Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր անվտանգությունը կարող է ապահովվել ոչ թե խաղաղության պայմանագրի ստորագրմամբ, այլ` ուժերի հավասարակշռության վերականգնմամբ»․ Սոս Հակոբյան

Մարտ 21,2023 23:00

«Արտաքին քաղաքականություն, պաշտպանություն, ազգային անվտանգություն․ մենք այս երեք ոլորտներում էլ ունենք բացարձակ ձախողված իրավիճակ»,-«Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով պանելային քննարկման ժամանակ ահազանգեց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը։

Արտյոմ Ծառուկյանի կարծիքով՝ թշնամին ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ հավակնություններ ունի․ «Այստեղ հակամարտությունը միայն Արցախի հարցով չի սահմանափակվում։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ավելի շատ կետեր փաստացի չեն կատարվում, և ճիշտ հակառակ գործընթացն է գնում։ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, փոխարենը ՀՀ-ն իր պարտավորությունները լիարժեք կատարում է»։

Արտյոմ Ծառուկյանի վստահեցմամբ՝ եթե մեր սահմանի վրա մեր երկիրը չպաշտպանենք, վաղն այդ խնդիրն ունենալու ենք մայրաքաղաքում, մյուս քաղաքներում, Արցախը չենք պաշտպանում, խնդիրը դառնալու է Սյունիքը, Սյունիքը չենք պաշտպանում, խնդիրը լինելու է Տավուշը, Տավուշը չենք պաշտպանում, Գեղարքունիքին է հերթը հասնելու»։

Ըստ նախկին պատգամավորի՝ այս փուլում Իլհամ Ալիևի ցանկությունը ոչ թե Արցախն է, այլ Լաչինի ճանապարհի միջոցով հասնել ՀՀ-ի հետ բանակցությունների Լաչինի ճանապարհի մասով, որպեսզի ստանա Սյունիքով ճանապարհ դեպի Նախիջևան։ Արտյոմ Ծառուկյանը վստահեցրեց՝ դրանով ՀՀ պատմության վերջին էջը կփակենք։

«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը խոսեց այն մասին, թե ՀՀ իշխանությունների գործողությունները որքանո՞վ են նպաստում ՀՀ անվտանգությանը․ «Ցանկացած գործողություն պետք է դիտարկել՝ արդյոք այս քայլը օգնե՞ց, թե՞ վնասեց պետության անվտանգությանը։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ի տեղակալին, երբ հետ ենք կանչում, դա օգնե՞ց մեր անվտանգությանը։ Եթե ասում ենք, որ ՀԱՊԿ-ը դուրս է գալիս ՀՀ-ից, և ագրեսիվ, փոքր-ինչ նաև անսովոր անտակտությամբ պրովոկացիա ենք անում, որ նման պատասխան ստանանք ռուսական գործընկերներից, դա օգնո՞ւմ է, թե՞ վնասում մեր անվտանգությանը։ Երբ խոսում ենք խաղաղության պայմանագրից, բոլորս էլ գիտենք, որ կա նախագիծ, հարց է առաջանում՝ ո՞րն է լինելու կյանքն այդ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո։ Վերջապես ի՞նչ է գրված այդ խաղաղության պայմանագրում։ Մեր նպատակը պետք է լինի ոչ թե ստորագրելը այդ պայմանագիրը, այլ դրա միջոցով տանելի կենսական պայմաններ ստեղծելը, որ վաղն ունենանք հնարավորություն մեր պետության ինքնիշխանությունը վերականգնելու համար։

Պետք է հասկանանք՝ որոնք են այն պայմանները, որ կարգավորում են մեր ու Ադրբեջանի հարաբերություններն այսպես կոչված խաղաղության պայմանագրից հետո։ Եթե, օրինակ, վաղն էթնիկ զտումներ սկսվեն Արցախում, այդ պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ-ն ի՞նչ պիտի անի, շարունակի թողնել, որ ադրբեջանական բեռնատարները՝ լինեն տնտեսական ապրանքներ, զինտեխնիկա, զինամթերք, անցնե՞ն ՀՀ սահմանով Նախիջևանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ։ Այսպիսի հարցեր կան, որ մենք մեզ դնելու ենք փակուղու առաջ։ Առանց իրական լուծում տալու ԼՂ հակամարտությանը հնարավոր չէ կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները։ Իսկ ԼՂ հակամարտությունն այս ձևով կարգավորելու՝ անհնար լինելը պարզ մի բան է։ Սկզբում ՀՀ իշխանություններն ասացին, որ այդ պայմանագրում ԼՂ-ի մասին խոսք չի լինելու, հետո, տուրք տալով ադրբեջանական ճնշումներին, ասացին՝ լինելու է իրավունքների վերաբերյալ հայտարարություն։ Հարց է առաջանում՝ մենք՝ հայկական կողմը, ի՞նչ է տալիս խաղաղության պայմանագրի դիմաց, տալիս է անկլավնե՞ր, թե՞ ոչ, Արցախը ճանաչում է Ադրբեջանի կազմո՞ւմ, թե՞ ոչ։ Եթե տալիս է այդ անկլավները, դրանից հետո մեր կամ որևէ այլ զինված ուժերը բնագծերի դասավորվածությամբ կարողանալո՞ւ են ապահովել մեր անվտանգությունը, թե՞ ոչ։ Որո՞նք են լինելու այն գործիքները, որոնք զսպելու են թշնամուն»։

Անդրադառնալով այն հարցին՝ ո՞րն է Ադրբեջանի հավակնությունների գագաթնակետը, Սոս Հակոբյանն ասաց․ «Աշխարհի քաղաքականությունը, երկրների պատմությունը և հատկապես այս ժամանակահատվածը ցույց է տալիս, որ նման չափանիշ չկա։ Ինչքան հնարավոր լինի մեր հարևան պետությունները՝ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանային մրցակցության պայմաններում ցանկանալու են ստանալ։ Չկա այնպիսի կետ, որի շուրջ հնարավոր է բարիշել և այլևս միմյանց նկատմամբ նկրտումներ չունենալ։ Հետևաբար մեր անվտանգությունը կարող է ապահովվել ոչ թե պայմանագրի ստորագրմամբ, այլ ուժերի հավասարակշռության վերականգնմամբ»։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031