«Մեր նպատակը մեկն էր՝ ցույց տալ, որ մեր պայքարի ուղուց չենք շեղվել, իմ պայքարը 2020 թվականի նոյեմբերի 9-ից առ այսօր չի փոխվել»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ ԿԿ անդամ, Արցախի երիտասարդական միության պատասխանատու Ալյոնա Գրիգորյանը:
ՀՅԴ երիտասարդական միության Կենտրոնական վարչությունն այսօր, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «100 օր. շրջափակված Արցախ» խորագրով ակցիա էր կազմակերպել՝ մեկ անգամ հիշեցնելով, որ արդեն 100 օր Արցախի 120 հազար բնակիչները գտնվում են շրջափակման մեջ, իսկ աշխարհը լուռ է՝ Ադրբեջանի անմարդկային քաղաքականության դեմ:
Ալյոնա Գրիգորյանը նաեւ հայտարարեց, որ Արցախում մարդիկ հուսահատված եւ ընկճված չեն, դժվարությունների դեմ չեն ընկրկելու, ավելին, բավական մարտական են տրամադրված՝ ինքնորոշման եւ սեփական հողում ազատ ապրելու իրենց իրավունքը պաշտպանելու հարցում եւ շարունակելու են պայքարել:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը տեղեկացրեց նաեւ, որ Արցախի շրջափակման 100 օրվա առիթով աշխարհի տարբեր ծայրերում, ՀՅԴ կառույցները այսօր եւ առաջիկա օրերին տարբեր տեսակի ակցիաներ են կազմակերպվելու. «Ցույց տալու համար, որ Արցախը շարունակում է մնալ շրջափակման մեջ, իսկ աշխարհը միայն խոսում է, որեւէ գործողություն, որեւէ քայլ՝ շրջափակումը վերացնելու համար, չի կատարվում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները` «Ապառաժի»