Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս պատգամավորական խմբի անդամներին՝ խմբի փոխնախագահ Թաբեա Ռյոսների գլխավորությամբ:
Վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Գերմանիայի հետ գործընկերությունը, և իր՝ ս.թ. մարտի 2-3-ը ԳԴՀ այցից կարճ ժամանակ անց Բունդեսթագի պատվիրակության այցը Հայաստան վկայում է, որ երկու երկրների փոխհարաբերությունները դինամիկ զարգանում են: Անդրադառնալով ԳԴՀ իր կատարած այցին՝ Նիկոլ Փաշինյանն արդյունավետ է գնահատել այն և նշել, որ Բեռլինից վերադարձել է ջերմ տպավորություններով:
Թաբեա Ռյոսների խոսքով՝ Բունդեսթագի պատգամավորների այցը ՀՀ արդյունավետ երկխոսության շարունակականության դրսևորում է, որի շրջանակում իրենք արդեն իսկ հանդիպումներ են ունեցել խորհրդարանական գործընկերների, կառավարության ներկայացուցիչների հետ:
Կարդացեք նաև
Զրուցակիցները կարևորել են միջխորհրդարանական կապերի դերը ՀՀ-ԳԴՀ համագործակցության զարգացման առումով և քննարկել երկկողմ օրակարգի հարցեր:
Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին և կարևորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգի կայացումը, կոռուպցիայի դեմ պայքարը, թափանցիկության ապահովումը Կառավարության առօրյա աշխատանքի օրակարգում գտնվող առաջնահերթություններ են, և մեր երկիրն առաջ է շարժվում բարձր նշաձող ապահովելու ուղիով: Թաբեա Ռյոսներն էլ հավելել է, որ Գերմանիան կուղեկցի Հայաստանին այդ ճանապարհին: Արծարծվել են կանանց ներգրավվածության խթանմանը, վերականգնվող էներգետիկայի, շրջակա միջավայրի ոլորտներում փոխգործակցությանն առնչվող հարցեր ևս:
Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի, անվտանգային մարտահրավերների, խաղաղության օրակարգի շուրջ: Այս համատեքստում վարչապետը կարևորել է ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության դերը:
Անդրադարձ է եղել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված ճգնաժամին: Խնդրի կարգավորման առումով կարևորվել է միջազգային հանրության հետևողական հասցեական արձագանքը, Արդարադատության միջազգային դատարանի՝ ս.թ. փետրվարի 22-ին հրապարակված որոշման կատարումը Ադրբեջանի կողմից:
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ