Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ դատական նախնական նիստը նախարարը նշանակում կատարեց

Մարտ 22,2023 13:30

Չեմ կարծում, թե ՀՀ կրթության եւ գիտության նախարարը լավություն արեց ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով Դավիթ Գյուրջինյանին, այն էլ «դիպուկահարների», այն է՝ ոստիկանական ուժերի ներգրավմամբ մի վայրում, որի անհրաժեշտությունը չկար, ոչ դասախոսներն էին հանդիպման եկել զինված, ոչ ուսանողներն՝ առավել եւս: Ներկայացնելով Դ. Գյուրջինյանին, հղում կատարվեց «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասին, համաձայն որի՝ «Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է երեք անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ»։

Հավանաբար չեք մոռացել, որ 2021 թվականին ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը հետեւյալ պատճառաբանությամբ, որ նշված օրենքի նախագծում նախատեսվել էր «գործադիր իշխանության գերակայություն բուհերի կառավարման խորհուրդների կազմերը ձեւավորելու հարցում»։

Մարտի 15-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի գիտական խորհրդի անդամներին ներկայացրեց բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար, բանասիրական գիտությունների թեկնածու Դավիթ Գյուրջինյանին: Իսկ մարտի 21-ին Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում հրավիրվել է նախնական հերթական դատական նիստը՝ բուհի հետ կապված… Չեմ կարող ենթադրել, թե հայցվորը, ով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է այլեւս, ինչ մարտավարություն, հայցի ինչ ծավալ-պահանջ կարող է ներկայացնել մարտի 21-ին: Կհրաժարվի՞ հայցապահանջից, մանավանդ, առանց դատարանի որոշմամբ, նրա պահանջը այլեւս կատարված է, բուհի պատասխանատուն է:

Հիշեցնեմ նրա հայցապահանջը՝ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի ռեկտորի ընտրությունների արդյունքները հաստատելու մասին 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությամբ արձանագրված ռեկտորի ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելը եւ այն վերացնելը:

Նախարարն, ի դեպ, ներկայացնելով ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, ասաց. «Համաձայն հիմնադրամների մասին» օրենքի՝ 2-ամսյա ժամկետում հոգաբարձուների խորհուրդ չձեւավորելու հետեւանքով, որոշվել է ստեղծել ժամանակավոր խորհուրդ, որն առավելագույնը 6-ամսյա ժամկետով պետք է իրականացնի անհրաժեշտ քայլերը՝ խորհրդի ձեւավորում, ժամանակավոր պաշտոնակատարի նշանակում եւ այլն»: Նախարարը նաեւ ասաց, որ «այս ընթացքում բուհին առնչվող իրավական գործընթացները հանգուցալուծում կստանան» եւ՝ «հիմք ընդունելով դատական որոշումները, կարվեն հաջորդ քայլերը»:

Դեռեւս 2022 թվականի դեկտեմբերի 29-ին դատարանի որոշմամբ Դ. Գյուրջինյան- հայցվորի միջնորդությունը բավարարվեց մասնակի, եւ որպես հայցի ապահովման միջոց արգելվեց «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին աշխատանքային պայմանագիր կնքել Կարինե Հարությունյանի հետ, իսկ միջնորդությունը` Կարինե Հարությունյանի գործունեությունը մինչեւ սույն գործով վերջնական դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը կասեցնելու մասով, դատարանը մերժեց:

Հայցվոր Դավիթ Գյուրջինյանը չներկայացավ անգամ հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստին:

Պատասխանողի գնահատմամբ՝ առանց ռեկտորի ուսումնական հաստատությունը պարզապես չի կարող իրականացնել իրեն վերապահված լիազորությունները, գործառույթները, մասնավորապես, խորհրդի հաստատմանը ներկայացնել համալսարանի զարգացման ռազմավարական ծրագրեր, հաստատել համալսարանի աշխատողների թիվը, հաստիքացուցակը, բյուջեն, աշխատանքից ազատման կամ այլ աշխատանքի տեղափոխման, արտերկրի եւ տեղական գործընկերների հետ բանակցությունների վարման, պայմանագրերի կնքման գործառույթներ:

Այս տարվա հունվարի 17-ին Կ. Հարությունյանի ներկայացուցիչ Ա. Սարդարյանի կողմից միջնորդություն ներկայացվեց դատարան՝ հայցի ապահովման միջոցը վերացնելու պահանջի մասին: Փետրվարի 6-ին դատավոր Հ. Ջալալյանը կայացրեց որոշում «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին»: Դատարանն արձանագրեց. «Հայցվոր Դավիթ Գյուրջինյանի կողմից որեւէ դիրքորոշում չի ներկայացվել»: Ինչպես պետք է ներկայացվեր, եթե հայցվորը դատարան չէր ներկայացել: Երրորդ անձ ճանաչված ՀՀ կառավարության կողմից որեւէ դիրքորոշում նույնպես չի ներկայացվել, քանի որ երրորդ անձի կողմից նույնպես չի ապահովվել ներկայացուցչի մասնակցությունը հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման համար նշանակված դատական նիստին:

Միջնորդության ժամանակ, պատասխանող կողմը կանխատեսելով գլխին գալիքը, ճանապարհ էր ցույց տվել դատարանին, հայտնելով. «ՀՀ գործող օրենսդրությունը կարգավորել է նմանատիպ իրավիճակների իրավական ելքերը, այսինքն` ռեկտորի ընտրության արդյունքների վիճարկման եւ անվավեր ճանաչելու դեպքում ինչ հետեւանքներ է առաջանում, ինչը նշանակում է, որ իրավունքի բաց առկա չէ»: Դատարանում պատասխանողի ներկայացուցիչը վկայակոչելով «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը` հայտնել էր նաեւ, որ ռեկտորի ընտրության արդյունքների անվավերության իրավական հետեւանքը օրենքի ուժով ռեկտորի նոր ընտրության նշանակումն ու անցկացումն է: Դա նշանակում է, որ «Վ. Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 09.12.2022 թվականի նիստի թիվ 5 արձանագրությունն անվավեր ճանաչելու եւ վերացնեյու դեպքում, օրենքով սահմանված կարգով կնշանակվի ռեկտորի նոր ընտրություն, ուստի դատական ակտի կատարման անհնարինություն, կամ կատարման գործընթացի դժվարություն օբյեկտիվորեն չի կարող առաջանալ:

Ըստ պատասխանողի՝ հայցի ապահովման ինստիտուտի պարագայում ընդհանուր շահերի եւ մասնավոր անձի հիմնարար իրավունքների միջեւ հավասարակշռության պահպանման հարցի պարզումը յուրաքանչյուր դեպքում հարկ է իրականացնել հաշվի առնելով ապահովման ենթակա հայցի տեսակը եւ առարկան, հայցագինը, ձեռնարկված հայցի ապահովման եղանակը: Մասնավորապես՝ որքանով է պիտանի եւ անհրաժեշտ տվյալ հայցի ապահովման միջոցի կիրառումը նմանատիպ հայցապահանջներով: Պատասխանողի ներկայացուցիչը, հաշվի առնելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 128-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հայցի ապահովման միջոց ձեռնարկելու պայմանը, այն է` դատական ակտի կատարման անհնարինության կամ դժվարության հավանականությունը, նշել էր, որ օրենսդիրը հայցի ապահովման միջոցի կիրառումը հնարավոր է համարում այն դատական ակտերի կապակցությամբ, որոնք ենթադրում են կատարում: Հետեւաբար, եթե դատական ակտը կատարում չենթադրող դատական ակտ է, օբյեկտիվորեն չի կարող ծագել նաեւ դրա կատարման անհնարինության կամ կատարման գործընթացի դժվարացման հավանականություն, ըստ այդմ՝ նաեւ հայցի ապահովման միջոց կիրառելու անհրաժեշտություն:

Սակայն մի բան պարզ է, որ արտադատարանական իրականության մեջ, ՀՀ կառավարությունը, խախտելով բուհական ինքնակառավարման եւ ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության դրույթը (38-րդ հոդվածի 3-րդ կետ), Բրյուսովի անվան պետական համալսարանի կանոնադրությունը, ձեւավորել է ԲՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ, որն էլ, դեմ գնալով բուհի կոլեկտիվին, ԲՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել։

Բուհական փորձագետների հակափաստարկը հենց դա է. «Հիմնադրամների մասին» օրենքի այս դրույթը չի կարող վերաբերել հիմնադրամի կազմակերպաիրավական ձեւ ունեցող բուհերին, քանի որ այսկերպ խաթարվում է բուհական ինքնակառավարման եւ ակադեմիական ազատությունների մասին ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի 3-րդ կետը, իսկ Սահմանադրությունը գերակա է օրենքի նկատմամբ։

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության նշված դրույթի համանման խախտմամբ 2021թ. ամռանը գործող իշխանությունները ձեւավորեցին ԵՊՀ կառավարման ժամանակավոր խորհուրդ եւ կատարեցին ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի նույնօրինակ նշանակում։ Իսկ հինգ տարի առաջ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտում: Լիլիթ Արզումանյանին այդպես էլ բախտ չվիճակվեց պաշտոնավարել՝ որպես ռեկտոր:

Լուսանկարները՝ Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից

«Առավոտ» օրաթերթ
21.03.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031