոնք պարզապես արեւմտամետ են «աշխատում»: Դա նորմալ է. եթե դրանով նրանք կարող են ընտանիք պահել, ապա այդ մարդկանց կարելի է միայն հաջողություն ցանկանալ: Բայց, իհարկե, կան ՀՀ քաղաքացիներ, որոնք անկեղծորեն հավատում են Օստապ Բենդերին, որն ասում էր՝ крепитесь, Запад нам поможет:
Ըստ այդ համոզման՝ կա ժողովրդավարական, տեխնոլոգիապես եւ տնտեսապես զարգացած Արեւմուտք, եւ կա ավտորիտար ու տնտեսապես հետամնաց Ռուսաստան: Այդ արձանագրման հետ ես միանգամայն համաձայն եմ: Միայն կարող եմ ավելացնել, որ կա նաեւ ավտորիտար, բայց տեխնոլոգիապես զարգացած Չինաստան: Բայց Արեւմուտքի երկրպագուները սխալվում են, երբ այդ արձանագրումը տարածում են արտաքին քաղաքականության վրա՝ մտածելով, որ առաջադեմ Արեւմուտքը եւ հետամնաց Ռուսաստանը վարում են սկզբունքորեն տարբեր արտաքին քաղաքականություն: Այսինքն՝ նրանք կարծում են, որ Արեւմուտքի արտաքին քաղաքականությունը պայմանավորված է ժողովրդավարությամբ, իսկ Ռուսաստանինը՝ ավտորիտարիզմով:
Կարդացեք նաև
Այդ թեմայով ես բազմիցս գրել եմ, օրինակ, «երկու գիշատիչների»՝ երկու կայսրությունների պայքարի մասին հոդվածում: Բայց այստեղ կցանկանայի մեջբերել պրոֆեսիոնալի կարծիքը: Բոլորին խորհուրդ եմ տալիս կարդալու քաղաքագետ Արման Գրիգորյանի հոդվածը, որում նա հիմնականում պաշտպանության տակ է առնում իր գործընկեր Արթուր Խաչիկյանի դիրքորոշումը: Մի մեջբերում այդ հոդվածից. «Չկա գոնե մի դեպք, երբ Արեւմուտքն աջակցել է ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին եւ միջազգային իրավունքի այս կամ այն նորմին, եթե դա հակասել է իր նյութական ու ստրատեգիական շահերին (…): Փոխարենը՝ կան բազմաթիվ դեպքեր, երբ Արեւմուտքը դեն է նետում այդ սկզբունքները՝ երեկվա լրագրի պես, երբ այդ սկզբունքները հակասել են վերոհիշյալ շահերին»: Դա, բնականաբար, չի նշանակում, որ Ռուսաստանն ավելի ճիշտ է, ավելի լավը, քան Արեւմուտքը: Նաեւ, կարծում եմ, չի նշանակում, որ ժողովրդավարությունը կամ մարդու իրավունքները պետք է մերժել: Դա ընդամենը նշանակում է, որ արտաքին քաղաքական ասպարեզում այդ բոլոր կատեգորիաները, այդ ամբողջ խոսույթը որեւէ նշանակություն չունի: Իսկ նշանակություն ունեն միայն մերկ շահերը, որոնք կարող են տարիների, տասնամյակների ընթացքում փոխվել:
Նույն հոդվածից եւս մեկ մեջբերում. «Երկրների արտաքին քաղաքական նախապատվություններն ու վարքագիծը շատ չեն տարբերվում իրարից ընդհանրապես, (…) ներքաղաքական համակարգն ու գաղափարախոսությունները մեծ նշանակություն չունեն այդ հարցում»: Դա դժվար է ընդունել, եւ, անկեղծ ասած, ես շատ կցանկանայի, որ այդպես չլիներ, բայց վերջին տարիների իրադարձությունները, եւ, մասնավորապես, 44-օրյա պատերազմը պետք է որ ազատեին մեզ վտանգավոր պատրանքներից: Ցավոք, պատրանքները ոչ միայն չեն վերացել, այլեւ ակտիվորեն տարածվում են ու քարոզվում: Իսկ քաղաքական ռեալիզմը հանդիպում է կոշտ դիմադրության:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
21.03.2023