Լրահոս
Օրվա լրահոսը

Լրջագույն մարտահրավեր եւ ապտակ Ալիեւի ռեժիմի համար

Մարտ 22,2023 12:00

Պաշտոնական Երեւանը պարտավոր է օգտվել Եվրոպական խորհրդարանի բանաձեւի նպաստավոր արձանագրումներից

Անցյալ շաբաթ Եվրոպական խորհրդարանը բանաձեւ ընդունեց ԵՄ-Ադրբեջան հարաբերությունների մասին, որը կարելի է որպես հերթական ապտակ գնահատել Ալիեւի իշխանություններին: Այս բանաձեւի վերաբերյալ Բաքվի կտրուկ արձագանքը չուշացավ:

Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը խստորեն դատապարտել է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Եվրամիության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների վերաբերյալ: Տարածված հայտարարության մեջ նախ, մասնավորապես, նշվել է, թե բանաձեւի տեքստում տեղ են գտել ոչ միայն` «մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների եւ այլ հարցերի վերաբերյալ Ադրբեջանի հասցեին Եվրախորհրդարանի ապակողմնորոշիչ մեկնաբանություններ», այլ` «միտումնավոր անտեսվել են խաղաղության հասնելու Ադրբեջանի ջանքերը»:

Հայաստանի վերաբերյալ սուտ ու կեղծ տեղեկություններ կրկին տարածելով, «ռեւանշիզմի» մեջ մեղադրելով, պաշտոնական Բաքուն հայտարարել է, թե` «բանաձեւը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը», ինչը, ըստ ադրբեջանական կողմի` «բացարձակ անհարգալից վերաբերմունք է թե՛ միջազգային իրավունքի, թե՛ այդ կառույցի կանոնադրության նկատմամբ»: Այնուհետեւ Միլլի Մեջլիսի արտաքին հարաբերությունների եւ միջխորհրդարանական հարաբերությունների հանձնաժողովը շարունակում է. «Կոռուպցիայի անտանելի հոտն է, ատելությունը մեր երկրի, նրա պատմության եւ նրա միջազգայնորեն ճանաչված տարածքների 20%-ի գրեթե 30 տարվա օկուպացիայի, էթնիկ զտումների, Խոջալուի ցեղասպանության, ավելի քան 1 միլիոն փախստականների եւ ներքին տեղահանվածների ճակատագրի պատճառած ցավի հանդեպ…»: Ադրբեջանը Լաչինի ճանապարհի փակելու հարցում դարձյալ հայկական կողմի ուղղությամբ կեղծ մեղադրանքներ է հնչեցնում, իսկ Եվրոպական խորհրդարանին մատնացույց անում որպես «անպատասխանատու», եւ Եվրախորհրդարանի պատգամավորներին` «կողմնակալ»։

Միայն վերոնշյալ հայտարարության մեջ տեղ գտած այսպիսի գնահատականները հիմք ընդունելով, կարելի է եզրակացնել, թե ինչպիսի հիստերիա է Ադրբեջանում առաջացրել Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւը: Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձեւի ո՞ր գնահատականները կարող էին հունից հանել Ալիեւի ռեժիմին: Առանձնացնենք բանաձեւից որոշ ուշագրավ դրույթներ:

Այսպես, Եվրոպական խորհրդարանը համոզված է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղության հնարավոր չէ հասնել ռազմական ճանապարհով եւ ուժի կիրառման սպառնալիքով, եւ պահանջում է համապարփակ քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի, այդ թվում՝ ՄԱԿ-ի կանոնադրության, 1975թ. ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի, ԵԱՀԿ Մինսկի խմբի 2009թ. Հիմնարար սկզբունքների՝ ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման սկզբունքների, ինչպես նաեւ կողմերի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Միայն այն փաստը, որ 44-օրյա պատերազմից հետո անդադար` «ԼՂ խնդիրը լուծված է» կրկնող Ալիեւին կրկին հիշեցնում են ինքնորոշման սկզբունքի մասին, սա արդեն լրջագույն մարտահրավեր է պաշտոնական Բաքվի համար: Ու այստեղ պետք է նկատել նաեւ, որ պաշտոնական Երեւանը եւս խուսափում է ինքնորոշման սկզբունքի մասին հիշատակումից, այն դեպքում, երբ նման հեղինակավոր կառույցը իր բանաձեւում այն ներառել է, այս առումով պաշտոնական Երեւանի պահվածքն առնվազն անհասկանալի է:

Պաշտոնական Երեւանն ու միջազգային հանրությունը պետք է մի կողմում լինեն` ընդդեմ ադրբեջանական ապակառուցողական, ագրեսիվ քաղաքականության: Այլապես կստացվի, որ Հայաստանի իշխանությունների «խաղաղության օրակարգը» Բաքվի համար ավելի ձեռնտու է դարձել. Ադրբեջանը շարունակաբար Հայաստանին անիրագործելի պահանջներ է ներկայացնում, սպառնում, եթե իրենց ակնկալածը չընդունեն` ուժով կիրագործեն իրենց ծրագրերը:

Եվրոպական խորհրդարանի մյուս կարեւոր դրույթով վերահաստատում են, որ արդյունավետ լինելու համար համապարփակ խաղաղության պայմանագիրը պետք է ներառի դրույթներ, որոնք երաշխավորում են Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականությունը, Լեռնային Ղարաբաղում եւ հակամարտությունից տուժած այլ շրջաններում բնակվող հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, ինչպես նաեւ բոլոր փախստականների եւ ներքին տեղահանվածների արագ եւ անվտանգ վերադարձը իրենց տներ:

Հաջորդը, ողջունելով Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության ձեռնարկած բազմաթիվ քայլերը՝ տարաձայնությունները հաղթահարելու ուղղությամբ, Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Ադրբեջանի իշխանությունների վարքագիծը, որը խաթարում է այդ ջանքերը, մասնավորապես՝ հետագա հարձակումների բացահայտ սպառնալիքների, սահմանների հաճախակի խախտումների, այսպես կոչված՝ Արեւմտյան Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների կամ հայ բնակչության նկատմամբ հատկապես՝ կրթության ոլորտում ատելության խոսքի տարածման միջոցով: Այս համատեքստում կոչ է արվում Ադրբեջանի ղեկավարությանը վերջ տալ այս պահվածքին եւ երկու կողմերին՝ չկորցնել թափը, համաձայնության գալ կոնկրետ քայլերի շուրջ եւ ապահովել անվտանգ, ապահով եւ բարեկեցիկ միջավայր՝ ի շահ տարածաշրջանի բոլոր էթնիկ ժողովուրդների:

Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է վերջին՝ 2022թ. սեպտեմբերին Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիան Հայաստանի ինքնիշխան տարածքում բազմաթիվ թիրախների դեմ, ինչը 2020թ. նոյեմբերի հրադադարի հայտարարության լուրջ խախտում է եւ ընդգծում է, որ դա հակասում է ավելի վաղ, այդ թվում՝ ԵՄ-ի կողմից միջնորդավորված բանակցություններում ստանձնած պարտավորություններին: Եվրոպական խորհրդարանը դատապարտում է 2021թ. մայիսից ի վեր չսահմանազատված սահմանի երկայնքով իրականացված ռազմական ներխուժումները, կոչ է անում բոլոր ուժերին վերադառնալ իրենց նախնական դիրքերը, դատապարտում է խաղաղ գործընթացը խաթարելու ցանկացած փորձ եւ կոչ է անում հակամարտության բոլոր կողմերին զերծ մնալ ուժի հետագա կիրառումից, վերահաստատում է, որ բոլոր կողմերը պետք է հարգեն Հայաստանի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ընդգծում է ԵՄ պատրաստակամությունը՝ ավելի ակտիվորեն ներգրավվելու տարածաշրջանի ձգձգվող հակամարտությունների կարգավորման գործում: Նաեւ լրջորեն անհանգստություն են հայտնում Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակման փաստով, կոչ են անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել այդ միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը, ինչպես սահմանված է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ընդգծում են Ադրբեջանի պարտավորությունները ՄՔԴ-ի 2023թ. փետրվարի 22-ի կարգադրությամբ, որը պահանջում է Ադրբեջանից ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, տրանսպորտային միջոցների եւ բեռների անարգել տեղաշարժն ապահովելու համար: Այնուհետեւ կոչ են անում Հայաստանին եւ Ադրբեջանին լուծել Լաչինի միջանցքի գործունեության հետ կապված մտահոգությունները երկխոսության եւ բոլոր ներգրավված կողմերի հետ խորհրդակցությունների միջոցով, ողջունում են Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության եւ Լեռնային Ղարաբաղի հայ բնակիչների վերջին հանդիպումը՝ քննարկելու որոշ, այդ թվում՝ Լաչինի միջանցքի վերաբացման հետ կապված հարցեր, կոչ են անում Խորհրդին նպատակաուղղված պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի կառավարության պաշտոնյաների դեմ, եթե Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշումն անհապաղ չկատարվի:

Սա եւս խիստ կարեւոր արձանագրում է. Հայաստանի իշխանությունները Ալիեւի սադրիչ, ագրեսիվ պահվածքի պայմաններում պարտավոր են աշխատել գործընկեր պետությունների հետ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը հասնելու ուղղությամբ:

Կարեւոր է, որ բանաձեւով Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է անում ամբողջությամբ կատարել 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի հայտարարությունը բոլոր ուղղություններով, ինչը նշանակում է, որ այդ հայտարարության բոլոր կետերը խախտած Ադրբեջանի ուղղությամբ եւս պահանջներ են ներկայացվում: Եվրոպական խորհրդարանը պնդում է հրատապ անհրաժեշտությունը՝ զերծ մնալ ցանկացած թշնամական հռետորաբանությունից կամ գործողություններից, ընդգծում է վստահության ամրապնդման ուժեղացված եւ վստահելի միջոցառումների հրատապ անհրաժեշտությունը:

Ուշագրավ է, որ բանաձեւում շեշտվում է, որ ռազմական գործողությունների հետեւանքները եւ ռուս խաղաղապահների առկայությունը նույնպես ազդում են տարածաշրջանում քաղաքական զարգացումների վրա, եւ այս համատեքստում մտահոգություն են հայտնում ռուս խաղաղապահների առկայության եւ Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների եւ տարածաշրջանի բարեփոխումների օրակարգի ապագայի վրա դրանց հնարավոր ազդեցության վերաբերյալ:

Ի դեպ, բանաձեւում հիշեցնում են` ԵՄ պասիվ դիրքորոշումը 2020թ. պատերազմի ժամանակ եւ այնուհետեւ տարածաշրջանային մյուս դերակատարների` Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի ազդեցության շարունակման հնարավորությունը տարածաշրջանում, եւ միաժամանակ նկատում են, որ եվրոպական ավելի ակտիվ կանխարգելիչ դիվանագիտությունը կարող էր կանխել այդ արդյունքը:

Ընդգծում է, որ 2022թ. փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից ի վեր, համատեքստը կովկասյան տարածաշրջանում փոխվում է, քանի որ խաթարվել է Ռուսաստանի վստահությունը եւ կարողությունը՝ որպես հաշտարար եւ ազնիվ միջնորդ:

Բանաձեւում շեշտվում է, որ Ռուսաստանը ոչ ազնիվ եւ վնասակար դեր է խաղում տարածաշրջանում եւ շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծում գտնելու հարցում, քանի որ դրա երկարաձգումը Մոսկվային տալիս է կարեւոր լծակներ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի վրա: Բացի այդ, Եվրոպական խորհրդարանը դատապարտում է Թուրքիայի էքսպանսիոնիստական եւ ապակայունացնող դերը Հարավային Կովկասում, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ գործողություններում 2020թ. Լեռնային Ղարաբաղի Երկրորդ պատերազմում սիրիացի վարձկաններ ուղարկելու փաստը: Այս առումով, նկատում են, որ տարածաշրջանում կառուցողական դեր խաղալու համար Թուրքիան պետք է վերանայի Ադրբեջանին իր անվերապահ աջակցությունը եւ շոշափելի քայլեր ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ:

Բանաձեւով, բնականաբար, ընդգծում են, որ վճռականորեն աջակցում են Շառլ Միշելի նախաձեռնությունը՝ հրավիրելու եւ միջնորդելու Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների երկկողմ հանդիպումները եւ խրախուսում են Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչի աշխատանքը, կոչ են անում երկու երկրների կառավարություններին ամբողջությամբ ներգրավվել համապարփակ եւ փոխադարձաբար ընդունելի խաղաղության պայմանագրի մշակման գործում, որը պետք է լուծումներ առաջարկի Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը, ներքին տեղահանվածների եւ փախստականների վերադարձին եւ մշակութային, կրոնական եւ պատմական ժառանգության պաշտպանությանը, ընդգծում են, որ պետք է գտնվի կենսունակ իրավական լուծում Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներին եւ անվտանգությանը՝ ապահովելու համար հակամարտության տեւական կարգավորումը:

Եվրոպական խորհրդարանը կոչ է անում Ադրբեջանին ապահովել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում բոլոր փոքրամասնությունների անվտանգությունն ու իրավունքները, ողջունում է Ադրբեջանի եւ Հայաստանի սահմանների սահմանազատման հանձնաժողովի ստեղծումը եւ ի գիտություն է ընդունում սահմանազատման գործընթացում գրանցված առաջընթացը, ընդգծում է սահմանային հանձնաժողովի նիստերն ավելի կանոնավոր անցկացնելու կարեւորությունը՝ սահմանների հետ կապված բոլոր խնդիրները լուծելու, անվտանգության իրավիճակը բարելավելու եւ սահմանազատման հարցում առաջընթացի հասնելու համար, եւ կոչ է անում, որպեսզի ԵՄ-ն միջազգայնորեն նպաստի սահմանագծման գործընթացին՝ վստահելիություն, արդարություն եւ կայունություն ապահովելու նպատակով:

Ողջունելով Հայաստանում ԵՄ մոնիթորինգային առաքելության աշխատանքը, որն ավարտեց իր գործունեությունը 2022թ. դեկտեմբերի 19-ին, Եվրոպական խորհրդարանը ողջունում է 2023թ. փետրվարի 20-ին ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի հայկական կողմի երկայնքով՝ Հայաստանի սահմանամերձ տարածքներում կայունությանը նպաստելու, վստահության ամրապնդման, վստահության խթանման, կայունության ամրապնդման եւ երկու կողմերի միջեւ երկխոսության հաստատման նպատակով, ողջունում է Հայաստանի պատրաստակամությունը՝ աջակցելու առաքելությանն իր տարածքում եւ կոչ է անում Ադրբեջանին թույլ տալ ԵՄ դիտորդների ներկայությունը նաեւ սահմանի իր կողմից:

Եվրոպական խորհրդարանը մտահոգություն է հայտնում հայ բանտարկյալների՝ ինչպես զինվորականների, այնպես էլ քաղաքացիական անձանց ճակատագրով, որոնք կալանավորվել են Ադրբեջանի կողմից հակամարտության ընթացքում եւ դրանից հետո եւ դեռ պահվում են, հիշեցնում է, որ ե՛ւ Հայաստանը, ե՛ւ Ադրբեջանը հանդիսանում են Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին Ժնեւի կոնվենցիայի (III) կողմեր, որը սահմանում է, որ ռազմագերիներին պետք է միշտ մարդավայել վերաբերվել եւ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո նրանք պետք է անվերապահորեն ազատ արձակվեն եւ առանց հետաձգման հայրենադարձվեն, եւ կոչ է անում անհապաղ եւ անվերապահ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին, ներառյալ վերջին ռազմական առճակատումների ժամանակ գերեվարվածներին, եւ նրանց հետ վարվել միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն:

Բանաձեւով փաստում են, որ սարսափած են այն կադրերից, որոնք պատկերում են Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ կին զինծառայողի եւ անզեն հայ ռազմագերիների խոշտանգումները, անդամահատումները եւ սպանությունները, եւ դատապարտում է դրանց հրապարակային տարածումը, կոչ են անում ամբողջական եւ անկողմնակալ հետաքննել տեսանյութերը՝ բացահայտելու մեղավորներին եւ պատասխանատվության ենթարկելու իրենց գործողությունների համար, դատապարտում են խոշտանգումների եւ բռնի անհետացման բոլոր դեպքերը, այդ թվում՝ զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաեւ դաժան վերաբերմունքը եւ մարմինների պղծումը, եւ ընդգծում են, որ այդ գործողությունները հակասում են Ժնեւի կոնվենցիաներին, որոնք վավերացվել են Ադրբեջանի կողմից եւ կարող են հանդիսանալ ռազմական հանցագործություն:

Ամփոփումը` վաղվա համարում:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 21.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031